HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Վարչապետի ուղերձն ու Հանրայինը․ անհայտ արտահոսք և փոխադարձ մեղադրանքներ

Երեկվանից հայկական մեդիայի գլխավոր թեման վարչապետի՝ ապրիլի 17-ի ուղերձի տեխնիկական փորձերի կադրերի արտահոսքն է։ Այդ կադրերի հիման վրա էլ ֆեյսբուքյան էջերից մեկում հումորային տեսանյութ էր հայտնվել։ Նիկոլ Փաշինյանի ուղերձը նկարահանել է Հանրային հեռուստաընկերությունը։

Կադրերի արտահոսքից հետո քննադատությունների մեծ ալիք բարձրացավ Հանրային հեռուստաընկերության և վարչապետի աշխատակազմի նկատմամբ։ Շատերը պնդում էին, որ եթե երկրի առաջին դեմքի ուղերձի եթերից դուրս մնացած կադրերը արտահոսում են, ապա պետական մակարդակով Հայաստանում կա տեղեկատվական անվտանգության լուրջ խնդիր։ Մի շարք քաղաքացիներ էլ Հանրային հեռուստաընկերության ղեկավարության հրաժարականի պահանջներ հնչեցրին։

Թե ինչպես են վարչապետի ուղերձի տեխնիկական փորձերի կադրերը արտահոսել, դեռևս հայտնի չէ, սակայն վարչապետի աշխատակազմի և Հանրային հեռուստաընկերության ներկայացուցիչները արդեն իսկ հասցրել են փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել։ 

Այսպես, կադրերի արտահոսքից մի քանի ժամ անց Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ ՀՀ կառավարության հորդորով Հանրայինը ապահովել է բաց կապուղի, որից օգտվել են «Արմենիա ԹիՎի», «Շանթ»,  «Միր», «Հ2», «ԱՐ», «Կենտրոն», «Երկիր Մեդիա», «5-րդ ալիք» հեռուստաընկերությունները։ 

«Բոլոր վերահեռարձակող հեռուստաընկերությունները եթերին նախապատրաստվելու համար ստանում են այդ տեխնիկական տեսաազդանշանը՝ ուղիղ եթերի հեռարձակմանը նախապատրաստվելու համար: Այսինքն՝ ՀՀ վարչապետի եթերը վերահեռարձակող բոլոր հեռուստաընկերություններն էլ ստացել են այդ տեխնիկական տեսաազդանշանը: Հանրային հեռուստաընկերությունից որևէ տեսանյութի արտահոսք չի եղել»,- ասվում էր Հ1-ի հայտարարությունում:

Ի պատասխան Հանրայինի, այսօր հայտարարությամբ հանդես եկավ նաև վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։ Ըստ նրա՝ Հանրային հեռուստաընկերության կողմից վարչապետի աշխատակազմի հորդորով վարչապետի ուղերձը բաց կապուղիով մյուս հեռուստաընկերություններին տրամադրելն ամենևին էլ չի նշանակում, որ հեռուստաընկերությունը պետք է բաց կապուղի ապահովեր` սկսած նախապատրաստական աշխատանքներից:

«Պրոֆեսիոնալ մոտեցումը ենթադրում է, որ մյուս հեռուստաընկերություններին բաց կապուղի պետք է հաղորդվեր եթերից բացառապես վայրկյաններ, այլ ոչ 5, 10, 15 կամ 20 րոպե առաջ։

Այնինչ պարզվել է, որ Հանրային հեռուստաընկերությունը, առանց վարչապետի աշխատակազմին տեղյակ պահելու, առնվազն 15 րոպե առաջ բաց կապուղի է ապահովել մյուս հեռուստաընկերությունների համար։

Վարչապետի լրատվական ծառայությունը բաց կապուղու մասին տեղյակ է եղել ուղերձից 20 վայրկյան առաջ, տվել է ուղիղ եթերի համար անհրաժեշտ հետհաշվարկը, որից հետո մեկնարկել է ուղերձը։ Ավելին՝ կառավարության լրատվական ծառայությանը տեղեկացվել է, որ նախքան վարչապետի ուղերձի մեկնարկը, եթերում լինելու է միայն լուսանկար, այդ թվում՝ բաց կապուղում»,- գրել է Մանե Գևորգյանը։

Վարչապետի մամուլի քարտուղարն ասում է, թե տեղի ունեցածը վկայում է, որ փորձնական հեռարձակումը այլ հեռուստաընկերություններին հասանելի դարձնելը ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք է, քանզի ոլորտի սկսնակ մասնագետներն էլ տեղյակ են, որ հեռարձակումը փորձարկում են նախապես, մինչեւ վարչապետին տեսախցիկի առաջ հրավիրելը։

«Խիստ թափթփված աշխատաոճի վկայություն է նաեւ վարչապետին տեղյակ չպահելը, որ նա եթերում է՝ թեկուզ փորձնական։ Միայն գործից անտեղյակը կարող էր ենթադրել, որ բաց կապուղի այլ հեռուստաընկերությունների համար անհրաժեշտ է ապահովել ուղերձից 15 րոպե առաջ»,- նշել է Մանե Գևորգյանը։

Նա հայտնել է նաև, որ վարչապետի աշխատակազմը պատշաճ պարզաբանումներ է ակնկալում հեռուստաընկերությունից` տեխնիկական փորձի կադրերի արտահոսքի վերաբերյալ:

Մանե Գևորգյանի հայտարարությանը Հանրային հեռուստաընկերությունը դեռևս պաշտոնապես չի արձագանքել, սակայն իր ֆեյսբուքյան էջում դրա վերաբերյալ գրառում է կատարել Հանրայինի ստեղծագործական հարցերով տնօրեն Վարդան Հակոբյանը, որը նաև եղել է վարչապետի ուղիղ միացման ապահովման խմբի պատասխանատուն Հանրային հեռուստաընկերության կողմից։

«Հուսով եմ, տիկին Մանե Գևորգյանը հասցրել է ծանոթանալ հեռուստատեսության ուղիղ եթերի աշխատանքին, տեխնիկական ազդանշաններին։ Ես և Մանե Գևորգյանը եղել ենք նույն սենյակում։ Ես մասնագիտական հրահանգներ եմ տալիս և կատարում։ Անձամբ եմ տեխնիկական տեսաազդանշանից առաջ ասել՝ «Մենք Rec ենք»։ Սա նշանակում է, որ վարչապետը պետք է անհապաղ տեղեկացվեր այս մասին։ Ես ինքս կարող էի հուշել վարչապետին, բայց, ինչպես նշեցի, ես այդ խմբի անդամն եմ եղել՝ տեխնիկական ապահովման տեսանկյունից։ Ո՞վ պետք է ՀՀ վարչապետին ի պաշտոնե տեղեկացներ եթերում լինելու մասին։ Իմ պրոֆեսիոնալիզմը ինձ թույլ չի տալիս ստանձնել ուրիշի աշխատանքային պարտականությունները։ Զարմանալի է, որ տիկին Մանե Գևորգյանի պարզաբանման մեջ այս մասին խոսք չկա։ Սա գլխավոր հարցն է։ Առանց այս հարցին պատասխանելու հապճեպ որոշում կայացնելը և մեղադրելը, իմ կարծիքով, խոսում է կանխակալ վերաբերմունքի մասին»,- գրել է Վարդան Հակոբյանը։ 

Նա ասում է, որ բազմիցս կազմակերպել է Նիկոլ Փաշինյանի ուղիղ միացումները, սակայն երբեք ուղիղ եթերում գտնվելու հրահանգը ինքը չի տվել վարչապետին, այլ կազմակերպիչը։ Վարդան Հակոբյանն ընդգծում է, որ արդեն պարզաբանումներ է տվել Հանրային հեռուստաընկերության ղեկավարությանն ու իր գործընկերներին։ 

«Եթե այս գիշեր որևէ հետաքննություն, իրավիճակի պարզաբանում և քննարկում է գնացել, որի արդյունքում տիկին Գևորգյանը ներկայացրել է իր մեղադրականը, այդ դեպքում կարող եք համադրել նաև իմ պարզաբանումը։ Ես չեմ ուզում հավատալ, որ այս ծանր օրերին դավեր են նյութվում անձնական հարցեր լուծելու նպատակով։ Անկեղծորեն ցավում եմ կատարվածի համար։ Հատուկ չեմ անդրադառնում այս քողի տակ իրենց տեխնիկական գուրուներ ներկայացնող այլ անձանց պարզաբանումներին։ Ես ամեն օր կազմակերպում եմ ուղիղ միացումներ, իսկ դուք ամեն օր միայն գրում եք այդ մասին»,- եզրափակել է Վարդան Հակոբյանը։

Չնայած երկու կողմերի հայտարարություններին՝ այնուամենայնիվ, կադրերի արտահոսքի պատճառները և մեղավորները հստակ նախանշված չեն, և փոխադարձ մեղադրանքներից զատ հանրությանն առավել հուզում է մեղավորներին պարզելն ու նրանց պատասխանատվության ենթարկելը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter