HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Տարօրինակ մարմինները» ֆիզիկական հեռավորության օրերին

«Վերջին սովորական օրը փետրվարի 29-ն էր։ Շաբաթ էր։ Իտալիայում սկսել էր վատանալ վիճակը, բայց դեռ անիրական էր թվում։ Բոլորը խոսում էին, ասում, որ մեդիամանիպուլյացիա է․․․ Նույնիսկ բժիշկ ընկերներս էին ասում, որ քաղաքական խաղեր են, ու լուրջ բան չկա։ Փետրվարի 29-ին էր, երբ ընկերուհուս հետ դուրս եկա մեր սիրելի ռեստորանում լանչի, լիքը մարդ կար, երեխաների հետ էին շատերը եկել ճաշի, ու ամեն բան նորմալ էր թվում, բայց մարտի 3-ին, երբ գնացի Հռոմ, գնացքի վագոնում բացի ինձնից եւս 2-3 հոգի էին։ Շատ արագ փոխվեց ամեն ինչ․․․ Բայց չխանգարեմ՝ դու հարցեր տաս, թե չէ մարտի 5-ից մարդ չեմ տեսել համարյա, կարող ա խոսեմ ու կանգ չառնեմ»,- գրում է Նվարդ Երկանյանը։

Հիմա Ֆլորենցիայու՞մ ես։

Չէ՛, մի ուրիշ տեղ։ Կղզում՝ փակված։

Փաստորեն մի կղզում, որտեղ արդեն 40 օրից ավելի է՝ ինքնամեկուսացած ես։ Իսկը պատմելու ժամանակն է․․․

Գիտե՛ս` ֆրիլանս եմ աշխատում, հիմնականում տնից եւ իրականում այդ իմաստով շատ բան չի փոխվել, ավելին՝ ինձ շատ հաճելի է համաշխարհային այս դադարը։ Հիմա պիտի թաթախված լինեի մի քանի նախագծերում, որոնք հետաձգվեցին, ու վերջապես կարողացա կենտրոնանալ իմ անձնական նախագծերի վրա․․․

Արվեստագետ, նկարիչ, դիզայներ Նվարդ Երկանյանը ապրում եւ աշխատում է Ֆլորենցիայում ու Երեւանում։ Նվարդը մասնագիտացած է նկարազարդման, գրաֆիկական դիզայնի, հրատարակչական դիզայնի ոլորտներում, ավարտել է Ֆլորենցիայի Դիզայնի միջազային ինստիտուտը եւ հենց այդտեղ էլ ծնվել է «WHY Graphic Design» փառատոնը, որը հիմնել է իր պրոֆեսոր Լաուրա Օթթինայի հետ միասին (ի սկզբանե իբրեւ դիպլոմային աշխատանք, եւ հետո որպես մշտական մշակութային ամենամյա իրադարձություն Ֆլորենցիայում)։ Նվարդի իլյուստրատիվ աշխատանքները բազմիցս են հայտնվել միջազգային մամուլի, համապատասխան հարթակների հրապարակումներում եւ արժանացել մասնագիտական շրջանակների հավանությանը։

Այս օրերին, ինչպես բոլորս, Նվարդն էլ ինքնամեկուսացման մեջ է։ Շարունակում է ստեղծագործել եւ, ինչպես ինքն է ասում, վայելել «համաշխարհային դադարը»։ Նվարդի ինքնամեկուսացմանն անդրադառնալու եւ «խորհրդավոր» այդ կղզուց նրա ձայնը լսելու առիթը Odd bodies of my Buddies (ընկերներիս տարօրինակ մարմինները) պարբերական շարքն է։

Ապրիլի 3-ին Նվարդն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ սկսում է ամենօրյա «իլյուստրացիոն» վարժությունները, որը համապատասխանում է չորս պատերի մեջ փակված մեր վիճակին «Ես պատրաստ եմ նկարել ձեզ, եթե ինձ ուղարկեք բազմանկյուն ֆորմաներ»։

Եվ հայտնվեցին առաջին «լցված» իլյուստրացիաները այն օգտատերերի, ովքեր ուղարկեցին իրենց բազմանկյուն «շրջանակը»։ Այդպես շարունակվում է մինչ օրս։ Ավելի քան 30 պատկեր, որոնք ներկայացնում են Նվարդի մինիմալիստական «տարօրինակումը»՝ այն ֆորմաներին համապատասխան, որոնք ուղարկում են օգտատերերը՝ ծանոթ եւ անծանոթ։

«Տարօրինակ մարմիններ» իլյուստրատիվ շարքը ոնց որ թե դարձավ այս օրերի հարաբերության ձեւը այն մարդկանց հետ, ում հետ առնչվում ես, բայց չես տեսնում, ովքեր քեզ պես այս կամ այն քաղաքում ինքնամեկուսացվել են։

Հա, ամեն մեկս մի տարածքում փակված ենք, բայց բացի այդ ֆիզիկական տարածքներից, ամեն մեկս ունենք նաեւ մեր ներքին սահմանները, որոնք ավելի երեւացող են դառնում, երբ մնում ենք ինքներս մեզ հետ:

Ինձ շատ հետաքրքիր էր՝ երբ մարդկանց առաջարկեմ իրենց ինչ-որ սահմանների մեջ տեղավորել, ինչ տեսակի ֆորմաներ կնկարեն, քանի անկյուն կունենա այդ տարածքը, բացված կլինի արդյոք, թե կլինի նեղլիկ, սուր անկյուններ կունենա, թե բութ․․․

Ու ես փորձում եմ հոգատարությամբ, հարմար տեղավորել իրենց այդ տարածքում, այնպես, ինչպես զգացել եմ կամ տեսել, որովհետեւ որոշները մտերիմներս են, բայց կան նաեւ մարդիկ, ում հետ շատ շփում չեմ ունեցել․ այս դեպքում գործում է առաջին տպավորությունը։ Այդպես երեւում է մարդը՝ իր իսկ գծած տարածքի մեջ՝ սիրելի գործն անելիս կամ մի այլ վիճակում, որն իրեն հաճելի կարող էր լինել։

Եւ այդ փակ տարածքում երեւում է նաեւ մարդու սովորույթը եւ/կամ մասնագիտությունը, հարակից օբյեկտը։

Հա, որովհետեւ այ հենց դրանցից օգտվելով ենք մեր կերպարները ստեղծում եւ ներկայանում այդպես։ Եթե, օրինակ, քեզ նկարեի, կարծում եմ՝ քո շրջանակված տարածքում բալկոնդ կլիներ եւ կատուդ։

Իսկ այս օրերին քո ներկայանալու կերպի մասին մտածե՞լ ես։

Չեմ մտածել, չէ․․․

Իրականում հիմա բոլորիս ներկայությունն էնքան շատ է վիրտուալ տարածքում, որ նկատում եմ՝ ամեն մարդ ունի ներկայանալու մի ձեւ՝ որոշ դեպքերում մտածված, կառուցված, մյուս դեպքերում՝ ոչ։ Կարծում եմ՝ վերջին տարիներին վիրտուալ տարածքում իմ ներկայանալու կերպը հենց իլյուստրացիաներով էր պայմանավորված։ Բայց որ ասեմ շատ մտածված է այդ «կերպը», սուտ կլինի․․․ Այնպես որ, ինչպես պատահի։ 

Հետաքրքիր փորձառություն է․ ինքնազննման, ինքնազարգացման ընթացք է փաստորեն։ Ինքնաքննադատություն էլ կա՞, Նվարդ։

Ինքնադատություն միշտ կա, բայց այսպիսի պահերին սկզբից հետեւում ես, թե ուրիշներն ինչ ակտիվ են ստեղծագործում, երբ դու այդ նույն ընթացքում ոչինչ չես կարողանում անել, եւ սկսում ես ինքնախարազանել քեզ, ասել, որ բանի պետք չես։

Այս փորձառությունը տեղին էր, որ ինքդ քեզ ասես՝ դու քո ստեղծած պրոդուկտը չես, դու չպիտի անպայման մի բան ստեղծես, որով որոշվի քո «լավ» կամ «վատ» լինելը։ Եվ աշխարհին մի բան ապացուցելու ցանկությունն այդպես մարում է, սկսում ես ամեն ինչից հաճույք ստանալ, ինչպես հաց թխելուց օրինակ։

Բոլորս ունեինք դադարի կարիքը՝ մանավանդ այսպիսի տարօրինակ դադարի, որի հետ դեռ չէինք առնչվել երբեք։ Ես առաջին 2-3 շաբաթը ընդհանրապես չեմ աշխատել․ հանձնվեցի, թուլացա, որոշեցի ինքս դադար վերցնել, հասկանալ՝ գլխումս ինչ է կատարվում։ Դադարեցի նաեւ նորություններ կարդալ՝ բացառությամբ հատուկենտ հոդվածների, որ գրվում կամ ուղարկվում են ընկերներիս կողմից։

Երբ դուրս ես գալիս տեղեկատվական աղմուկից, նոր շունչ ա բացվում, որովհետեւ էնքան անվերջ էր ինֆորմացիան ներկա վիճակի մասին, որ նույնիսկ մեկուսացման մեջ, որ թվում էր օդից լիքը ժամանակ ընկավ գլխներիս, շատ դժվար էր կենտրոնանալ եւ աշխատելը։

Հետաքրքիր փուլերով ենք անցնում մի խոսքով։ Ստեղծագործ ընկերներս էլ կենտրոնացման եւ ոգեշնչման խնդիր ունեին առաջին փուլում, բայց դրա հետ մեկտեղ ամեն անկյունից կարգախոսների նման տեքստեր են գալիս, թե սա հենց ստեղծագործելու, ինքնակրթվելու, պրոդուկտիվ լինելու, մարզվելու ու չգիտեմ էլ ինչի ժամանակն է։

Ինձ թվում է, որ այդ անվերջ արդյունավետ լինելու մոլուցքը կապիտալիզմի հիվանդություններից է: Ինքնամեկուսացումը հնարավորություն է մի փոքր դանդաղելու եւ համընդհանուր վազքից դուրս գալու համար:

Փորձե՞լ ես գծել քո այն սահմանները, որտեղ տեղավորելու էիր քեզ։

Մինչ այս շարքը սկսելը, առաջին մի քանիսը արել եմ ինքս ինձ համար: Առաջինն օրինակ, որտեղ, չնայած թռչունով տղա է պատկերված, իրականում ես եմ (իմ տղա ալտեր էգոն)։ Այդ պահին չեմ մտածել, որ ինձ եմ նկարում, բայց հատուկ մեկն էլ չկար, ում նկարում էի՝ պատահական կերպար էր, բայց այն վիճակում, որում ես էի։

Հաջորդն արդեն իմ գծած սահմանի մեջ ընկերոջս նկարեցի, իսկ երրորդում՝ իր գծած սահմանում՝ ինձ։ Այդպես էլ որոշեցի ընկերներիս ասել, որ ֆորմաներն ուղարկեն․․․ Հետո եղավ այն, ինչ եղավ ))

Հիմա նորից նայում եմ իլյուստրացիաները ու մտածում, որ սահմանափակման կամ սահմանափակ տարածության  մեջ ազատությունը ոնց որ շեշտակի է դառնում, ավելի ընդգծված։

Հա, քանի սահմանները մենք ենք որոշում մեզ համար, կարելի է ասել, որ ազատ ենք, բայց հենց դրսից մեկն է որոշողը, արդեն փոխվում է վիճակը։

Այս օրերի անընդհատ վիճակագրությունն ու ինֆորմացիոն հոսքը նորից սահմաններ չե՞ն մտցնում։

Մտցնում են, դրա համար ես մի պահ որոշեցի իմ եւ այդ ինֆորմացիայի մեջ դիստանցիա սահմանել: Տեղեկացված պետք է լինել իհարկե, բայց էն քանակը ինֆորմացիայի, որ մենք հիմա ստանում ենք, բացարձակ անիմաստ է, ու անհնար է դա մարսել եւ մնալ կայուն ու հոգեպես առողջ։

Ու անցար «ինֆորմացիային», որ հաղորդում է մարմինը՝ իր իլյուստրատիվ ներկայացման կերպով ․․․

Դե կարելի է, իհարկե, էդպես էլ ձեւակերպել :)))

Իսկ դու ո՞նց կձեւակերպեիր։

Ամեն ինչն է ինֆորմացիա։

Հենց հիմա մենք խոսում ենք, փոխանակվում տեքստերով, բայց սա անում ենք ըստ մեր ցանկության․ մեզ ոչ ոք չի ստիպել նստել ու լսել իրար։ Նորությունների դեպքում մի փոքր այլ է․ ամեն ինչ իմանալու այդ ցանկությունը, թե քաղաքում քանի հոգի է վարակվել, քանի հոգի մահացավ, ով ինչ ասեց այդ կապակցությամբ, եւ այլն, եւ այլն, ինչ-որ չափով պարտադրված է։  Պարզ է, որ ամեն մեկը կկարդա կամ չի կարդա իր ցանկությամբ, բայց, մեկ է, էդ ինֆորմացիան ձեւը գտնում է, որ գա ու հասնի մեզ (առնվազն տնեցիները Երեւանից անհանգիստ կզանգեն, կասեն՝ Իտալիայում այսօր այսքան մարդ մահացավ)։

Ես ինքս չեմ մտածել այս շարքով ինֆորմացիա «ստեծելու» կամ հաղորդելու մասին։ Արածս ինֆորմացիոն կոնտեքստից դուրս կձեւակերպեի, կասեի, որ ինձ համար հաղորդակցության ձեւ է հերոսներիս հետ․․․ Եվ գուցե նաեւ հոգատարություն, որովհետեւ սիրով եմ նկարում բոլորին ու փորձում «հարմար» տեղավորել իրենց իսկ գծած սահմաններում, որպեսզի լավ զգան։

Իլյուստրացիաներդ պատկերավոր են դարձնում շրջապատը։ Այդպես ճանաչում եմ/ենք նաեւ մարդկանց, ում մասին դեռ չէի լսել, ում դեռ չէի տեսել։ Այնպես որ «կղզիանանք», մինչեւ տեսնենք ինչ է լինում։ Կսպասեմ հաջորդ օրվա իլյուստրատիվ «տարօրինակ մարմնին»։

Ուրախ եմ, որ դեռ չեմ ձանձրացրել։

Ամեն ինչ լավ է լինելու։ Դուրս ենք գալու՝ իրար կարոտած, ու Սերժի հրաժարականի պես պահ է լինելու ))

Հ․Գ․ իսկ դու սահմաններդ չե՞ս ուղարկեմ՝ նկարեմ։

Հիմա կուղարկեմ ))

Բազմանկյուն․․․ Ու խնդրում եմ՝ մի թաքցրու անկյուններդ։ Ու շատ մի մտածիր։ Առաջինն ինչ մտքովդ անցավ, խզբզիր ու ուղարկիր։

(ուղարկում եմ իմ տարածքի բազմանկյունը)

Գնամ, քեզ տեղավորեմ,- գրում է Նվարդը։

Վերջին լուսանկարում ներկայացնում եմ այն, ինչ ուղարկեցի, եւ այն, ինչ ստացա հաջորդ օրը Նվարդից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter