Ջուր, գազ, բարեկարգ ճանապարհ ունենալը համայնքապետն իրենց «խելքի բանը» չի համարում
Տարիներ շարունակ Բագարանում կապիտալ ոչ մի ներդրում չի իրականացվել: Այստեղ ամեն ինչ հին է և վերանորոգման կարիք ունի՝ սկսած համայնքապետարանի շենքից: Բագարանում եղել էի 2009թ.: Այս տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել:
Գյուղը չունի կոմունալ և ոչ մի հարմարություն: Չկա խմելու ջուր, գազ, հասարակական տրանսպորտ: Չի գործում մշակույթի տունը: Փողոցները չունեն գիշերային լուսավորություն:
Բագարան համայնքը գտնվում է Արմավիրի մարզում՝ Երևանից 90 կմ հեռու: Սահմանակից է Թուրքիային: Համայնքը պետական սահմանից հեռու է մի քանի հարյուր մետր, այդ իսկ պատճառով երբեմն ասում են, որ հեռավորությունը 0 կմ է: Համայնքի տարածքով են անցնում Ախուրյան և Արաքս գետերը: Վերջիններս հատվում են հենց Բագարանում:
Բագարանի ճանապարհները հողից են: Ասֆալտապատ է համայնք տանող ճանապարհի միայն սկզբնամասը: Այդ ճանապարհահատվածը ասֆալտապատ ասելն էլ հարաբերական է: Փոսերն այնքան մեծ են, որ ասֆալտի կտորները հազիվ են նշմարվում:
Մեր այցելության պահին, համայնքապետարանի դռները բաց էին, սակայն ներսում ոչ ոք չկար: Գյուղացիները պատմեցին, որ համայնքապետարանի աշխատակիցներին տեսնելու համար պետք է «բախտ» ունենալ: Նրանք միշտ չէ, որ լինում են աշխատավայրում:
Բագարանի փողոցներում մարդ չկար: Տպավորությունն այնպիսին էր, որ գյուղացիները տան դռները փակել ու հեռացել էին գյուղից: Մի քանիսին հանդիպեցինք գյուղի «Գորտի աղբյուր» կոչվող վայրում, որտեղից մարդիկ տարաներով ջուր էին տանում: Գյուղացիները նշում էին, որ հիասթափված են, քանի որ ապրելով պետական սահմանի հարևանությամբ` զրկված են բոլոր հնարավորություններից:
Անղալատ Գինոսյանը Բագարան գյուղի բուժքույրն է: Գյուղը սպասարկվում է «Երվանդաշատի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի կողմից և բուժքույրը, աշխատանքի բերումով, հաճախ է գնում հարևան գյուղ: Նա դժգոհեց ճանապարհների վատ վիճակից և տեղական իշխանությունների անտարբերությունից:
«Գյուղում շարժ չկա, որ գյուղապետաարանը կամ մեկ այլ մարմին աշխատի: Եթե ուզում եք իմանաք, ասեմ՝ մեր գյուղին տեր չկա: Եկել, տեսել եք չէ՞ ճանապարհի վիճակը: Տրանսպորտ չունենք: Գնում ենք սանէպիդկայան, հաշվետվություն ենք տանում, թղթաբանություն կա, բժիշկի ավտոմեքենայով ենք գնում: Գյուղում մի տրանսպորտ չկա, որ դուրս գաս, կանգնես, ասես՝ հեսա տրանսպորտը կգա, նստեմ, գնամ իմ հարցերը լուծեմ, երեկոյան հետ գամ: Գնում ենք մի կերպ՝ «չերեզներով»: Գնալուց կանգնում ենք փողոցում, որ մեկը մի տեղ գնա, մեզ էլ հետները տանի, բայց հետ գալուց էլ ստիպված տաքսի ենք նստում: Գազ էլ չունենք, լրիվ անտեր գյուղ ա», ասում է Անղալատ Գինոսյանը:
5-6 տարի առաջ Երվանդաշատ, Բագարան գյուղ գնացող հասարակական տրանսպորտ՝ «Գազել» է աշխատել: Ոչ եկամտաբեր լինելու պատճառով երթուղին այլևս չի շահագործվել:
Նշենք, որ Բագարան համայնքի բյուջեն կազմում է մոտ 15 մլն դրամ, որից 32,2%-ն է սեփական եկամուտները, մնացածը կառավարության տրամադրած դոտացիան է:
Գևորգ Մարգարյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ համայնքը կապիտալ ներդրումների համար ֆինանսական միջոցներ չունի, համայնքային բյուջեն շատ քիչ է: Օրինակ՝ գազաֆիկացման համար պետական կամ դոնոր կազմակերպությունների ծրագիր է անհրաժեշտ, քանի որ ներդրվող գումարները մեծ են:
«Այս թեմայով խոսակցություն էլ չկա: Ֆինանս չկա, չեմ կարող ասել: Համայնքը 2006թ. 46 մլն դրամ տվեց գազաֆիկացման համար, տարան մի մասը կերան, մի մասն էլ կիսատ թողեցին, նպատակին գումարը չծառայեց»,- ասում է համայնքապետը:
Տարիներ առաջ Արմավիրի մարզի ծայրամասային 4 գյուղերը` Վանանդը, Կողբավանը, Բագարանը և Երվանդաշատը միասին են սկսել գազաֆիկացման աշխատանքները, սակայն արդյունքում գազը մուտք է գործել միայն մեկ գյուղ` Վանանդ: Չորս համայնքապետերը հավաքվել են և որոշել գումարը տալ մեկ կազմակերպությանը՝ «Մանշին» ՍՊԸ-ին: Մեծ տրամագծով մեկ մայր գազատար են բերել մինչև Վանանդ, իսկ այդտեղից արդեն բաժանել մնացյալ երեք գյուղերին: Գումարի 50%-ը փոխանցվել է, աշխատանքները սկսվել են, սակայն գազը հասցրել են մինչեւ Վանանդ:
Մի խումբ անձանց կողմից հանցավոր համաձայնության գալով, խարդախությամբ և կեղծելով փաստաթղթեր` մի շարք համայնքներից առանձնապես խոշոր չափերի հասնող գումարներ կորզելու մեղադրանքով 20.08.2009թ. ոստիկանության Արագածոտնի մարզային քննչական բաժնի Թալինի քննչական խմբի կողմից հարուցվել էր քրեական գործ:
Ըստ քրեական գործի նյութերի՝ Վահան Մկրտչյանը, 2003-2006թ. ընթացքում աշխատելով որպես «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի Արմավիրի մասնաճյուղի տնօրեն, քաջատեղյակ լինելով գազաֆիկացման ընթացքում կատարվող աշխատանքներին, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դիտավորությամբ, 2003-2005թթ. ընթացքում հիմնադրել է «Մանշին» և «Ման-նախ» ՍՊԸ-ները: Ձևականորեն դրանք գրանցել է իր որդու` Երևան քաղաքի բնակիչ Արամ Մկրտչյանի անվամբ և փաստացի իրականացնելով նշված ընկերությունների տնօրենների գործառույթներն ու ղեկավարումը` գազաֆիկացման աշխատանքների վերաբերյալ պայմանագրեր է կնքել Արմավիրի մարզի Վանանդ, Կողբավան, Երվանդաշատ, Բագարան և Արագածոտնի մարզի Արտենի, Արագածավան համայնքների ղեկավարների հետ:
Սկզբնական շրջանում կատարել է որոշակի աշխատանքներ, այնուհետև, չարաշահելով համայնքների ղեկավարների վստահությունը, տարբեր պատճառաբանություններով, թե իբր ՍՊԸ-ն ազատ շրջանառու միջոցներ չունի համապատասխան չափով խողովակներ գնելու և շուկայական թանկացումները կարող են ազդել գազաֆիկացման աշխատանքների վրա, վերջիններիս առաջարկել է պայմանագրով նախատեսված, սակայն դեռևս չկատարված աշխատանքների դիմաց ՍՊԸ-ներին փոխանցել գումարներ` հետագայում աշխատանքները կատարելու պայմանով:
Համայնքների ղեկավարները, վստահելով Վահան Մկրտչյանի խոստումներին «Մանշին» և «Ման-նախ» ՍՊԸ-ների հաշվեհամարներին փոխանցել են ընդհանուրը 258.944.600 դրամ: Վահան Մկրտչյանը ստացված գումարի դիմաց կատարել է ընդամենը 169.757.604 դրամի աշխատանքներ և խարդախությամբ հափշտակել մնացած 88.202.996 դրամ գումարը և այն ծախսել իր անձնական կարիքների համար:
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2010թ. մայիսի 7-ին Վահան Մկրտչյանին մեղավոր էր ճանաչել քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն) և դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով: Սակայն, Վ. Մկրտչյանի ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չէի կիրառվել և սահմանվել էր 2 տարի ժամկետով փորձաշրջան:
Անդրադառնալով գյուղում լուծում չստացած մյուս հարցերին` Բագարանի համայնքապետ Գևորգ Մարգարյանը բոլոր պատասխանները սկսում էր հետևյալ նախադասությամբ. «Ֆինանս չունենք, որ ֆինանս ունենանք` կանենք»: Նրանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում համայնքի մշակույթի տան շենքի վերանորոգման, ճանապարհների բարեկարգման և գիշերային լուսավորության ուղղությամբ:
«Դա մեր համայնքի խելքի բանը չէ, պետական մոտեցում է պետք: Դիմել եմ երջանկահիշատակ Արմեն Երիցյանին ճանապարհների համար, ասաց կանենք, բայց չստացվեց: Մեր այսօրվա համար առաջին խնդիրը ջուրն է: Եթե մշակույթի տունը կարգի բերենք, մի մասը նպատակին կծառայի: Այն ժամանակ էլ, որ աշխատել է, ամիսը մեկ, 10 օրը մեկ կամ 20 օրը մեկ կինո է եղել»,-ասում է Գ. Մարգարյանը և հավելում, որ մշակույթի տունը չի գործել 1990թ-ից սկսած:
Նշենք, որ մշակույթի տան շենքը բավականին մեծ է: Դռներ ու պատուհաններ չկան, ամբողջությամբ թալանվել է: Անձրևաջրերից երկրորդ հարկում արդեն ծառեր են աճում:
Ինչ վերաբերում է գուղի փողոցների գիշերային լուսավորությանը, համայնքապետը նշեց, որ դրա համար գումար ունեն, ցանկացած պահի կարող են լուսավորել, սակայն ջրի խնդիրն ավելի է կարևորում, քան լուսավորության: Սակայն, ոչ ջրի հարցն է լուծվում, ոչ էլ լուսավորության:
Մեկնաբանել