HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Տեքստիլ ընկերությունները կկարողանան աշխատել Էկոնոմիկայի նախարարություն դիմելուց հետո

Խորհրդարանի արտահերթ նիստում ինչպես և այսօր առավոտյան, անդրադարձ եղավ տեքստիլ արտադրամասերի աշխատանքին:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իր ելույթում ասաց, որ պարետատունը հայտարարել էր` ապրիլի 20-ից տեքստիլ արտադրամասերն իրենց աշխատանքը կվերսկսեն, եթե վարակի տարածման ինտենսիվությունը նվազ լինի 1-ից:

«Ընդգծեմ, որ այս պահին վարակի տարածման ինտենսիվությունը 1-ից բարձր է, և դրա հետ կապված պարետատունը լրացուցիչ հայտարարություն կանի: Միևնույն ժամանակ նշեմ նաև, որ տեքստիլ արտադրողները հանդիպում են ունեցել Էկոնոմիկայի նախարարությունում, և իրենց առաջարկել են կանոնների պահպանմամբ աշխատեն միայն այն ընկերությունները, որոնք նախապես դիմեն Էկոնոմիկայի նախարարությանը»,- ասաց Լիլիթ Մակունցը:

Նրա խոսքով` ընկերությունների հետ որոշակի պայմանավորվածություն է ձեռք բերվել, և այսօր պարետի համապատասխան որոշումը կլինի:

Այն արտադրողները, որոնք համաձայն են առաջարկվող կանոնների պահպանմամբ աշխատելուն, դիմում են նախարարություն, այնուհետև կարող են ծավալել իրենց գործունեությունը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն արձագանքեց` նման տեղեկատվության իրենք ևս տիրապետում են, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ այնպիսի չափանիշներ են առաջ քաշվել, որ տեքստիլ ընկերությունները չեն կարող աշխատել:

«Սոցիալական հեռավորության պահպանում… հիմա եթե ԱԺ-ի վրա չտարածվեր արտակարգ դրութունը, մենք էդ չափանիշներին չէինք համապատասխանի, քանի որ չէինք կարող իրարից երկու մետր հեռու նստել և քվեարկել: Էնպիսի պայմաններ են դրված այդ ընկերությունների առջև, որ ուղղակի դուք չեք կարող աշխատել, դրա վերնագիրն էդպիսին է»,-ասաց Մարուքյանը:

Ըստ ԼՀԿ ղեկավարի` այդ դեպքում Կառավարությունը պետք է հոգա Վանաձորում գործող Գլորիա կարի ֆաբրիկայի 2600 աշխատակիցների` հետևաբար այդքան ընտանիքների սոցիալական հոգսերը, քանի որ որևէ սոցիալական աջակցություն չեն ստացել, չեն կարող աշխատել, ավելին` ոստիկանությունն էլ տուգանել է: Մարուքյանը կրկին համոզմունք հայտնեց, որ այդ տուգանքները պետք է չեղարկվեն:

«Տեսե՛ք՝ ինչ է եղել` հա՛մ ասում ենք մի աշխատեք, հա՛մ էնպիսի չափանիշներ ենք սահմանել, որ իրենց աջակցություն չի հասնում, համ էլ տուգանում ենք 100 հազար դրամ»,-եզրափակեց Մարուքյանը:

Լուսանկարը՝ կառավարության մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter