HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Տիկին Հասմիկը համաճարակի օրերին

Հասմիկ Միդյանը կենսաբան է։ Մոտ 30 տարի աշխատել է  մանրէաբանության ինստիտուտում։ Բրոնխիալ ասթմայի պատճառով տասը տարի է՝ չի աշխատում։ Ապրում է Երեւանում, մենակ է։ Քույր ունի, որի հետ հաճախ չեն հանդիպում. վերջինս աշխատում է, բայց ամեն օր հեռախոսով խոսում են։ 

Արտակարգ դրություն հայտարարելուց հետո Հասմիկ Միդյանը տնից գրեթե դուրս չի գալիս։ Միայն այցելում է մոտակա խանութ, գնումներ անում։ Պահպանում է հիգիենայի կանոնները. տուն մտնելիս ախտահանում է ձեռքերը, լվանում պայուսակը, բանալին։

73- ամյա կինը երկրորդ խմբի հաշմանդամություն ունի, չի կարողանում ինքնուրույն կատարել տան գործերը (հատակ, պատուհան մաքրել, լվացք անել, արդուկել), բայց կերակուրն ինքն է պատրաստում։ Ասում է ՝ խոհանացն իմն է։ «Ով համտեսում է իմ աղցանները, գոհ է մնում։ Օգտագործում եմ համեմունքներ, սիրում եմ քաղցր տոմատ, քացախ, դրանք յուրօրինակ են դարձնում պատրաստածս», - ասում է Հասմիկ Միդյանը։

Նա սիրում է ֆիլմեր դիտել, երաժշտություն լսել։ Քաղաքականությանը, լուրերին, անցուդարձին եւս հետեւում է։

Աշխատանքային տարիները հպարտությամբ է հիշում, ասում է, որ ժամանակին հայ կենսաբանները լավ արտադրանք են կարողացել ապահովել, նույնիսկ դեպքեր են եղել, երբ հետազոտության արդյունքներով հետաքրքրվել են արտերկրից։

«Կար ժամանակ, որ նույնիսկ Ճապոնիան Հայաստանից կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ փաթեթներ է գնել։ Իսկ հիմա պետք է հույսը դնենք դրսից եկած մասնագետների վրա, քանի որ նոր փոփոխություններ են պետք, իսկ տեղական կադրերն արդեն իրենց սպառել են», - ասում է Հասմիկ Միդյանը, հետո հիշում ուսանողական տարիները (սովորել է ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետում)։ Ուսանողական շրջանում եղել է Մոսկվայում, Կիեւում, շրջագայել Լեհաստանում։

Տիկին Հասմիկը մոտ 4 տարի է՝ օգտվում է «Առաքելություն Հայաստան» կազմակերպության խնամքի եւ սոցիալ-առողջապահական ծառայությունից, նրան օգնում են տնային գործերում։

Մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը «Հետքի» աշխատակիցներով մտադիր էինք բարեգործական մի քանի կազմակերպության աշխատակիցների հետ այցելել օգնության կարիք ունեցող տարեցներին, մասնակցել նրանց խնամքի աշխատանքներին, սակայն տարեցների առողջությունը եւ անվտանգությունը պահպանելու համար չայցելեցինք։

Մենք կարողացանք միայն հեռավար զրուցել, իսկ տեսանյութը տրամադրեցին «Առաքելություն Հայաստան» կազմակերպության աշխատակիցները։

Հասմիկի տուն այցելած աշխատակիցը Էմմա Օհանյանն է։

Տիկին Հասմիկի հետ խոսում են սերիալներից, տարեցների նկատմամբ հարգանքից, տնային բույսերի խնամքից եւ նոր ակնկալիքներից։

Տեսանյութը՝ «Առաքելություն Հայաստան»-ի, մոնտաժը՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter