HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

300 մլն դրամ՝ զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին մատուցվող բուժօգնության պետպատվերի շրջանակն ընդլայնելու համար

Կառավարությունն այսօր՝ ապրիլի 23-ին ընդունեց որոշում, որով կարգավորվորվում է 2013 թվականին սկսած պետպատվերի շրջանակներում զինծառայողներին, նրանց ընտանիքի անդամներին մատուցվող բժշկական օգնությունը։

«Վերջին 2 տարիների բարեփոխումների արդյունքում ստացվել էր այնպես, որ մեր ժամկետային զինծառայողների ծնողները իրենց բարդ և թանկարժեք վիրահատությունների մասով ստանում էին պետությունից 100 % փոխհատուցում, իսկ պայմանագրային զինծառայողները և սպայական անձնակազմը բարդ և թանկարժեք տեխնոլոգիաներով բուժօգնություն ստանալիս օգտվում էր միայն համավճարային փոխհատուցումից՝ սրտի բարդ վիրահատություններ, գլխուղեղի վիրահատություն, թվով 16 վիրահատություններ։ Կարծես թե ստացվել էր անհավասար իրավիճակ, որը մենք փորձում ենք այս կառավարության որոշումով ուղղել»,-նշեց Արսեն Թորոսյանը։

Ներկայումս «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում զինծառայողների ընտանիքների անդամների համար նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող որոշ ծառայություններ, այդ թվում՝ սրտի վիրահատությունները, իրականացվում են արտոնյալ պայմաններով (համավճարային սկզբունքով)՝ առողջապահության նախարարի հրամանով հաստատված գներով:

Նախագծով առաջարկվում է զինծառայողների ընտանիքների անդամներին նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող ծառայությունները իրականացնել ամբողջությամբ պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով, ինչպես նաև կանոնակարգել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար 15 և ավելի մեգաէլեկտրոնվոլտ հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով չարորակ հիվանդությունների ճառագայթային բուժման փոխհատուցման հարցը և «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շահառուների հերթագրման գործընթացը:

Պետպատվերից կարող են օգտվել նաև ոստիկանության, ԱԱԾ և ԱԻՆ աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները։

 «Եթե նախկինում պայմանագրային զինծառայողի ծնողին կարիք լիներ, օրինակ՝ սրտի կորանար անոթների ստենդավորում, որը արժի ,ենթադրենք, 1 մլն դրամ, նա վճարելու էր դրա կեսը՝ 500,000 դրամ, հիմա նա չի վճարելու»,-հայտնեց Առողջապահության նախարարը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կա ծառայությունների մի շրջանակ, որն իրականացվում է պետության հաշվին, բայց, այնուամենայնիվ, այս շրջանակը անսահման չի, այդ սահմանից դուրս էլ կան ծառայություններ, որոնք չեն վճարվում կառավարության կողմից․«Մյուս կողմից էլ հարց ա ծագում, եթե մենք էսպիսի որոշումներ ենք կայացնում մարդկանց կյանքում ինչ ա փոխվում, որովհետև մարդիկ ուզում են ամեն ինչ լինի պետպատվեր։ Եթե ամեն ինչ պետպատվեր չի, ընկալումն էն ա, թե ոչինչ էլ պետպատվեր չի»։

Կառավարության որոշման ընդունման կապակցությամբ կպահանջվի մոտ 300 մլն դրամ լրացուցիչ գումար, կամ այն կիրականացվի 2020թ. պետական բյուջեով առողջապահության ոլորտի գծով նախատեսված մնացած ծրագրերի համար նախատեսված միջոցների խնայողությունների հաշվին:

Լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter