HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինքնամեկուսացածները․ նրանք շարժվում են դեպի Արագած

Ֆայզո Շամոյանը նստում է աթոռին, թևերի տակ է առնում ոչխարների գլուխները. նրանք անշարժանում են։ Երկու կողմում նստած կթվորուհիներն արագ-արագ կթում են ոչխարներին։

Լեյլա Շամոյանը խնդրում է, որ իրեն չնկարենք: Հետո հարցնում է․

- Էս Եվրոպա էլ պիտի էթա՞։ 

- Հա, ձեր հարազատներն էլ կտեսնեն,- պատասխանում եմ։ Դրանից հետո նա այլևս չնկարելու մասին ոչինչ չասաց։

Քնարիկ Շաբաբյանին սկսում ենք նկարել։ Հարցնում է՝ ինչի՞ց եմ խոսելու:

- Կորոնավիրուսից, անասնապահների դժվարություններից:

- Ա’յ ցավդ տանեմ, ի՞նչ խոսամ, սարի վարձը, ասում եմ, շատ թանկ է, քարքարոտ է լրիվ, բայց էդ մեր վրեն թանկ են հաշվում: Էսի սենց: Հիմա էդ վիրուսի համար: Մենք կարա՞նք էս անասունին տեղավորենք, գնանք, տունը նստենք, ինչ է թե չհիվանդանա՞նք: Չենք կարող, չէ՞: Էդ անասունը պիտի պահվի:

- Իսկ մաքրությո՞ւնը,- հարցնում եմ:

- Դե, մաքրությունը պիտի պահվի:

- Հինգ ժամ էստեղ նստած եմ: Տելեվիզորով էլ ասում են՝ րոպեն մեկ ձեռքերդ պիտի լվանաս: Ես հիմա հինգ ժամ նստում եմ, ո՞նց լվանամ: Պիտի հիմա հելնեմ, նոր լվանամ, ճի՞շտ է: Էսի նենց գործ ա, որ պիտի արվի:

- Հա, հո անասուններին մենակ չեք թողնի,- ասում եմ:

- Չէ, անհնար է: Հիմա, որ մենք կթում ենք, որ չկթենք՝ ավելի լավ էր: Ավելի լավ է գիտե՞ք խի, որովհետև պանիրը հիմա չի ծախվում: Հաճախորդները չեն գալիս, ասում են՝ արտակարգ դրություն է, չենք կարող գալ-տանել: Մենք էլ էս անասունի պտուկների խաթրին պիտի կթենք: Որովհետև կփչանա: Գառներն արդեն դուրս են գալիս արածում են, արդեն կաթը չեն խմում:

- Չե՞ք հոգնում էս վիճակից:

- Բա չենք հոգնում․․․ ի՞նչ անենք: Էս էլ մեր ապրուստի ձևն է, ի՞նչ անենք: Ցավդ տանեմ, բա սենց ենք: Քոչերը բացում ենք, թափում ենք, քանդում ենք, էլի գնում ենք վերևի սարը, նույն բանն անում:

- Արտակարգ դրությունը ձեզ վրա ո՞նց է ազդել:

- Մենք տնից դուրս չենք գալիս,- ասում է Միրզան:

Տուն ասելով՝ նա նկատի ունի իրենց արոտավայրը։

Կորոնավիրուսի այս համավարակից շատ-շատ տարիներ առաջ էլ նրանք ինքնամեկուսանում էին։ Տարվա ընթացքում՝ վեց-յոթ ամիս։ Գուցե պատճառը նաև սա է, որ անասնապահներն այդքան անհագստացած չեն և կորոնավիրուսի մասին մեր հարցերն այնքան էլ լուրջ չեն ընդունում։ Ապրիլի սկզբին նրանք հավաքում են իրենց վրանները, մթերքը, հագուստը, անհրաժեշտ բոլոր իրերն ու շարժվում դեպի բարձադիր արոտավայրեր։ Այնտեղ հասնելու համար 3-4 կանգառ են անում՝ կախված եղանակից։ Եւ այսպես սկսվում է նրանց ինքնամեկուսացման գործընթացը։ Մինչև աշնան սկիզբը մնում են Արագածի լանջերին։

Աշխարհից կտրված, իրենց վրաններում, իրենց ոչխարներով, կովերով, շներով, ձիերով։

Մենք բժշկական դիմակներով ենք, նրանք՝ առանց դիմակի: Անասնապահները դիմակ չեն օգտագործում։ Մեր դիմակներից սկզբում, կարծես, զգուշանում են։ Երեխաների համար մենք անսովոր տեսք ունենք, և մեզ տեսնելով՝ նրանք վազելով մտնում են վրանները: Այստեղ պատսպարվելու այլ տեղ չկա, բացի վրաններից և անիվների վրայի տնակից: Երեխաները գաղտագողի հետևում են մեզ։ Մենք զրուցում ենք նրանց հարազատների հետ։ Հետո աստիճանաբար սկսում են դուրս գալ ու մոտենալ մեզ։ Մի քանի ժամ հետո երեխաներն արդեն լուսանկարիչների հետ նայում են իրենց լուսանկարներն ու ուրախանում։ Նրանց համար հավաքում եմ քարեր, ծառի բարակ ճյուղեր, խոտ ու ինչ-որ պահի արդեն խաղընկերներ ենք. պարիսպ ենք սարքում, ծառեր տնկում:

Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի հարևանությամբ գտնվող մի դաշտում իր վրաններն է խփել Խալոյանների ընտանիքը։ Սա նրանց առաջին կանգառն է Արագածի ամառային արոտավայրի ճանապարհին: Այսպիսի ևս երեք կանգառ են ունենալու։

Անասնապահների հետ պայմանավորվել էինք նախորդ օրը. 12-ին կաթի ժամն է։ Երկու եղբայր՝ Խալոյան Խադոն ու Միրզան, ընտանիքներով են ապրում այստեղ: Տղաների մայրը՝ Քնարիկ Շաբաբյանն էլ է իրենց հետ: Ոչխարների կաթը կթելու ժամին նրանց օգնում էին բարեկամները՝ Լեյլա և Ֆայզո Շամոյանները։

- Հարյուրավոր ոչխարներ կթելն իսկապես դժվար գործ է,- երկու ժամ հետևելով Քնարիկին՝  ասում եմ նրան:

- Տանջանք է, բայց դե մեր ապրուստը սա է,- պատասխանում է։

Օշականցի Խալոյանների ընտանիքը սեփական ոչխարներ չունի, ուրիշի ոչխարներն են պահում: Դրա դիմաց նրանց է մնում կաթը, որից էլ պանիր են սարքում ու վաճառում: Նրանց ապրուստն այս ոչխարների տված կաթն է: Խադոյին հարցնում եմ՝ ինչո՞ւ Կառավարության անտոկոս վարկից չի օգտվում սեփական ոչխարներ գնելու համար: Պատմում է, որ հայրը ժամանակին երաշխավոր է եղել մեկի համար, որը չի կարողացել մարել վարկն, ու հայտնվել են սև ցուցակում:

Խադոն ոչխարները քշում է դեպի կթվորները։ Քնարիկ Շաբաբյանը ոչխարներին կթելով էր մեզ հետ զրուցում: Ու հինգ ժամ շարունակ նա նստած էր նույն տեղում։ Կթից հետո ոչխարները գնում են կողքի փարախը, որտեղ ավարտելուց հետո բաց են թողնելու գառներին։ Քնարիկն ասում է, որ գառների բաժինը թողնում է:

Մի պահ զգացի, որ Քնարիկն ուժասպառ է եղել: Բայց ծանր աշխատանքը նրա կենսախնդությունը չի նվազեցնում։ Երբ հարցնում եմ՝ այսքան ֆիզիկական աշխատանքից հետո ինչպե՞ս չի կորցնում կենսուրախությունը, ասում է՝  երեխաներս կողքիս են, դրանից է։

Կաթը դատարկելիս Լեյլան մանրամասն սկսեց պատմել պանիր պատրաստելու ընթացքը։ Նրանք ուրախ են․ սա նրանց կյանքն է և իսկապես հաճույքով են անում այդ աշխատանքը: Տարվա այս ժամանակահատվածը նրանց ուրախությունն է, ու Արագածի փեշերին նրանց ազատության սահմանները չի սահմանափակելու նույնիսկ կորոնավիրուսը։

Մենք պայմանավորվում ենք ամռանն այցելել իրենց արդեն Արագածում։

«Դե, մեր գործն անասունների հետ է, ավելի հեշտ է, ձերը մարդկանց հետ է, դժվար է ձեր գործը»,- ասում է Քնարիկ Շաբաբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter