HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Ուսուցիչ մորս «Messenger» -ի ձայնը չի լռում

Երեկ կեսգիշերին Կրթության գիտության մշակույթի եւ սպորտի նախարարությունը հաղորդագրություն տարածեց՝ կոչ անելով ուսուցիչներին մինչեւ ապրիլի 20-ը էլեկտրոնային մատյաններում լրացնել աշակերտների՝ հունվար ամսից մինչեւ այժմ եղած գնահատականները, դասերի թեմաներն ու տնային առաջադրանքները։ Եւ արդեն մի ամբողջ օր է՝ լսում եմ մորս խոսքերը՝ ինչպե՞ս եմ հասցնելու, կօգնե՞ս՝ արագ լրացնենք....

Ընդամենը մի ամիս առաջ՝ մինչեւ արտակարգ դրություն սահմանելը, մորիցս հաճախ էի լսում խոսքեր այն մասին, թե ինչպես է հեռախոսը ճառագայթում եւ վնասում մարդու ուղեղը։ Մայրս, երբ տեսնում էր ինձ՝ հեռախոսի մեջ կլանված, անընդհատ ասում էր՝ հերիք է էլի, դուրս արի էդ մեսինջերից, էդ ֆեյսբուքից, մեզ հետ շփվիր, ուղեղդ բթացնում ես, աղջիկ ջան։ Նա լավ էր գիտակցում, որ ամենաօրյա աշխատանքս կապված է համակարգչի, համացանցի եւ նույն այդ մեսինջերի կամ ֆեյսբուքի հետ, սակայն  անհանգստանում էր, որ ազատ ժամանակս էկրանների առաջ չանցկացնեմ։

Արտակարգ դրությունը փոխել է գրեթե ամեն ինչ. հիմա մորս փոխարեն ես եմ կրկնում ՝ «մա'մ, հերիք է, դուրս արի էդ մեսինջերից, վայբերից», «մա'մ, էդ երեխեքը ժամ-պատարագ չունեն, որ ժամին ասես, նամակ են ուղարկում», «մա'մ, ավարտիր, արի հաց ուտենք» կամ նմանատիպ նախադասություններ, որոնք սովոր էի ոչ թե ինքս ասել, այլ լսել։

Մայրս հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի է, դասավանդում է հիմնական դպրոցի 4 դասարաններում։ Արտակարգ դրության մեկնարկից հետո անցել է հեռավար ուսուցման. եւ' սովորեցնում է, եւ' սովորում։

Նոր տեխնոլոգիաները, դասավանդման նոր մեթոդները եւ դրանց արագ կիրառումը բարդություններ են առաջացնում աշակերտների եւ ուսուցիչների համար։

Հազիվ էին «Dasaran.am»-ից ազատ շունչ քաշել, հիմա էլ օնլայն դասեր՝ տեսադասեր, «Zoom», «Viber», «Messenger», հավելվածներ ու.... ։

Մի ամիս է՝ առավոտն արթնանում եմ մորս ձայնից. դաս է անում։

Նրա հետ խոսելիս կատակում եմ, թե մեր հարեւանները հասցրել են սովորել  Տերյանի բոլոր բանաստեղծությունները, բայի սահմանական եղանակը, դիմում գրելու ձեւը։ Բայց գիտեք նա ուսուցիչ է, եւ իր համար կարեւոր է, որ բոլոր աշակերտներին հասցնի գիտելիքը, տնային առաջադրանքի էջերի մասին բոլորը տեղյակ լինեն, այսինքն միայն 40 րոպեն չի հերիքում, եւ մի հարթակը եւս բավարար չէ. Ի՞նչ անեն աշակերտները, որոնց ինտերնետ կապը թույլ է,  «Zoom» ծրագիրը  «դուրս է գցում», ինչ անեն նրանք, որոնք չեն կարողանում ներբեռնել «Viber», «Whatsapp» եւ այլ ծրագրեր։

Առավոտյան միանում են  «Messenger» -ի ձայները, ամեն դասարան իր նամակագրությունն է վարում. տնայինն են հարցնում, «Zoom»-ի հրավերի լինքերն են ստանում, մեկ-մեկ էլ տարատեսակ նկարներ ու գիֆեր ուղարկում։ Նամակների ծնգծնգոցներն ավարտվում են միայն կեսգիշերն անց։  

Թվում է՝ դասերն ու տեխնիկական դժվարություններն արտակարգ դրության օրերին այն ամենն են, ինչ պետք է մտահոգի ուսուցիչներին, բայց նախարարությունը որոշել է, որ ուսուցիչները կարող են այս ամենի հետ մեկտեղ լրացնել նաեւ էլեկտրոնային մատյանները։

Այսօր լսում էի նաեւ հեռախոսային խոսակցությունները մորս եւ կոլեգաների միջեւ՝ իսկ ինչպե՞ս հասցնել մի քանի օրում (մինչեւ ապրիլի 20-ը ներառյալ) այդքան թվանշան լրացնել ու միեւնույն ժամանակ դաս անել, դասից «բացակայողների» հետ կապ հաստատել, խոսել, նորից բացատրել։

Մինչ խոսակցությունը ընթանում էր, նորից բացեցի նախարարության ֆեյսբուքյան էջը, հայտարարությունը նորից կարդացի, որին հետեւեց մեկնաբանությունների շարքը։

Ուսուցիչները լարված իրավիճակում չեն կորցնում հումորի զգացումը. «Հիմա ավելի լավ չէ՞ր՝ մենք էլ մի շոր առնելու համար հասնեինք Իտալիա, հետո էլ մեկուսացնեին «Պալասում»...., Ապրիլի 20-ը ուշ է, մինչեւ ապրիլի 16-ը գրեիք, գիշերը կգնայինք դպրոց եւ կաշխատեինք...., Այստեղ են ասում, ասենք տարա, բա որ կատուն գա ինձ վրա (նկատի ունի կորոնավիրուսով վարակվելը, - հեղ. )։

Մեկնաբանություններում ուսուցիչները հիշեցնում են, որ իրենք էլ ունեն հանգստի, առողջության, ազատության իրավունք, ունեն տուն, երեխա, ընտանիք....

Վաղը նորից կարթնանամ մորս «Messenger»-ի ձայնից....

Մեկնաբանություններ (1)

Սոֆյա
երևի որ սկսենք բողոքել, որ մեր ծնողները չեն հասցնում էտքան դաս անել ու լրացնել օնլայն մատյանները, կասեն, դե եթե չեն հասցնում տեխնոլոգիաներին վարժվել, թող երիտասարդները դաս տան, փոխարինեն մեծերին, ու իհարկե կունենանք էյջիզմի, խտրականության վառ ապացուցյներ, բայց նաև պետքա հասկանանք, որ շատ մեծ թվով մեծահասակներ են դասավանդում դպրոցներում, ու իրանց բոլորին չես էլ փոխարինի երիտասարդներով, էլ չեմ ասում, որ ես, որպես մի դպրոցի խորհրդի անդամ, գիտեմ, որ երիտասարդներին առանձնապես չի էլ հետաքրքրում նման ցածր վարձատրվող ու բարձր դիմացկունություն պահանջող աշխատանքներում ներգրավել, էնպես որ լավ կլինի էսպիտի հրահանգներ տվողները մի քիչ երկար մտածեն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter