HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Զարեհ Սինանյանին ուղղված դիմումները մեծ մասամբ վերաբերում են Հայաստան վերադառնալուն 

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը քիչ առաջ կայացած ասուլիսին հայտնեց, որ շարունակում են մասնագիտական վեբինարներ կազմակերպել Սփյուռքի և Հայաստանի մասնագետների համար։ Այս պահին հիմնականում կենտրոնանում են առողջապահական ոլորտի վեբինարների վրա։

«Այդ իմաստով ունեցել ենք շատ հաջող մտքերի փոխանակում Սփյուռքի մեր բժիշկների և Հայաստանի բժիշկների միջև։ Մասնակից բժիշկները գտնում են, որ մտքերի և փորձի նման փոխանակումը շատ կարևոր է, որովհետև, փաստորեն, մենք նույն մարտահրավերն ունենք՝ անկախ նրանից, թե որտեղ ենք բնակվում, և բժիշկներն ամեն օր նոր փաստեր են սովորում այս վիրուսի, այն հաղթահարելու ձևերի մասին։ Հետևաբար, շատ կարևոր է ռեալ ժամանակով մեր կապը պահպանենք մեր մասնագետ հայրենակիցների հետ»,-նշեց Զարեհ Սինանյանը։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի խոսքով՝ պլանավորում են վեբինար-քնարկումների ոլորտն ընդլայնել, կազմակերպել նոր քննարկումներ։ Այդ ուղղությամբ այս պահին աշխատում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների հետ։

Զարեհ Սինանյանը տեղեկացրեց, որ այս պահին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ աշխատում են՝ սփյուռքի աջակցության ջանքերը կոորդինացնելու համար։

Զարեհ Սինանյանի խոսքով՝ Հայաստանում երբ դեռ նոր էր տարածվում կորոնավիրուսը, Լոս Անջելեսում բնակվող բժիշկները մի քանի օրերի ընթացքում մեկ տոննա բժշկական գույք են ուղարկել Հայաստան։ Մասնավորպես՝ առողջապահական սարքավորումներ և պաշտպանիչ միջոցներ։

Զարեհ Սինանյանն ուրախությամբ նշեց, որ Միացյալ Նահանգների հայ բժիշկները փորձի փոխանակման առումով շատ ակտիվ են։ Ասաց՝ ուրախ կլիներ, եթե այդ փորձի փոխանակման վեբինարներին միանային նաև Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի և Ուկրաինայի հայ բժիշկները։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին ուղղված դիմումները մեծ մասամբ վերաբերում են Հայաստան վերադառնալուն։ Սինանյանը նշեց, որ իրենց օգնության են դիմում Արևմտյան Սփյուռքից, Իրանից, Լիբանանից, սակայն Ռուսաստանից դիմորդների թիվը անհամեմատ մեծ է։

Ռուսաստանից իրենց դիմած հայերը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակին հայտնել են, որ չունեն աշխատանք, կացարան, ֆինանսական միջոցներ և ցանկանում են Հայաստան վերադառնալ, սակայն չեն կարողանում։ Զարեհ Սինանյանը տեղեկացրեց, որ ԱԺ պատգամավորներն այս մարդկանց խնդիրները լուծելու համար ակտիվ աշխատում են, իրենք էլ դուրսը մնացած անձանց համար կացարան են փնտրում։

«Խնդիրը բարդանում է նրանով, որ մեր դրսում հայտնված հայրենակիցներից շատերը հնարավոր է վարակված են, իսկ ոչ քաղաքացիներին բժշկական ծառայություն շատ տեղերում չեն մատուցում։ Եթե մենք նույնիսկ հիմա փորձում ենք իրենց համար կացարաններ գտնել իրենց վարակված կամ չվարակված լինելն էլ խնդրահարույց է դառնում։ Այդ ուղղությամբ խնդիրն, իրոք, լուրջ է»,-նշեց նա։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն այս պահին տեղեկություն չունի, թե Սփյուռքում ապրող քանի Հայաստանի քաղաքացի է կորոնավիրուսով վարակված։ Զարեհ Սինանյանն ասաց՝ սկզբի օրերին վարակված հայերի թվերի վերաբերյալ մոնիտորինգ էին իրականացնում, սակայն իրավիճակն այնքան արագ է զարգանում, որ դժվար է հետևել աշխարհում բնակվող հայերի տվյալներին։

«Վարակվածների թիվն իրականում մեծ է։ Ես կարծում եմ` շատ ավելի մեծ է, քան մենք պատկերացնում ենք։ Ինչու՞։ Որովհետև այսօր Ռուսաստանում դեռ չի հասել իր կիզակետին, և բնական է, որ Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցները չեն կարող անմասն մնալ նրանից, ինչ այնտեղ է տեղի ունենում»,- նշեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։

Զարեհ Սինանյանը նաև տեղեկացրեց, որ այս պահին Հայաստանում բնակվող սիրիահայերին օգնելու ծրագիր չունեն։ Սակայն այժմ փորձում են ծրագիր առաջարկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որը նախատեսված չի լինի միայն սիրիահայ ընտանիքների համար, սակայն կկարողանա բավարարել նաև նրանց պահանջները։ Սինանյանն ընդգծեց, որ սիրիահայերի մոտ 80 %-ը բնակվում է վարձով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter