HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ապրիլի 24-ի հիշատակի երթը տեղափոխվում է վիրտուալ հարթություն

«Հետք»-ը զրուցել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանի հետ:

Այս տարի ապրիլի 24-ին ավանդական երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տեղի չի ունենա: Հայությանը միավորող այդ բացառիկ միջոցառումն առաջին անգամ տեղի չի ունենա համավարակը կանխելու պահանջներից ելնելով: Ձեր կարծիքով,այս ընդհատումը հետագայում չի՞ խարխլի 52 տարի շարունակ արմատացած հիշատակի հիմնական միջոցառման շարունակականությունը:

Կարծում եմ, որ այս ընդհատումը որեւիցէ ազդեցություն չի ունենա մեր հիշողության վրա, առավել եւս չի խարխլի այդ հիշողությունը: Ճիշտ է, 52 տարի շարունակ մեր ժողովուրդն այցելում էր հուշահամալիր, սակայն այդ հիշողությունն ավելի քան 100 տարեկան է: Նույնիսկ այն ժամանակներում, երբ երթեր չէին անցկացվում, մարդիկ ամենատարբեր ձեւերով հիշում էին Հայոց ցեղասպանությունը: Սփյուռքում հիշում էին եկեղեցական արարողությունների միջոցով, ե՛ւ Սփյուռքում, ե՛ւ Հայաստանում հիշում էին զանազան պատմություններ պատմելու միջոցով, գրքեր կարդալով եւ այլն: Այդ հիշողությունը մեզ հետ է ավելի քան մեկ դար եւ չի խարխլվի, որովհետեւ այն նաեւ հայոց ինքնության սյուներից է, որն, իրոք, միավորում է աշխարհի բոլոր ծագերում գտնվող հայերին: Դա նաեւ հիշողություն է, որ միավորում է մարդկանց հանուն արդարության, հանուն ճշմարտության, հանուն իրավունքների վերականգնման պայքարի գործում: Հայերի նկատմամբ անարդարություն է կատարվել, աշխարհը սկսել է ճանաչել եւ գնահատական տալ կատարվածին, պետք է շարունակել ե՛ւ հիշել, ե՛ւ պահանջել, ե՛ւ այդ հիշողությունը փոխանցել սերնդեսերունդ: Շատ գործեր կան, որ մեր հայրերը չեն արել՝ մեզ են փոխանցել, ինչ-որ բաներ վստահաբար մենք չենք անելու եւ փոխանցելու ենք երիտասարդ սերնդին: Այնպես որ, Հայոց ցեղասպանության հիշողությունը որեւիցէ ձեւով չի խարխլվի, չի սասանվի:

Վերջին 20 տարիներին աշխարհում մեծ թափ էր առել Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացը: Այս օրերին մարդկությանը պատուհասած համավարակն իր ծանրագույն հետեւանքներով նոր մարտահրավեր է աշխարհի ժողովուրդներին: Արդյոք, այն չի՞ նվազեցնի Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորությունը:

Հիմա բոլորը խոսում են, որ այս համավարակից հետո շատ բան է փոխվելու աշխարհում, բայց չեն մանրամասնում, թե հատկապես՝ ինչը: Ես վստահ եմ, որ մարդկանց համար արժեքները չեն փոխվելու, շարունակվելու են գնահատվել պայքարը արդարության, ճշմարտության համար, ճնշված ժողովուրդների իրավունքների վերականգնման համար եւ այլն: Այն հոգևոր արժեքները, որոնք մեզ փոխանցվել են ծնողներից, դպրոցից, գրականությունից, չեն փոխվելու, իսկ Ցեղասպանության ճանաչման այս ամբողջ շարժումն այդ ծիրում է: Դրանք այն արժեքներն են, որոնք մնայուն են, մի քանի հազար տարի կան եւ հուսամ, որ այդպես էլ կշարունակվեն ապագայում: Քանի դեռ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցադրումն այս ոլորտներում է, վստահ եմ, որ դրա կարեւորությունը չի նվազեցվի:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կոչով դիմել է հայությանը եւ հայ ժողովրդի բարեկամներին, այս տարի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերին հիշել եւ հարգանք մատուցել՝ օգտագործելով համացանցի տրամադրած հնարավորությունները։ Միայն համավարակո՞վ էր պայմանավորված այս նախաձեռնությունը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը (ՀՑԹԻ) նախատեսել էր այս տարի ապրիլի 24-ին «Հիշողության երթ» կազմակերպել՝ կոչ ուղղելով մեր հայրենակիցներին այդ օրը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելել ցեղասպանության զոհ կամ վերապրած իրենց հարազատի լուսանկար-վահանակով: Քանի որ համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս իրականացնել այդ մտահաղացումը, մենք որոշեցինք «Հիշողության երթը» տեղափոխել վիրտուալ հարթություն:

Հայաստանի քաղաքացիներին եւ հայ ժողովրդի բարեկամներին կոչ ենք անում ապրիլի 24-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իրենց լուսանկարները փոխարինել հատուկ այդ նպատակով ստեղծված, հուշային շրջանակի մեջ առնված իրենց հարազատների (զոհ կամ վերապրող) լուսանկարներով: Դրա բացակայության պարագայում՝ անուն-ազգանունով, նաեւ նրանց մասին մի փոքր պատմությամբ։ Եթե չկան զոհ կամ վերապրող հարազատներ, ապա տեղադրել Ցեղասպանության զոհ արեւմտահայ մտավորականների, հասարակական-քաղաքական գործիչների, ֆիդայիների, շարքային զինվորների ու զորավարների լուսանկարները։ Տեղադրեք արեւմտահայության մշակութային ժառանգության գանձերի լուսանկարները, կիսվեք Արեւմտյան Հայաստանի ձեզ հասանելի պատկերներով։ Եվ ընդամենը մեկ պարզ գրությամբ՝ «Հիշում եմ եւ պահանջում»:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն անցյալ տարվանից իր աշխատանքային գործունեության մաս է դարձրել այս խնդիրը։ Ունենք հրաշալի կարգախոս՝ «Հիշում եմ եւ պահանջում», սակայն «ու՞մ եմ հիշում» հարցի պատասխանը, ի դեմս զոհերի ու վերապրողների անունների, մնացած հնարավոր տվյալների համահավաքի՝ չկա: Մեկ դար անց, թերեւս, եկել է պահը մանրամասնելու, թե ում ենք հիշելու:

ՀՑԹԻ-ի կայքէջում 2019թ. կեսերին գործարկվեց «Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին» նախագիծը, սակայն այն լայն արձագանք չունեցավ։ Ապրիլի 24-ը Հայաստանի Հանրապետության պաշտոնական օրացույցում կոչվում է «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր»։ Այդ օրը մենք բոլորս հարգանքի տուրք ենք մատուցում ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Իսկ ովքե՞ր են նրանք։ Չէ՞ որ զոհերը, նաեւ վերապրողները անուն-ազգանուն ունեցող մարդիկ են։ Եթե նրանց մասին տվյալներ են պահպանվել՝ ի ցույց դնենք մեզ, նաեւ՝ աշխարհին։ Նախատեսված երթը ցույց կտար Հայոց ցեղասպանության հիշողության հզոր լինելը, իսկ որ այն հզոր է՝ ոչ մի կասկած չունեմ:

Մի քանի տասնյակ տարի Հոլոքոստի ուսումնասիրողները, մասնավորապես Յադ Վաշեմ թանգարանը, փորձում են վերականգնել Հոլոքոստի զոհերի անձնական տվյալները: Ստեղծվել է Հոլոքոստի զոհերի եւ վերապրողների տվյալների շտեմարան, որի միջոցով 6 մլն զոհերից ներկայումս ճշտված են շուրջ 4.7 մլն-ի անուններն ու տվյալները:

Հայոց ցեղասպանության պարագայում նման ձեռքբերումներով չենք կարող հպարտանալ։ Փորձեր ձեռնարկվել են, սակայն ինչ-ինչ պատճառներով դրանք մնացել են ճանապարհի կեսին։ Սա երկար տարիների գործ է։ Այս նյութը հավաքելու ձեւերից մեկն էլ ուղղակիորեն մարդկանց դիմելն է։ Քանի որ արեւմտահայ գաղթականության ժառանգները կազմում են մերօրյա Հայաստանի Հանրապետության բնակչության շուրջ կեսը, մտածում էինք, որ նրանց առաջարկած լուսանկարների եւ այլ տվյալների պատմությունները հավաքելով` ի մի կբերենք արխիվը: Հետագայում նրանց կխնդրենք լրացնել հարցաթերթերը, եւ այդ կերպ մի կարեւոր քայլ կարվի շտեմարանի ձեւավորման գործընթացում։

Ցեղասպանության 105-ամյակին ի՞նչ ձեռքբերումներ է ներկայացնելու Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը, ի՞նչ հիշարժան նորություններով է հարստացել թանգարանի արխիվը:

Անցյալ տարի Պոտսդամում գտնվող Յոհաննես Լեփսիուսի տուն-արխիվը ՀՑԹԻ-ին հանձնեց հայկական կոտորածներին վերաբերող բացառիկ նշանակություն ունեցող թվայնացված արխիվային նյութեր: Դրանց ճնշող մեծամասնությունն ուղղակիորեն վերաբերում է 1895-1897թթ․-ի համիդյան կոտորածներին ու դրանց ընթացքում սկիզբ առած որբախնամ/այրիախնամ գործունեությանը: Դրանք փաստաթղթեր են՝ նամակներ, զեկույցներ, նկարագրություններ, հաշվետվություններ: Սա Լեփսիուսի անձնական արխիվն է, մեծամասամբ ձեռագիր են, ավելի ուշ շրջանի փաստաթղթերի մեջ գնալով աճում է տպագիր նյութերի թիվը։ Փաստաթղթերի ճնշող մեծամասնությունը կա՛մ Լեփսիուսն է գրել, կա՛մ նրան ուղարկել են։ Արխիվային նյութերի թվայնացումն իրականացրել է ՀՑԹԻ «Ցեղասպանագիտական հանդես» գիտական պարբերականի խմբագրական կազմի անդամ, պ.գ.թ. Հայկ Մարտիրոսյանը՝ Գերմանիայում Ավետարանական եկեղեցու կրթաթոշակի  շրջանակներում:

Ինստիտուտի գրադարանում կա «Գերմանիան, Հայաստանը եւ Թուրքիան 1895-1925 թթ. փաստաթղթեր եւ թերթեր դր. Յոհաննես Լեփսիուս-արխիվից» եռահատոր գիրքը (հեղինակ՝ Հերման Գոլց), որի առաջին հատորում նշված են  արխիվային բոլոր փաստաթղթերի համարները եւ առաքողների անունները: Լեփսիուսի արխիվում մոտ 18 000 անուն նյութ է պահվում, իսկ դրանցում ներառված էջերի քանակն այս պահին որեւէ մեկին հայտնի չէ։

Բեռլինաբնակ ճարտարագետ Էդուարդ Ֆիչիճյանը Գերմանիայի արտաքին գործերի նախարարության արխիվի նյութերից ժամանակին պատճենել էր 36 փաթեթ միկրոֆիլմ (յուրաքանչյուրը 10x4x10 սմ ծավալով), որոնք վերաբերում են 1911-1921 թվականներին եւ անմիջապես առնչվում են Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմությանը: Աշխատանքը Է. Ֆիչիճյանը կատարել է իր անձնական միջոցներով եւ միկրոֆիլմերի բնօրինակները տրամադրել է ՀՑԹԻ-ին: Դա նշանակալի համալրում է թանգարան-ինստիտուտի ֆոնդերի համար: Բեռլինից միկրոֆիլմերը տեղափոխելուն օժանդակեց Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը:

Կարեւոր, մոտ 7-8 հուշագրություն էր պահպանել գրող Գրիգոր Ջանիկյանը՝ անցյալ դարի 60-70-ական թվականներից: Նա միշտ ցանկացել է հանձնել թանգարանին, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվել է: Մենք խնդրանքով դիմեցինք նրան, որովհետեւ կարծում էինք, որ այդ հուշագրությունները հանձնելու ժամանակն է: Դրանցից մեկը 1915 թ.-ից պահված օրագրություն էր աքսորավայրից եւ Հալեպից: Նման օրագրություններ մեզ քիչ են հասել:

Անցյալ տարի թանգարանը հարստացել է 1886 ֆոնդային միավորով, դրանք հիմնականում փաստաթղթեր, լուսանկարներ են եւ մոտ 400-ի հասնող գրքեր, որ ստացվել են որպես նվիրատվություն: Շատ արժեքավոր են Այնթապի լուսանկարները, Զմյուռնիայի աղետը պատկերող լուսանկարները: Զմյուռնիայի աղետը լուսանկարել է դանիացի մի նավաստի եւ փոխանցել  իր աղջկան, որն արդեն շատ ծեր է: Նա նվիրեց մեզ, եւ մենք ընդամենը փոստային ծախսերը հոգացինք:

Չե՞ք կարծում, որ Թուրքիան չի ավարտել հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը. հայերի ֆիզիկական բնաջնջումն ու տեղահանությունն ավարտել են անցյալ դարասկզբին, սակայն հայկական ինքնությունը յուրացնելու քաղաքականությունը հետեւողականորեն շարունակում են առ այսօր: Յուրացնում են ազգային ոչ նյութական արժեքները՝ արվեստ, արհեստ, խոհանոց եւ այլն: Աշխարհի ամենահայտնի թանգարաններում հայկական հնագիտական արժեքները ներկայացված են  թուրքականի անվան տակ: Ի՞նչպես է վերաբերվում թանգարան-ինստիտուտը պատմությունը կեղծելու եւ մշակութային ժառանգությունը յուրացնելու հարցերին:

Հայտնի ցեղասպանագետ, պրոֆեսոր Գրեգորի Սթենթոնը իր «Ցեղասպանության փուլերը» տեսությունում ցեղասպանության 10 փուլ է առանձնացնում, որից վերջինը նա համարում է ժխտողականությունը: Մի երեւույթ, որ մենք ավելի քան 100 տարի ականատես ենք Թուրքիայի պարագայում: Դա նրա քաղաքականության հիմնական գիծն է:

Թուրքիայի տարածքում շարունակվում է հայկական մշակութային արժեքների յուրացումը եւ դրանց ոչնչացումը: Վերջին տասնամյակներում մշակութային արժեքների ոչնչացմանը լծվել են ժողովրդական զանգվածները, ոսկու տենդ ասվածը մարդկանց մղում է քանդելու ամեն ինչ՝ սկսած գերեզմաններից վերջացրած կառույցներով: Արդեն պետությունը չի էլ զբաղվում դրանով, բնակիչներն են քանդում եւ այդ կերպ ոչնչացնում մշակութային արժեքները: Շատ եկեղեցիներ վերածվում են մզկիթների, փոխվում է դրանց նշանակությունը: Մշակութային ժառանգությունը յուրացնելու գործընթացը շարունակվում է եւ դրան ականատես են լինում Արեւմտյան Հայաստան այցելող բազմահազար ուխտավորները, նրանց միջոցով լուսանկարները հայտնվում են սոցիալական ցանցերում:

Ցեղասպանության տարիներին մեծ թալան եղավ եւ դրա մեջ զգալի տեսակարար կշիռ ունեին գորգերն ու գործվածքները: Հետագայում հայկական գորգերը տեղ գտան աշխարհի շատ թանգարաններում, դրանք ներկայացվեցին որպես թուրքական արվեստի գործեր եւ շարունակվում են այդպես ներկայացվել: Իմ խորին համոզմամբ, խնդիրը նաեւ մեր մեջ է, մենք դրան պետք է կարողանանք հակազդել մեր ունեցած նյութական արժեքներն աշխարհին մատուցելով: Մի քանի տարի շարունակ խոսվում է գորգի թանգարան ստեղծելու մասին: Մասնավոր գորգի թանգարան ստեղծելու փորձ արվեց, բայց, ցավոք, այն անվարտ մնաց: Պետությունը պետք է լծվի այդ գործին: Շատ գորգեր կան թանգարաններում, իմ խորին համոզմամբ, անհրաժեշտ է դրանք ի մի բերել, եւ գորգերին նվիրված ալբոմներ հրատարակել՝ գիտական տեքստերով: Այդպես աստիճանաբար պետք է վերականգնել պատմական ճշմարտությունը նաեւ այդ հարցում:

Մեկնաբանություններ (4)

Steve Kevorkian
This man absolutly has no understanding of what is Armenian genocide and what really means Hai Tad. Very disappinting, no words...
Աշխարհատես
"Ճիշտ է, 52 տարի շարունակ մեր ժողովուրդն այցելում էր հուշահամալիր, սակայն այդ հիշողությունն ավելի քան 100 տարեկան է: " պարզվում է հիշողությունը տարիք էլ ունի, իսկ միգուցե չափ ու ձև էլ ունի??
Tavo
I am sure I can't be the only one who recognizes that, today, Armenia is under genocidal threat by Turkey and its pan-Turkic friend, Azerbaijan. I would like to see the genocidal threat mentioned more in April and throughout the year so that people (and not just Armenians) realize that the 1890s to 1923 Genocide is not simply something we commemorate but also something that tells us about the challenges in the present moment. Why is that connection rarely mentioned?
Թլկատինցի
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին» նախագիծը........Նախ, այս ծրագրին անունը հայերէն չէ․․․․․կիսել կամ կիսվելը ի՞նչ տեսակ հայերէն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter