HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արտակարգ դրության մեկ ամսում 225 վթար է եղել. 17 մարդ զոհվել է

Մարտի 16-ից մինչ ապրիլի 16-ը Հայաստանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 225 պատահար։ Դրա հետևանքով զոհվել է 17 մարդ, իսկ 339-ը` ստացել մարմնական վնասվածքներ։ Այս վթարներից 93-ը տեղի է ունեցել Երևանում, իսկ 132-ը՝ մարզերում։ Այս մասին քիչ առաջ կայացած ասուլիսին հայտնեց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վթարների թիվը նվազել է 117-ով, զոհերինը՝ 2-ով, իսկ վիրավորներինը՝ 162-ով։ 

Մարտի 16-ից մինչ ապրիլի 16-ը Հայաստանում արագաչափ, տեսանկարահանող սարքերով արձանագրվել է 36 689 իրավախախտում, որից 17673-ը վերաբերել է թույլատրելի արագության գերազանցմանը։

«Ճանապարհային ոստիկանության անձնակազմի կողմից կազմվել է 21268 վարչական իրավախախտման արձանագրություն, տարբեր իրավախախտումների համար վարելու իրավունքից զրկվել է 104 վարորդ»,-նշեց Հայկ Մհրյանը։

Արտակարգ դրության օրերին որոշակիորեն նվազել է հանցագործությունների թիվը։ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մանրամասնեց, որ մարտին հաշվառվել է 35 բնակարանային գողություն, որից 12-ը՝ Երևանում։ Նախորդ տարվա մարտին գրանցվել էր բնակարանային 171 գողություն։ Այսինքն՝ նախորդ տարվա մարտի համեմատ մոտ հինգ անգամ նվազել է բնակարանային գողությունների թիվը։

Անդրադառնալով փողոցներում մարդկանց և ավտոմեքնաների տեղաշարժի ակտվիվությանը՝ փոխոստիկանապետն ասաց՝ ոստիկանությունը չէր կարող կանխատեսել, որ կորոնավիրուսի նման համաճարակ կարող էր լինել, և նման պայմաններում ոստիկանության ուժերն ու միջոցները մնացել են նույնը. «Ոստիկանությունը, բացի իր բուն գործառույթներն ու խնդիրները, այժմ կատարում է նաև հսկայածավալ աշխատանք՝ կապված պարետի բոլոր ցուցումների հետ։ Այո, մեր քաղաքացիների թվաքանակը փողոցներում ավելացել է, դա ոստիկանությունը կապում է նրա հետ, որ պարետի որոշումներով որոշակի տնտեսվարող սուբյեկտների գործունեության ծավալը մեծացավ։ Բնականաբար, մեր քաղաքացիները պետք է հաճախեն աշխատանքի, աշխատանքից՝ տուն»,-նշեց փոխոստիկանապետը։

Հայկ Մհրյանի խոսքով՝ եթե մարդկանց թիվն ավելացել է փողոցներում, դա չի նշանակում ոստիկանությունը թուլացրել է հսկողությունը. իր հնարավորության սահմաններում հսկում է մարդկանց տեղաշարժը։ Սակայն, Հայկ Մհրյանը հավաստիացրեց, որ մեքենաների թիվը դրսում էականորեն չի ավելացել։

Բանկերում քացաքացիների թվի ավելացումը փոխոստիկանապետը պայմանավորեց այն հանգամանքով, որ կառավարության հատկացրած աջակցության ծրագրերով արդեն բաշխվում են գումարներ։ Ասաց՝ հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության աշխատակիցներն առավել շատ հսկողություն են սահմանել այնտեղ և մարդաշատ այլ վայրերում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter