HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կողբավանում անասունների համար ջուր են գնում, խմելու ջուրը՝ բերում հարևան համայնքներից

Ձնհալն ու գարնան անձրևները մեծ ուրախություն են Արմավիրի մարզի Կողբավան համայնքի անասնապահությամբ զբաղվող բնակիչների համար: Այստեղ ոչ խմելու ջուր ունեն, ոչ էլ աշնան վերջից մինչև ոռոգման սեզոնի բացվելը՝ ոռոգման ջուր: Գյուղացիները անասունների ջուրը գնում են:

26 տարեկան Յուրիկ Սլոյանն ազգությամբ եզդի է: Ընտանիքը զբաղվում է անասնապահությամբ: Յուրիկի ասելով՝ գյուղի դիրքը հարմար է անասնապահությամբ զբաղվելու համար, արոտավայրերը մոտ են: Սակայն, գյուղացիական տնտեսությունները կարող են էլ ավելի զարգանալ, եթե ջրի հարցը լուծվի:

«Գյուղի վերջնամասում փոքր լիճ ունենք, կովերին ու ոչխարներին կարողանում ենք տանել լիճ՝ ջուր խմելու, բայց գառներին չենք կարող տանել, ստիպված ջուրն առնում ենք»,- ասում է Յուրիկը:

Կողբավանում անասնապահությամբ զբաղվող տնտեսությունները կարելի է նշմարել հեռվից: Դրանց «մատնում» են պատերի տակ շարված տակառները: Գյուղում բոլոր հնարավոր միջոցներով ջուր են կուտակում: Հատկապես անասնապահությամբ զբաղվողների տների տանիքներին ամրացված են ջրատարներ, որոնցից միացված են խողովակներ: Ձյան հալոցն ու անրձաջրերը խողովակներով լցվում են տակառների մեջ, ինչն էլ օգտագործվում է անասունների խմելու համար:

Բացի տակառները` անասնապահությամբ զբաղվողների բակերում տեղադրված են նաև ջրի բաքեր: Յուրիկը պատմեց, որ ունեն 4 տոննա տարողությամբ ջրի բաք և 15-20 օրը մեկ ջուր են գնում՝ 4 տոննան 12-13 հազար դրամով: Մոտավոր հաշվարկներով` կողբավանցի անասնատերերը 5 ամիս ջուր են գնում: 

Խոշոր եղջերավոր անասուններից ու ոչխարներից բացի` Յուրիկի ընտանիքը պահում է նաև մոտ 250 գլուխ գառ: Յուրիկը պատմում էր, որ օրական շուրջ 400 լիտր ջուր են խմում գառները, ուստի եթե անձրևաջրերը չլինեն, ավելի հաճախ է ջուր գնելու:

Ցիստեռներով ջուրը բերում են Վանանդ կամ Երվանդաշատ համայնքներից: «Այդ գյուղերում տեխնիկա կա, զանգում ասում ենք, որ ջուր ա պետք, բերում են»,- նշում է Յուրիկ Սլոյանը:

Նշենք, որ Վանանդ համայնքը Կողբավանից գտնվում է մոտ 9 կմ հեռավորության վրա, իսկ Երվանդաշատը՝ 14: Կողբավանցիներն այդ գյուղերից են բերում նաև իրենց խմելու ջուրը: Այս դեպքում գյուղացիներն իրենց ավտոմեքենաներով են բերում այն:

«Ջուր չկա, բաղնիք էլ չունենք, տաշտի մեջ ենք լողանում: Որ ջուր լիներ, մարդիկ բաղնիք էլ կունենային, տներն էլ կսարքեին: Հիմնականում մարդիկ ստեղ անասնապահության համար են մնում: Առանց ջրի շատ դժվար ա: Ամեն օր անասունների հետ գործ ունենք, ամեն օր պիտի լողանանք, բայց այս պայմաններում հնարավոր չի»,- ասում է Յուրիկ Սլոյանը:

Հիշեցնենք, որ «Հետք»-ը դեռևս սեպտեմբերին անդրադարձել էր ընդամենը մեկ փողոց ունեցող Կողբավան համայնքի խնդիրներին: Այս գյուղում ոչ միայն ջուր չկա, այլև՝ գազ, տրանսպորտ, խանութներ:

Կառավարության և համայնքապետարանի ֆինանսավորմամբ՝ համապատասխանաբար 60/40 տոկոս հարաբերակցությամբ, Կողբավանում իրականացվում է խմելու ջրի անցկացման ծրագիր:

Դեռևս սեպտեմբերին համայնքի ղեկավար Սերոբ Սերոբյանն ասում էր, որ մինչև նոյեմբերի 20-ը կողբավանցիները ջուր կունենան, սակայն խոստացված ժամկետից 5 ամիս անց Կողբավանում ծորակները դեռ չոր են:

«Շինարարների ասելով՝ ամեն ինչ պատրաստ ա, մնում ա նասոսները տեղադրեն ու վերջ: Իրանց ասելով՝ մոտ օրերս կանեն, հլը տեսնենք»,- ասում է Կողբավան համայնքի ղեկավար Սերոբ Սերոբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter