
Տիգրան Աբրահամյան. «Այս պահին 27 մեկուսացված քաղաքացի կա»
Ապրիլի 17-ին Արցախի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ նոր կորոնավիրուսի վարակ է հաստատվել Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված բուժանձնակազմի ներկայացուցիչներից մեկի մոտ, որը շփվել է Քարվաճառի բնակչի հետ։
Ստեփանակերտցի բուժաշխատողի ընտանիքի 7 անդամները մեկուսացվել են և գտնվում են մեկուսացման համար նախատեսված հյուրանոցում:
Իսկ պարետի երեկվա որոշմամբ՝ Քաշաթաղի շրջանի Միրիկ, Մոշաթաղ և Ծիծեռնավանք համայնքներում նախկինում սահմանված՝ անձանց ազատ տեղաշարժի իրավունքի ժամանակավոր սահմանափակումները հանվել են:
«Հետքը» այս իրադարձությունների վերաբերյալ զրուցել է Տիգրան Աբրահամյանի հետ, որը Արցախում արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի, երկրում տիրող համաճարակաբանական վիճակի և հարակից հարցերի վերաբերյալ մամուլի հետ կապերի պատասխանատուն է:
-Պարո՛ն Աբրահամյան, ինչո՞ւ հենց յոթ մեկուսացված: Չէ՞ որ, ամենայն հանավանականությամբ, բուժաշխատողը հաղորդակցվել է ուրիշ մարդկանց հետ ևս, ոչ միայն ընտանիքի անդամների հետ:
-Կան ինքնամեկուսացված քաղաքացիներ:
-Կա յոթ մեկուսացված, իսկ քանի՞ ինքնամեկուսացված:
-Այս պահին ինքնամեկուսացվածների թիվը չեմ կարող ասել: Բայց մի քանի տասնյակ ինքնամեկուսացված այս պահին, եթե չեմ սխալվում, կա:
-Այդ ինքնամեկուսացվածները բուժաշխատողի շփան շրջանակի՞ց են:
-Այո՛, բնականաբար:
-Իսկ ե՞րբ են մեկուսացրել բուժաշխատողին:
-Այս պահին այն տեղեկատվությանն եմ տիրապետում, որը մենք երեկ պաշտոնական հաղորդագրությամբ տվել ենք:
-Իսկ ընտրություններին մասնակցե՞լ է վարակված բուժաշխատողը կամ ընտանիքի անդամները:
-Նման տեղեկատվության չեմ տիրապետում:
-Բայց կարիք կա, չէ՞, պարզելու, պարոն Աբրահամյան:
-Եթե դրա վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն տեղեկակատվական շտաբին տրվի, կփոխանցենք: Ընտրողների ցուցակները հրապարակվում են, կարող եք նաև այնտեղ ծանոթանալ, ճշտումներ անել: Ուղղակի անհատական տվյալ է․ մենք անուն-ազգանունը չենք հրապարակել:
- Ինչո՞ւ են Քաշաթաղի Միրիկ, Մոշաթաղ և Ծիծեռնավանք գյուղերի ազատ տեղաշարժի իրավունքի ժամանակավոր սահմանափակումները հանվել:
-Դե, երեկ արդեն տեղեկացրել ենք, որ Քաշաթաղի երկու բնակիչ դուրս են գրվել: Այդ գյուղերի ինքնամեկուսացման հիմնական գործողությունները պայմանավորված էր հատկապես երկու քաղաքացիների վարակման դեպքով: Եվ քանի որ նրանք արդեն դուրս են գրվել, և համապասխան օրերը լրացել են, այդ պարագայում արդեն անհրաժեշտություն չկար: Եվ մի քաղաքացին՝ Միրիկի բնակիչը, այս պահին գտնվում է Հայաստանում, ընդհանուր վիճակը նրա բավարար է գնահատվում: Հույս ունենք՝ առաջիկա օրերին նաև կառողջանա:
-Քանի՞ մեկուսացված կա: Ընդհանուր քանակը կասե՞ք:
-Այս պահին 27 մեկուսացված քաղաքացի կա:
-Պարո՛ն Աբրահամյան, կարիք չկա՞ հասարակությանն ասել, որ մնան տանը: Հասարակական տրանսպորտն այս պահին աշխատում է: Իսկ այս արևոտ օրերին զբոսնում են քաղաքում:
-Եթե տրասնպորտի սահմանափակում լինի կամ տարբեր տնտեսական գործունեության վերաբերյալ սահմանափակման անհրաժեշտություն լինի, ապա պարետատունն այդ մասին կունենա համապատասխան որոշում:
Մեկնաբանել