HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

8-րդ դասարանի աշակերտուհի. «Կարոտել եմ ընկերներիս, մեր դասարանը, դպրոցի պատերը»

«Սեղանի մի ծայրին ես եմ նստում, մյուս ծայրին՝ եղբայրս, մայրս էլ կանգնում է երկուսիս մեջտեղում, հերթով «հրահանգում»՝ դու անջատիր, դու միացրու, դու անջատիր.... (նկատի ունի բարձրախոսի ձայնը,- հեղ.)», - ասում է 8-րդ դասարանի աշակերտուհի Արաքսյա Ամիրաղյանը, հետո ավելացնում, որ այս օրերին շատերի նման իրենց տունն էլ է վերածվել փոքր դպրոցի. ողջ օրը քույր ու եղբայր դաս են անում։

Արաքսյան Նոյեմբերյան քաղաքի հիմնական դպրոցի աշակերտուհի է, արտակարգ դրության օրերին նրանց դպրոցում եւս դասերն անում են օնլայն։

«Առավոտը շուտ եմ զարթնում, մինչեւ դասերի սկսվելը իջնում եմ այգի, օգնում մայրիկիս, ծառ ու ծաղկի հետ սելֆի եմ անում կամ երկինքը նկարում։ Դասի սկսվելուց առաջ ընկերներով չատ ենք անում, մոռացված տնայինները վերհիշում, «կռիվ ենք անում», հետո սպասում մինչեւ ուսուցիչները «Zoom»-ի հրավերի լինքը ուղարկեն»,-ասում է Արաքսյան։

Հեռավար ուսուցման համար օգտագործում են տարբեր հարթակներ՝ «Zoom», «Viber», «messenger», «Իմ դպրոց»։

Շաբաթական ամեն առարկային 2-3 դասաժամ են տրամադրում։

Երկրաչափության, հանրահաշվի ժամերին օգտագործում են «Zoom» հարթակի օնլայն գրատախտակը։ Քանի որ գծագիր անելու համար երկար ժամանակ է պահանջվում, այդ առարկաներին երկու դասաժամ են տրամադրում։

Երեխաների մեծ մասը հեռախոսով է միանում, գծագրեր անելը, օնլայն գրատախտակին խնդիր լուծելը բարդանում է, կամ գործընթացը երկար է տեւում։ Դասաժամերին օգտվում են «Քան» ակադեմիա, «Իմ դպրոց» կայքերից։

«Կան աշակերտներ, որ չեն մտնում, դասին չեն մասնակցում, ուսուցիչը որոշել է նրանց հետ առաձին դասեր անցկացնել, կրկնել անցածը, որ ինչ-որ չափով բան սովորեն», - պատմում է Արաքսյան։

Ֆիզիկայից, քիմիայից, կենսաբանությունից եւս գրավոր աշխատանքներ են տրվում տարբեր հարթակներով։

«Երեկ, օրինակ, ֆիզիկայից գրավոր աշխատանք ենք ունեցել, ուսուցիչը «Իմ դպրոց » կայքով թեստ էր տվել։ Առավելությունն այն է, որ մի քանի անգամ կարող ենք նույն առաջադրանքը փորձել. դպրոցում չենք, որ առաջացած հարցերն էդ պահին ուսուցչին տանք, իսկ էդպես հնարավոր է ճիշտ պատասխանը հասկանալ»։

Արաքսյան օրական 7-8 ժամ անցկացնում է հեռախոսի կամ համակարգչի առաջ։ «Մի ժամանակ, երբ շատ էի համացանց մտնում, մայրս ջղայնանում էր, նույնիսկ «instagram»-ի էջս փակել տվեց, հիմա լրիվ հակառակն է. օրվա մեծ մասը համացանցում եմ, արդեն պարտադրված. մայրս էլ բան չի ասում»։

Ըստ աշակերտուհու՝ դպրոց գնալու ժամանակ ինքը նաեւ այլ պարապմունքների էր հաճախում, այլ բաներով զբաղվում, ծանրաբեռնվածություն չէր զգում, հիմա ողջ օրը տանն է, հյուր գնալ, ընկերուհիների հետ հանդիպել չի կարողանում։

«Հմի տներումը փակված ենք։ Ես դրսի աշխույժ կյանքին եմ սովոր, հմի տանը ման եմ գալիս, որ էներգիաս  սպառեմ.... էս ընթացքում գործել, ռուբիկ-կուբիկ ( 2ր 24 վրկ) հավաքել, իսկական պլաստիլին պատրաստել եմ սովորել, նույնիսկ թխվածք եմ թխում.... », - ասում է Արաքսյա Ամիրաղյանը։

Օնլայն դասերի մասին խոսելիս պնդում է, որ եթե մայրը վերահսկում է միայն իր եւ եղբոր դասապրոցեսը, ապա ուսուցիչը պետք է կարողանա հսկել մոտ քսան-քսանհինգ աշակերտի. «Երբ սկսում ենք բոլորով խոսել, ուսուցիչը բոլորիս ձայնն անջատում է, ասում ՝ հիմա դու պատասխանիր, հիմա անջատիր ձայնը, հիմա դու ասա, մեր անուններն է տալիս.... լավ է, որ կա բոլորի բարձրախոսների ձայնն անջատելու հնարավորությունը»։

Ըստ նրա՝ լինում են դեպքեր, երբ աշակերտներից ոմանք չարաճճիություններ են անում՝ փչում բարձրախոսի մեջ, բարձր ձայնով տեսանյութեր միացնում կամ խզբզում գրատախտակին։ Արաքսյայի կարծիքով՝ շատ ժամանակ  օնլայն դասերին թեեւ միանում են, բայց չեն լսում. «Բարձրախոսը միացնում են, իրանց տան զրիցը լսում ենք, թե ինչ են խոսում, համոզում ենք, որ անջատեն կամ ուրիշ սենյակ գնան»։

Հեռավար դասերից շատ չի դժգոհում, ասում է, ով ուզում է, սովորում է, բայց հոգնում են. «Դասերը դպրոցում ուրիշ են, մարդկային շփումն ուրիշ է։ Գրեթե ամեն ինչին կարոտել եմ ընկերներիս, մեր դասարանը, դպրոցի պատերը», - խոսքը եզրափակում է Արաքսյան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter