HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Մարալիկի «կորոնավիրուսային առեղծվածը». մեկ օրից պարզ կլինի` կիրականացվեն խստացված միջոցառումներ բնակավայրում, թե ոչ

Ապրիլի 6-ին կորոնավիրուսային հիվանդության հետեւանքով մահացած մարալիկցի 68-ամյա տղամարդու վարակման աղբյուրի հետ կապված առ այսօր որեւէ հստակեցում չկա: Դեպքի ի հայտ գալուց մինչեւ օրս միակ տեղեկատվությունն այն է, որ որսի սիրահար անձն առանձնապես շփվող չի եղել, արտերկրից չի եկել, հիվանդ մարդու հետ չի շփվել, սակայն ունեցել է մի քանի ուղեկցող բարդ հիվանդություններ: Ապրիլի 15-ի տվյալներով` մարալիկցի 9 բուժաշխատողի թեստերի արդյունքները  դրական են եղել:

Հիշեցնենք, որ Լ. Ա.-ն, առողջության վատթարացման հետ կապված նախ դիմել էր Մարալիկի, հետո Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց եւ մինչեւ Երեւան տեղափոխվելը, մի քանի օր գտնվել է Գյումրու ԲԿ-ում: Ապրիլի 6-ին, Գյումրու բժշկական կենտրոնի 29 աշխատակիցների մեկուսացրել էին քաղաքի հյուրանոցներից մեկում:

Մարալիկի կորոնավիրուսային մյուս առեղծվածն էլ թերեւս այն է, որ տեղի հիվանդանոցի աշխատակիցների շրջանում առաջին բողոքն ու նմուշառման դրական արդյունքը գրանցվել է ոչ թե հիվանդի հետ անմիջական շփում ունեցած բուժաշխատողների, այլ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի աշխատակցուհու մոտ: Ներկայում Մարալիկի 10 բուժաշխատող, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուսը, գտնվում են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, վերջիններս չունեն ուղեկցող հիվանդություններ: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի Շիրակի մասնաճյուղում որոշում է կայացվել նմուշառում կատարել նաեւ Մարալիկի հիվանդանոցի 70 աշխատակիցների շրջանում:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ապրիլի 16-ին մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ նմուշառման պատասխանների արդյունքները հնարավորություն կտան իրենց ավելի հստակ քայլեր ձեռնարկել: Մարալիկի հիվանդանոցը ներկայում փակ է, բնակիչների բուժսպասարկումը իրականացնելու են Գյումրու եւ Արթիկի հիվանդանոցները: Կփակվի՞ բնակավայրը որոշակի ժամանակ, կխստացվի  արդյոք ելքն ու մուտքը քաղաք՝ պարզ կդառնա միայն մեծաքանակ թեստավորման պատասխաններից հետո, որոնց արդյունքներին սպասում են այսօր երեկոյան:

«Դեռ չգիտենք` ինչ խստացումներ կլինեն Մարալիկի համար, սակայն հնարավոր ամեն ինչ արվում է բոլոր կոնտակտները բացահայտելու ուղղությամբ: 70 բուժաշխատողից կատարված նմուշառումներն ուղարկել ենք Վանաձոր, ասել են, որ պատասխանը մեկ օրից կլինի: Հետագա միջոցառումները կձեռնարկենք միայն այդ պատասխաններից հետո: Նախկինում պիտի առկա լիներ էպիդ անամնեզ, որ մարդուն թեստավորեին, հիմա կա կարգադրություն, որ բոլոր բուժհաստատությունները բողոքով իրենց դիմող անձանցից կարող են կատարել նմուշառում: Եթե երեք օր առաջ նման հնարավորություն ուներ միայն Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը, հիմա, եթե անձն ունի թոքաբորբի սիմպտոմներ, ապա իրեն սպասարկող պոլիկլինկայում եւս կարող է դիմել նմուշառման համար: Սա ավելի է հեշտացնում հիվանդների բացահայտումը»,- նշեց Տիգրան Պետրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter