HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարետի որոշմամբ` Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմ է սահմանվել

Պարետի որոշմամբ` Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք մուտք գործելու և համայնքից դուրս գալու հատուկ ռեժիմ է սահմանվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ․

Հաշվի առնելով, որ վերջին օրերին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում գրանցել է կորոնավիրուս հիվանդության բռնկման նոր օջախ՝ այս պահի դրությամբ ունենք 39–ի հաստատված դեպք՝ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի 21 ապրիլի, 2020 N 48 որոշման համաձայն Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում եւ կիրառվելու են սահմանափակումներ։

Որոշման համաձայն, համայնքի վարչական սահման մուտք գործելու եւ վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանվել է հատուկ ռեժիմ՝ արգելելով անձանց եւ տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման։

Սահմանափակումները ուժի մեջ են մտնում ապրիլի 22-ը՝ ժամը 08:00-ից մինչեւ, 2020 թվականի ապրիլի 28-ը` 23:59-ը։

Հավելեմ նաեւ, մարզում նոր կորոնավիրուս հիվանդության առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 17–ին «Վարդենիսի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի աշխատակցի մոտ այդ օրվանից չի գործում բուժհաստատությունը։

Այսօրվանից սահմանափակվում է նաեւ «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ–ի աշխատանքները։ Գործում է միայն շտապ օգնության ծառայությունը եւ հրատապ, անհետաձգելի բուժսպասարկում իրականացվում։ Հիվանդանոցի 12 աշխատակցի մոտ կորոնավիրուս հիվանդության թեստի դրական արդյունք է գրանցվել։

Բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզվում է, նրանց մի մասը ինքնամեկուսացված է, մի մասը մեկուսացված։

Ձեր եւ բոլորի առողջության եւ անվտանգությունից ելնելով կոչ եմ անում՝

• մնացե´ք տանը,
• սահմանափակե´ք շփումները,
• հետևե´ք անձնական հիգիենային,
• հաճախակի լվացե´ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
• հնարավորության սահմաններում նվազեցրե'ք հանրային վայրերում գտնվելը և տրանսպորտից օգտվելը,
• շփումների դեպքում պահպանե´ք առնվազն 1 մետր հեռավորություն,
• գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե´լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
• պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,
• խուճապի մի´ մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:
Իմ խնդրանք-հորդորն է ձեզ, այս օրերին հատկապես, հետեւել միայն ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍԻՆ, լինել մեդիա գրագետ՝ չտրվել ապատեղեկատվություն պարունակող կայքերի հրապարակումներին, զերծ մնալ չփաստարկված հայտարարություններ եւ բամբասանքներ տարածելուց։ Խոհեմություն ցուցաբերել և ավելորդ լարվածության ու խուճապի պատճառ չդառնալ։ Մենք ավելի քան թափանցիկ ենք աշխատում՝ հանուն յուրաքանչյուրիս անվտանգության եւ առողջության։

Կոչ եմ անում նաեւ չթիրախավորել որևէ մեկի անձնական կամ ընտանեկան կյանքը և խնդրում դադարեցնել Վարդենիսում հայտնաբերված կորոնավիրուսով վարակված կնոջ վերաբերյալ քննարկումները»,- գրել է Գնել Սանոսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter