HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Առաջարկվում է ՓՄՁ-ների ժամկետանց հարկերի տույժ-տուգանքների չափը նվազեցնել

Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է ժամկետանց հարկային պարտավորությունների տույժի չափը նվազեցնել: Գործող օրենքով` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է  0.075 տոկոսի չափով տույժ: Պատգամավորն առաջարկում է ժամկետանց հարկ վճարողի տույժի յուրաքանչյուր օրվա գործակիցը դարձնել 0.04 տոկոս:

Որոշ մեղմացուցիչ հանգամանքներ են առաջարկվում նաև հարկ վճարողի կողմից ժամկետանց պարտավորություններ ունենալու դեպքում գույքի վրա արգելանք դնելու իրավակարգավորումներում:

Գործող օրենքով` չկատարված հարկային պարտավորության չափը 500 հազար դրամ կամ ավելի կազմելու դեպքում, եթե հարկային մարմնի իրականացրած վարչարարության ընթացքում արդեն իսկ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ հարկ վճարողը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել հարկային մարմնի ընդունած իրավական ակտի կատարման համար անհրաժեշտ գույքը, ապա հարկային մարմնի ղեկավարն իրավունք ունի հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագիր հրապարակել: Առաջարկվում է պարտավորության չափը դարձնել 1 միլիոն 500 հազար դրամ, որից հետո նոր կարող է գույքի վրա արգելանք դնելու նորմ կիրառվել:

Ի դեպ, եթե առաջարկվող փոփոխություններն ընդունվեն, ապա կիրառվելու է հետադարձ ուժ, այսինքն՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տարածվելու է 2020 թվականի ապրիլի 20-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այն անհրաժեշտ է կորոնավիրուսի տարածման տնտեսական հետևանքների, կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու, հարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու արդյունքում տույժերի տեսքով գոյացող հարկային բեռի նվազեցումը և չկատարված հարկային պարտավորությունների մինչև որոշակի շեմը այդ պարտավորությունների կատարումն ապահովող արգելադրման գործիքի չկիրառումն ապահովելու համար:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ողջունում է օրենսդրական նախաձեռնությունը, նշում, որ պատգամավորի օրենսդրական նախաձեռնության առաջարկի շուրջ համատեղ աշխատել են թե' խորհրդարանում, թե' կառավարությունում, այն համատեղ աշխատանքի արդյունք է:

«Որոշակի փոփոխություններից հետո ու պայմանավորված նաև կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու նպատակով՝ այն արդեն վերաիմաստավորվում է ու որոշ իմաստով դառնում հարկային արձակուրդ»,-ասաց Թունյանը:

Մեր հարցին, թե չկա՞, արդյոք, մտավախություն, որ այս փոփոխությունը կարող է հակառակ էֆեկտ ունենալ, քանի որ որոշ տնտեսվարողներ, օգտվելով այս առաջարկից, ուղղակի չեն վճարի հարկերը, Բաբկեն Թունյանը պատասխանեց. «Երբ սահմանվում է, որ ժամկետանց պարտավորությունների համար որոշակի տույժ կա, ապա այդ տույժը մոտիվացիա է, որ եթե հարկ վճարողը հնարավորություն ունի հարկերը վճարելու, վճարի: Բացի դրանից, շեմը, որ առաջարկվում է՝ մեկուկես միլիոն, դրանից բարձր շեմի դեպքում է կիրառվում ժամկետանց պարտավորություն: Սա նշանակում է, որ խոսքը վերաբերում է հիմնականում գերփոքր ու փոքր տնտեսվարողներին»,-ասաց Թունյանը:

Վերջինիս խոսքով` այս փոփոխություններով հնարավորություն է ստեղծվում փոքր տնտեսվարողների համար հարկերը ուշ վճարել, բայց դրա դիմաց պայմանական ասած գումար վճարել, ընդ որում՝ ավելի քիչ, քան կար ի սկզբանե:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք` ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու համար, որի օրակարգում է նաև այս նախաձեռնությունը:

Բաբկեն Թունյանի խոսքով` ստորագրահավաքին միանում են նաև քաղաքական մեծամասնության պատգամավորները: Ըստ նախնական քննարկումների` արտահերթ նստաշրջանը կարող է հրավիրվել ապրիլի 22-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter