Կորոնավիրուսի համավարակը շարունակում է տարածվել Եվրոպայում
Կորոնավիրուսի համավարակը շարունակում է տարածվել հին աշխարհամասում։ Եվրոպական երկրներում կառավարությունների կողմից իրականացվում են գործողություններ, որոնք նպատակաուղղված են COVID-19 կորոնավիրուսի տարածման կանխարգելմանը։ Այդուհանդերձ, Իսպանիան, Իտալիան և եվրոպական մի շարք երկրներ աստիճանաբար թուլացնում են մեկուսացման խիստ ռեժիմը, իսկ Մեծ Բրիտանիայում ավարտվել են պաշտպանության միջոցների պաշարները։
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ կառավարությունը դիտարկում է մայիսի կեսերից թուլացնել երկրում հաստատված կարանտինի խիստ պայմանները, սակայն գործընթացը կլինի փուլային և դանդաղ։ Ընդ որում, արդեն իսկ որոշ մեղմացումներ սկսել են կիրառվել։ Կիրակի օրը 14 տարեկանից ցածր երեխաներին թույլատրվել է մեծերի ուղեկցությամբ դուրս գալ զբոսանքի։ Նախկինում երեխաներին արգելվում էր տնից դուրս գալը։ Համաձայն Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների՝ Իսպանիան Եվրոպայում զբաղեցնում է առաջին հորիզոնականը վարակակիրների թվով, իսկ մահացության ցուցանիշներով երկրորդը՝ զիջելով միայն Իտալիային։ Երկրում կարանտինային խիստ ռեժիմ սահմանվել էր մարտի 14-ից։
Ֆրանսիայում երրորդ օրն է արդեն, ինչ շարունակվում են անկարգությունները, որոնք տեղի են ունենում Փարիզի հյուսիսային արվարձաններում։ Ոստիկանության հետ բախումների ժամանակ երիտասարդներն այրում են աղբամանները և քարեր նետում։ Սոցիալական ծառայությունները կարծում են, որ այդ շրջանների սովորական աղքատությունը, որը զուգորդվում է կարանտինի և փողոցներում ոստիկանների առկայության հետ, հանգեցրել է սոցիալական լարվածության աճի։
Այդուհանդերձ, 13-րդ օրն է ինչ երկրի հիվանդանոցներում նվազում է ինտենսիվ թերապիա ստացող կորոնավիրուսով հիվանդ պացիենտների թիվը։ Ներկայումս վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 5 433 հիվանդ։ Չնայած, օրական երկրում կորոնավիրուսից մահանում են հարյուրավոր պացիենտներ։ Ապրիլի 21-ին Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացել է 531 մարդ։ Համաճարակի տարածումից հետո երկրում մահերի ընդհանուր թիվը հասել է 21 340-ի։
Իտալիայի իշխանությունները շաբաթվա վերջին կներկայացնեն կարանտինից երկրի դուրսբերման նախագիծը։ Վարչապետ Ջուզեպպե Կոնտեի խոսքերով՝ բնականոն կյանք վերադարձը կլինի խիստ համակարգված և գիտնականների ու բժիշկների հետ համաձայնեցված, որոնք զբաղվում են COVID-19 կորոնավիրուսով։ Նախագծի մեկնարկը նախատեսվում է տալ մայիսի 4-ին։ Երկրում վարակվածների թիվն աստիճանաբար իջնում է, չնայած բարձրանում է մահացության աստիճանը։ Վերջին օրվա ընթացքում երկրում մահացել է 534 մարդ, իսկ մահացության ընդհանուր թիվը հասել է 25 085-ի, որը Եվրոպայում ամենաբարձր ցուցանիշն է։
BBC-ն հայտնում է, որ Մեծ Բրիտանիայում վերջին օրվա ընթացքում հիվանդանոցներում կորոնավիրուսից մահացել է 763 մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը հասել է 18 100-ի, իսկ վարակակիրների թիվը՝ շուրջ 134 000-ի։ Այդուհանդերձ, այս վիճակագրության մեջ նշված չեն կորոնավիրուսով այն հիվանդները, որոնք մահացել են իրենց տանը, ծերանոցներում և մյուս փակ հաստատություններում։ Ընդ որում, իշխանությունների տվյալներով, մահվան այդպիսի թվերը վերջին հինգ օրերի ընթացքում կրկնապատկվել են, ինչը ենթադրում է, որ երկրում մահվան ընդհանուր թիվն ավելի բարձր է, քան պաշտոնական թվերը։
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթյու Հենքոքի խոսքերով՝ ներկայումս Բրիտանիան գտնվում է համաճարակի գագաթնակետին։ Սա հույս է տալիս, որ շուտով աճը կընկնի, սակայն կարանտինը կհանվի այն ժամանակ, երբ կառավարությունը վստահ կլինի, որ չկա երկրորդ ալիքի վտանգ։ Զուգահեռաբար, Մեծ Բրիտանիայում սկանդալ է հասունանում այն բանի համար, որ Մեծ Բրիտանիան չի մասնակցում ԵՄ կողմից հատուկ նշանակության դեղորայքի և COVID-19 կորոնավիրուսի ախտորոշման միջոցների ձեռքբերման համաձայնագրին։ Այդ համաձայնագրով նախատեսվում է պարզեցված կերպով բժիշկների համար գնել անհատական պաշտպանության միջոցներ, թոքերի արհեստական շնչառության ապարատներ, լաբորատորիաների սարքավորումներ, ինչպես նաև թեստեր։ Համաձայնագրին կարող են մասնակցել եվրոպական բոլոր երկրները՝ անկախ ԵՄ անդամակցությունից։ Համատեղ գործողությունների առաջին քննարկումը տեղի էր ունեցել դեռ հունվարի վերջին, իսկ մարտի 17-ին հատուկ ստեղծված հանձնաժողովն սկսել է ընդունել պատվերներ կոնկրետ ապրանքատեսակների համար, որոնք պետք է ուղարկվեն պատվիրատու երկրներ։
ԵՄ պաշտոնյաների խոսքերով՝ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները չեն մասնակցել գործընթացի բոլոր քննարկումներին, և նախատեսված օրը հանձնաժողովը հայտ չի ստացել Մեծ Բրիտանիայից։ Բրիտանական իշխանությունները նշել են, որ ուղղակի չեն հասցրել հայտ ներկայացնել նշված ժամկետներում։ Զուգահեռաբար, Լոնդոնի մի շարք հիվանդանոցներում սպառվում են բժիշկների անհատական պաշտպանության միջոցները, իսկ որոշ հիվանդանոցներում արդեն իսկ սպառվել են։ Լոնդոնի բնակիչները սեփական նախաձեռնությամբ առցանց խանութներից և մասնավոր ֆաբրիկաներից հիվանդանոցների համար ձեռք են բերում անհատական պաշտպանության միջոցներ։
Ռումինիայի իշխանությունները գանձապետարան են ուղղել կարանտինի պայմանների խախտումների տուգանքներից գոյացած շուրջ 78 միլիոն եվրոն։ Մոտավորապես նույնքան գումար էլ կազմում է փետրվար ամսվա երկրի հարկային մուտքերը։ Նշվում է, որ մարտի վերջից ոստիկանությունը տուգանել է մեկուսացման ռեժիմի շուրջ 200 000 իրավախախտների։ Ամենից շատ տուգանքներն արձանագրվել են մայրաքաղաք Բուխարեստում և նրա արվարձաններում։ Տուգանումից չի խուսափել նաև Բուխարեստի քաղաքապետ Ռոբերտ Նեգոիցան։ Նա տուգանվել է քաղաքային զբոսայգում հեծանիվ վարելու համար։ Փողոցներով երթևեկել թույլատրվում է միայն տնտեսության կարևոր ճյուղերի աշխատակիցներին, մյուսները կարող են ցերեկային ժամերին տնից դուրս գալ միայն գնումներ կատարելու համար, որը թույլատրվում է մի քանի օրը մեկ անգամ։
Նիդերլանդների ֆինանսների նախարար Վոպկե Հուքստրան հայտարարել է, որ բժիշկները, որոնք պայքարում են մարդկային կյանքերի համար և ամեն օր իրենց ենթարկում ռիսկի, արժանի են առավել մեծ ճանաչման, քան ուղղակի ծափահարությունները։ Վերջինս նկատի ունի բրիտանական նախաձեռնությունը, երբ յուրաքանչյուր հինգշաբթի բրիտանացիները, ի նշան երախտագիտության, ծափահարում են Ազգային առողջապահական համակարգի աշխատակիցներին։ Հուքստրայի կարգադրությամբ՝ Նիդերլանդների յուրաքանչյուր բուժաշխատող իր աշխատանքի համար կստանա դրամական հավելավճար։ Պարգևատրման չափը դեռևս չի նշվում։
Գերմանիայի իշխանությունները չեղարկել են Բեռլինի ավանդական մարաթոնը, որը պետք է տեղի ունենար սեպտեմբերին։ Երկրում բազմամարդ հավաքների արգելքը երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 24-ը։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել