HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Մեր տունը վերածվել է դպրոցի․ երբ տանը և՛ ուսուցիչ, և՛ աշակերտ, և՛ ուսանողներ կան

«Ով դաս չի անում, թող իր վայֆայն անջատի, կարողանանք դաս անել», «մա՛մ, կամաց խոսա էլի, հարևաններն էլ են լսում», «Ան զանգի մի հատ էդ կապի օպերատորին, թող կարգավորեն», «կլինի՞, օրվա տարբեր ժամերի դաս անենք, որ չխանգարենք իրար», «էս սենյակ չմտնե՛ք, ծնողական ժողով եմ անում»։

Ծանո՞թ են ձեզ այս արտահայտությունները, եթե ոչ, ասեմ՝ շատ շատերի տանն այս օրերին նմանօրինակ խոսակցությունների պակաս չկա, օնլայն դասեր, վեբինարներ, անգամ օնլայն ծնողական ժողովներ ու քննարկումներ: Որոշել եմ պատմել, թե ինչ է կատարվում մի ընտանիքում, որտեղ բոլորը հեռավար դասերի են մասնակցում։

Մայրս տարրական դասարանի դասվար է, ինչպես գիտեք, դասվարները դասավանդում են տարրական դասարանների ծրագրով նախատեսված բոլոր առարկաները` բացի օտար լեզուներից։ Քանի որ իր աշակերտները փոքր են՝ 3-րդ դասարանում են սովորում, հիմնականում մեծ եղբայր-քույրերի կամ ծնողների սմարթֆոններն ու համակարգիչներն են օգտագործում, հետևաբար նաև նրանց անձնական հաշիվները, մորս ֆեյսբուքյան ընկերների թիվը կտրուկ աճել է, բոլոր ծնողները իրենց հուզող հարցերը «Ֆեյսբուք»-ով են հղում։

Արդեն մեկ ամսից ավել է` ամեն երեկո ասում է՝ «Ան ջան, դասի համար «zoom»-ի վեբինար սարքիր, որ լինկն ուղարկեմ ծնողներին», մեկ-մեկ, երբ մոռանում եմ, ստիպված է լինում «messenger»-ով միանալ, չի ուզում առավոտյան արթնացնել ինձ, բայց դե իր ուսուցչական  ձայնի բարձր տոնից, միևնույն է, արթնանում եմ։

Ես տեսնում եմ, որ բարդ է իր համար, դասի ավարտից հետո ձայնային հաղորդագրությամբ տնային հանձնարարություններն է ուղարկում ծնողներին, նկարի տեսքով ստացված հանձնարարություններն է ստուգում, որ հաջորդ օրվա դասի ընթացքում սխալների մասին ասի, իսկ ամենավերջում գնահատականներն անցկացնում է էլեկտրոնային մատյան: Ասում է, որ փոքրերի հետ աշխատելիս պետք է ավելի ուշադիր լինել, քանի որ շուտ են հոգնում, կարող է հեռավար տարբերակով լավ չընկալեն։

Դասի ընթացքում մեկ-մեկ երեխաները երևի հոգնում են նստելուց, ասում են՝ «ընկեր Պետրոսյան, կարելի՞ է գնալ դուրս», մայրս էլ ծիծաղը զսպելով՝ «գնա, բայց շուտ կգաս, չկորես»: Ասում է, որ ծնողներն էլ են աշակերտների հետ նստած լինում դասին, իհարկե, կադրում չեն երևում, բայց երեխայի շարժումներից, կողքի հուշող ձայնից հասկանում է, որ նաև ծնողները դասալսման են եկել։

«Դե ես գիտեմ, թե ինչքան են լարվում, երբ դասարանում ծնողներից մեկը գալիս է դասալսման, հիմա պատկերացրու, որ ամեն երեխայի կողքին ծնողը նստած լինի, կամ հուշի, էս մեթոդն այդքան էլ արդյունավետ չի, բայց դե այլընտրանք չկա»,- ասում է մայրս։

Հարևաններն ասում են, որ երբ բակերում են լինում, լսում են մորս ձայնը, նրանցից մեկն այսօր դրսում մորս տեսել, ասել էր՝ Պետրոսյան էսօրվա հայց լեզվիդ դասը «Սուտլիկ որսկա՞նն է եղել, լսել ենք:

Ամենադժվարը փոքր տարիքի աշակերտներին համոզելն է, որ լուռ նստեն, լինում է, երբ սկսում են իրար հետ զրուցել, չեն լսում, կամ մեկը մյուսին հուշում են, օնլայն դաս կառավարելը բարդ է։

Ծնողական ժողովները ևս անցնում են հեռավար, դե, մանավանդ տարրական դասարաններում, դրանք հաճախակի են լինում։ Բացի այդ օրվա տարբեր ժամերի ծնողերից ստանում է զանգեր։

Մայրս ասում է՝ էլ չեմ կարող ձեզ սաստել, ամբողջ օրը հեռախոսից դուրս չգալու համար, քանի որ ինքս նույն վիճակում եմ։

Գիտե՞ք, ամբողջ օրը բոլորս տանն ենք, բայց միմյանց հետ գրեթե չենք շփվում, ամեն մեկս, մի սենյակում նստած, դաս ենք սովորում, հետո տնային հանձնարարություններն անում, պարբերաբար իրար սաստում, որ կամաց խոսենք, չխանգարենք ու հիմնականում չորսիս դասերի ժամն էլ համընկնում է։

Քույրերիցս մեկը քոլեջում է սովորում, մյուսը՝ դպրոցում, երկուսն էլ գրեթե ողջ օրը օնլայն դասի են, օրական հիմնականում ունենում են 7 ժամ, դասերն անցկացնում են օրվա տարբեր ժամերի՝ 11-ից մինչև 6-ը։

Վերջերս մեր վեճի հիմնական թեմաները բարձր խոսել-խանգարելը, դասերի համար տան սենյակների ընտրությունը ու ինտերնետի վատ արագությունն են:

Պետք է ասեմ, որ հիմնականում իմ դասերն են տուժում, ի զարմանս ինձ այս անգամ զիջողի դերում եմ, լինում են դեպքեր, որ դասեր եմ բաց թողնում։ Տնից նաև շխատում եմ, ողջ օրը համակարգչի առջև նստած լինելն իրոք բարդ է։

Երբ այս ամենն ավարտվի ու դառնա հիշողություն, հուսով եմ, որ բոլորը կսկսեն գնահատել դպրոցական ու ուսանողական կյանքը, չեն բողոքի դասերից, քանի որ ոչ մի վեբինար չի կարող փոխարինել իրական շփմանը։

Մեկնաբանություններ (3)

Ժաննա
Ամենաշատը սարսափում եմ այն լուրերից որ կարող է հեռավար ուսուցումը շարունակվի հետագայում էլ,որպես կրթության<ճիշտ> և<արդյունավետ> տարբերակ։Միայն թե ոչ դա։
Սիրանուշ
Շատ ծանոթ միջավայր,ոնց որ մեր տան մթնոլորտը նկարագրված լինի։Այս ամենին ավելացնեմ՝ուսումնական գծով տնօրենի տեղակալ,որ բացի դաս պարապելուց,պետք է հետևես մյուսների աշխատանքին,"դասամիջոցներին" էլ պետք հասցնես խոհանոցում լինես,կերակուր պատրատես,տնային գործերը հասցնես,ի վերջո նաև մայր ու տանտիկին ես։
Անահիտ
Ճիշտ դիտողություն էս վիրուսը եթե չլիներ ես ,որպես ուսուցիչ երկու օր հետո կհրաժարվեի հեռավար ուսուցումից։Սա իրոք մղձավանջ է,ոչ թե աշխատանք,բոլորս արդեն սթրեսի մեջ ենք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter