HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բագարանում խմում են չախտահանված ջուր և լողանում առվի ջրով

«Էսօր ֆորմի մեջ չեմ, դու էլ եկել, նկարում ես»,- ասում է բագարանցի Սիլվա Դանիելյանն ու արագ-արագ կարգի բերում իրեն: Նա ամուսնու հետ եկել էր գյուղի վերջնամասում՝ հայ-թուրքական սահմանի անմիջական հարևանությամբ գտնվող «Գորտի աղբյուր», որը տասնամյակներ շարունակ բագարանցիների հանդիպման վայրն է դարձել: Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան գյուղում խմելու ջուր չկա, և գյուղի բնակիչներն այդ վայրից են ջուր տանում: Ջուրը չի ախտահանվում, բժիշկները խորհուրդ են տվել, որ օգտագործեն միայն կենցաղային նպատակներով, սակայն գյուղացիները կարծում են, որ պիտանի է խմելու համար:

«Առավոտից գնացել էինք բանջար հավաքելու, որ տանենք, վաճառենք, ծառերի համար բուժանյութ առնենք, եսիմ՝ բանջարն էլ կծախվի, թե չէ: Հլը տուն չենք մտել, դրա համար էլ այս վիճակում եմ»,- ասում է տիկին Սիլվան և կռանալով աղբյուր կոչված առվակի վրա` փորձում է ջուր լցնել:

Պատմեց, որ արդեն 43 տարի ապրում է Բագարան գյուղում: 16 տարեկան է եղել, երբ ամուսնացել է, և այդ օրվանից տան ծորակից եկող ջուր չի տեսել:  Ջրի բացակայության պատճառով չեն կարողանում ոչ բաղնիք կառուցել, ոչ էլ ժամանակակից լվացքի մեքենա գնել:

Գյուղում այժմ ապրում են երկուսով՝ այր ու կին: Զավակները տեղափոխվել են Երևան: Վերջիններս մայրաքաղաքում վարձով են ապրում և աշխատում, քանի որ գյուղում հնարավոր չէ աշխատանք գտնել, իսկ հողը եկամուտ չի բերում:

«Հետք»-ն անդրադարձել է Բագարանի խնդիրներին: Այստեղ ոչ խմելու ջուր կա, ոչ գազ, ոչ էլ տրանսպորտ: Իսկ ճանապարհների վիճակը, մեղմ ասած, անմխիթար է:

«Մարդիկ, եթե ջուր չեն ունենում, առվի ջուր էլ են խմում: Փողոց կա շատ հեռու ա, չեն կարողանում գալ, ջուր տանել, կամ ավտո չունեն, առվի ջուր են խմում»,-ասում է տիկին Սիլվան:

Բագարանցիները «Գորտի աղբյուր»-ից միայն խմելու ջուրն են տանում, իսկ լողանալու կամ ամանները լվանալու, կենցաղում օգտագործելու համար օգտագործում են առվի ջուրը:

«Ասում են իբր առվի ջուրը մաքուր ջուր ա, քանի որ հոսող ա, բայց ինչ սատկած կենդանի ասես առվով գալիս ա: Մենք էլ դրանով աման ենք լվանում ու լողանում ենք, ճարներս ինչ»,- ավելացնում է Սիլվա Դանիելյանը:

Նա հաճախ է հեռուստատեսությամբ լսում, որ կորոնավիրուսով չվարակվելու կամ վարակը չտարածելու համար խորհուրդ են տալիս հաճախ լվացվել հոսող ջրով՝ առնվազն 20 վայրկյան տևողությամբ:

«Տելեվիզրով, որ ասում են հաճախ լվացվեք, դա բագարանցիներիս չի վերաբերում, ստեղ ջուր չկա, որ խմենք, ո՞նց ենք օրը մի քանի անգամ լվացվելու: Էն ջուրը, որով լողանում ենք, տեղով արդեն վարակ ա»,- նշում է տիկին Սիլվան:

Գյուղ մտնելիս դժվար թե անծանոթների մտքով անցի, որ Բագարանում խմելու ջուր չկա: Գյուղի մի հատվածի տան տանիքներին ջրատաքացուցիչներ են տեղադրված: Հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս են ջրատաքացուցիչներն աշխատում, եթե գյուղը ջուր չունի:

«Արի´, հիմա ցույց կտամ, թե ոնց ա աշխատում: Բայց, որ տենաս, չփոշմանես հարցիդ համար»,- ասում է համայնքապետարանի մոտակայքում ապրող Մարտունը և ուղեկցում իրենց տուն, որի տան տանիքին ևս ջրատաքացուցիչ է դրված:

Պատմեց, որ մի քանի հարևաններով գետի ջուրը խողովակներով բերել են իրենց բակեր և պոմպի միջոցով աշխատեցնում են ջրատաքացուցիչները, որ գոնե կարողանան լողանալ: Սակայն, ջրատաքացուցիչների ընձեռած հնարավորությունը կարողանում են տարվա ընթացքում մի քանի ամիս օգտագործել: Ձյան կամ անձրևի ջրերը պղտորում են գետը, և այդ ջրով չեն կարող լողանալ:

«Հենց անձրև ա գալիս, էլի տաշտի մեջ ենք լողանում մինչև գետի ջուրը մաքրվում ա: Սա ի՞նչ վիճակ ա: Հիմա տղես պիտի գործից հոգնած գա, բայց ծորակից ցեխ ա գալիս, ո՞նց լողանա: Յեքա հասուն տղամարդը պիտի նստի տաշտի մեջ ու լողանա»,- ասում է Մարտունը և հավելում, որ նույն ջրով իրենք և լողանում են, և հողամասերն են ոռոգում:

Դեռ նախորդ տարվանից խոսվում էր, որ Բագարանում խմելու ջրի համակարգ է անցկացվելու: Համայնքի ղեկավար Գևորգ Մարգարյանից հետաքրքրվեցինք, թե ինչ ընթացքի մեջ են աշխատանքները, և բագարանցիները երբ խմելու ջուր կունենա:

Համայնքի ղեկավարն ասաց` ջրագծի նախագիծն արվել և ուղարկվել է Կառավարություն, և սուբվենցիոն ծրագրով արվելու է: Ծրագիրի մեկնարկը տրվելու է հունիսի 1-ից:

«Երկու փուլով է իրականացվելու, մեծ ծրագիր է: Առաջին փուլի համար մրցույթ են հայտարարելու, մրցույթով աշխատանքները կիրականացվեն»,- նշում է Գ. Մարգարյանը:

Համայնքապետի խոսքով՝ ծրագրի արժեքը կազմում է մոտ 200 մլն դրամ, որի 30 %-ը ֆինանսավորելու է համայնքը, իսկ 70 %-ը՝ Կառավարությունը: Թե բագարանցիները երբ խմելու ջուր կունենան՝ հայտնի չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter