
ԱԺ արտահերթ նիստ` «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի փոփոխության առաջարկով
Խորհրդարանը Կառավարության առաջարկով ապրիլի 28-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրելու: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերից:
Արտահերթ նիստի օրակարգում երեք հարց է`«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին», Աշխատանքային օրենսգրքում և «2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մասին:
Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին նախագծով առաջարկվում է ամրագրել, որ Կառավարության որոշմամբ՝ վարչապետը, կամ այդ որոշմամբ սահմանված՝ փոխվարչապետը արտակարգ դրության ընթացքում ի պաշտոնե հանդես է գալիս որպես արտակարգ դրության պարետ:
Պարետն իրականացնում է արտակարգ դրության տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումը, ինչպես նաև համակարգում է արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացումը։ Սույն մասով սահմանված լիազորությունների իրականացման համար պարետը կարող է ընդունել համապատասխանաբար վարչապետի կամ փոխվարչապետի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:
Այս փոփոխության առաջարկով, սակայն, կասկածի տակ է առնվում պարետի ընդունած որոշումների օրինականության հարցը: Հիշեցնենք, որ նախորդ արտահերթ նիստին ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը բարձրաձայնում էր այս խնդրի մասին` ասելով, որ պարետն իրավասու չէ համապատասխան իրավական ակտեր ընդունել, դրանք պետք է լինեն կառավարության որոշումներով: Պարետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքել էր, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը իրավական տեսանկյունից մի շարք բացեր ունի, և այն լրամշակման կարիք ունի:
Մեկնաբանել