
Հրազդանում մարտին փոշին կրկնակի գերազանցել է սահմանված թույլատրելի կոնցենտրացիան
Չնայած մարտի կեսից արդեն արտակարգ դրության ռեժիմ էր սահմանված և տարբեր հաստատություններ դադարեցրել էին իրենց աշխատանքները, սակայն օդի աղտոտվածության միջին ցուցանիշները Կոտայքի մարզում, մասնավորապես` Հրազդան քաղաքում մարտին չեն բարելավվել, հակառակը` վատթարացել են: Այդ մասին վկայում են «Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի` մեզ տրամադրած ցուցանիշները:
Հիշեցնենք` Հրազդան քաղաքում գործում են խոշոր արդյունաբերական կառույցներ, ինչպիսք են Հրազդանի ջերմաէլեկտրակայանը, 5-րդ էներգաբլոկը ցեմենտի գործարանը և մի շարք այլ գործարաններ ու ընկերություններ:
Փոշու պարունակությունը Հրազդանի օդում գրեթե միշտ բարձր է և հաճախ հատում է սահմանված թույլատրելի կոնցենտրացիայի շեմը: Հրազդանում փոշու սահմանված թույլատրելի կոնցենտրացիան 1 խորանարդ մետրում 0,10 մգ է:
Օրինակ` անցյալ տարի փոշու պարունակությունը օդում մշտապես հատել է ՍԹԿ-ն` բացառությամբ հուլիս-օգոստոս ամիսներին: Իսկ այս տարվա փետրվար և մարտ ամիսներին այն գրեթե կրկնակի գերազանցել է ՍԹԿ-ն` մոտենալով 0,20 մգ-ին: Մինչդեռ անցյալ տարվա մարտին այն մոտ է եղել 0,15-ին:
Նվազում է արձանագրվել ապրիլի 1-9-ն ընկած ժամանակահատվածում, փոշու պարունակությունն այդ օրերին իջել է դեպի թույլատրելի շեմը, սակայն դեռևս շարունակում է գերազանցել ՍԹԿ-ն:
Հրազդանում ծծմբի երկօքսիդի պարունակությունն օդում մարտ ամսին էական փոփոխություններ չի գրանցել նախորդ երկու ամիսների համեմամտությամբ: Մինչդեռ այս տարվա առաջին եռամսյակն ավելի բարենպաստ ցուցանիշներ ունի, քան 2019-ի նույն ժամանակահատվածը. այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա համեմատ, 0,02 ցուցանիշին չի հասել: Առահասարակ, անցյալ տարի էլ Հրազդանում ծծմբի եկկօքսիդը երբևէ ՍԹԿ-ն չի գերազանցել:
Ազոտի երկօքսիդը Հրազդանում այս ամիս գրեթե նույն պարունակության է եղել օդում, ինչ փետրվարին` 0,016: Իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս եռամսյակում փոքր-ինչ բարձր ցուցանիշներ են եղել, ինչը, սակայն, չի գերազանցել 0,02 ցուցանիշը և հեռու է ՍԹԿ-ից:
Ծաղկաձորում որոշակի փոփոխություններ են գրանցվել ծծմբի և ազոտի երկօքսիդների կոնցենտրացիաներում
Ծաղկաձորում, կախված աշխարհագրական դիրքից և արդյունաբերական ձեռնարկությունների բացակայությունից, օդը մաքուր է: Այստեղ փոշու պարունակությունը չի հասել ՍԹԿ-ին, էականորեն քիչ է, իսկ ապրիլի իննօրյակում ավելի է նվազել:
Ծաղկաձորում ծծմբի երկօքսիդի պարունակությունն այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, էականորեն նվազել է: Սակայն այս տարվա մարտի ցուցանիշը փետրվարից գրեթե չի տարբերվում:
Փոխարենը բարձրացել է ազոտի երկօքսիդի պարունակությունը Ծաղկաձորի օդում: Այս տարվա առաջին եռամսյակում այն զգալիոներն ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:
Նախորդ տարվա միճակագրությունը ցույց է տալիս, որ ազոտի երկօքսիդը Ծաղկաձորում պակասում է ապրիլ ամիսց, թերևս բուսականության զարթոնքին զուգահեռ: Անցյալ տարի ապրիլ-մայիս-հունիս ամիսների ազոտի երկօքսիդը նվազել է և մոտեցել զրոյական շեմին:
Հիշեցնենք, որ Հայաստանի ողջ տարածում մոնիթորինգ է իրականացվում հիմնականում մթնոլորտային օդում փոշու, ծծմբի (ՏO2) և ազոտի (NO2) երկօքսիդների կոնցենտրացիաների չափման համար:
Ծծմբի երկօքսիդը մթնոլորտում առաջանում է ծծումբ պարունակող նյութերի այրմամբ, օրինակ` ածուխի և մազութի: Ազոտի երկօքսիդի առաջացման գլխավոր աղբյուրը բենզինով ու դիզելային վառելիքով աշխատող ներքին այրման շարժիչներն են։ Ազոտի երկօքսիդը դեղին գույնի, կայուն գազ է, մթնոլորտում երկար ժամանակ է պահպանվում։
Այս նյութերը վնասակար են մարդկանց առողջության համար, հատկապես, եթե անցնում են սահմանված թույլատրելի կոնցենտրացիաները (ՍԹԿ): Առաջացնում են սուր շնչառական, անոթային հիվանդություններից մինչև քաղցկեղ:
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի օդի աղտոտվածության վերաբերյալ տվյալներ ՊՈԱԿ-ը մեզ չի տրամադրել:
Կարդացեք նաև`
Մեկնաբանել