HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Արման Խոջոյան․ «Գյուղվարկերը 90-95% դեպքերում օգտագործվում են ըստ նպատակի»

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը վստահեցնում է, որ արտոնյալ պայմաններով տրամադրված գյուղվարկերը 90-95 %-ով ունենում են նպատակային գործածություն։

Նրա խոսքով՝ ամեն տարի նախարարության կողմից իրականացվում է մոնիտորինգ, որի արդյունքում պարզ է դառնում թե գյուղվարկերը, որքանով են ծառայել նպատակին։

«Նախորդ տարի իրականացվել է 800-ից 1000 այցելություն, արդյունքում եթե հայտնաբերվում է խախտում, ըստ մեր կանոնակարգի՝ տրամադրված գյուղվարկը ենթակա է վերադարձի կամ էլ շուկայում առկա այլ տոկոսներով վերավարկավորման»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Խոջոյանը։

Ըստ նրա՝ գյուղացին տրամադրված վարկով կարողանում է հոգալ կարիքները։ «Գումարի չվերադարձելիությունը կազմում է 0,5-1%: Սա խոսում է այն մասին, որ վարկի տրամադրումը ոչ թե ավելի վատ վիճակի մեջ է գցում գյուղացուն, այլ ընդհակառակը՝ նա կարողանում է սպասարկել վարկը, ստանալ արդյունք ու հետ վերադարձնել բանկից ժամանակավոր վերցրած գումարը»։

Խոսելով գյուղատնտեսության ոլորտում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 2-րդ ծրագրի մասին, որն իր մեջ ներառում է փոփոխություններ գյուղատնտեսության ոլորտում, նախարարի տեղակալ Խոջոյանը նշեց, որ ոլորտի ծրագրերի նկատմամբ մեծ պահանջարկ ու հետաքրքրություն կա։

«Կենտրոնական բանկի կողմից տրամադրված օպերատիվ տվյալների համաձայն ունենք արդեն 13 000-ից ավել հայտադիմում, որի ընդհանուր ծավալը կազմում է մոտ 27,6 մլրդ դրամ, այսօրվա դրությամբ հաստատվել է արդեն 2943 հայտ, 4․37 մլրդ դրամ դրամական արժեքով»,-ասում է փոխնախարարը:

Նախարարի մյուս տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, շեշտեց, որ հետաքրքրությունն ավելացել է նաև խելացի ջերմոցային տնտեսության աջակցության ծրագրերում, ստացվել է 93 դիմում, որից հաստատվել է 65-ը։

Նա ասաց, որ գյուղացիներին անհատույց չի տրամադրվի դիզվառելիք և պարարտանյութ․ 

«Այն ժամանակ երբ պետությունը հրաժարվեց տրամադրել սուբսիդավորված պարարտանյութ կամ դիզվառելիք, պարատանյութերի շուկայում մրցակցությամբ պայմանավորված տեղի ունեցավ գնի նվազեցում, նաև ավելացավ ներկրողների թիվը, բայց ցանկանում եմ նշել, որ  հիմա աշխատում ենք մի ծրագրի վրա, որի միջոցով հնարավոր կլինի, որոշակի խմբաքանակի ցորենի աշնանացան սերմնացու տրամադրել գյուղացիներին»։

Տիգրան Գաբրիելյանը նշեց նաև, որ պարետատան կողմից կորոնավիրուսով պայմանավորված տեղաշարժի  սահմանափակումները չեն վերաբերում ֆերմերներին ու գյուղատնտեսությամբ զբաղվողներին։

Արման Խոջոյանը հավելեց, որ գյուղատնտեսական  ծառայությունների ոլորտում ևս չկան սահմանափակումներ.

«Անասնաբուժական դեղատները և թունաքիմիկատների խանութները, որոնք զբաղվում են դեղորայքի և թունաքիմիկատների առք ու վաճառքով, բնականոն կերպով ողջ ընթացքում շարունակել են իրենց աշխատանքը»։

Լուսանկարի կենտրոնում՝ Տիգրան Գաբրիելյանը, աջից՝ Արման Խոջոյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter