Չեխիայի դատարանն անօրինական է ճանաչել կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության գործողությունները
Պրահայի դատարանը անօրինական է ճանաչել Չեխիայի կառավարության գործողությունները COVID-19 կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի գործընթացում։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն։
Ապրիլի 23-ին՝ հինգշաբթի օրը, դատավորները վճռել են, որ սահմանափակող միջոցները չպետք է կիրառվեն որպես առողջապահության նախարարության արտակարգ հրահանգ, այլ որպես արտակարգ դրության պայմաններում գործողությունները կարգավորող օրենք։ Մասնավորապես, խոսքը բնակչության կարանտինի և խանութների փակման մասին է։
Անդրեյ Բաբիշի կառավարությունը պետք է մինչև ապրիլի 27-ը շտկի համապատասխան խախտումները։ Այդ մասին «dpa» գործակալությանը հայտարարել է դատարանի ներկայացուցիչը։ «Միայն դրանից հետո ընդունված սահմանափակող միջոցները կհամարվեն օրինական ուժի մեջ մտած»,- նշել է ներկայացուցիչը։
Դատարանը նաև նշել է, որ առանձին գերատեսչություններ իրավասություն չունեն ընդունելու նման մասշտաբի որոշումներ և նույնիսկ ներկայիս պայմաններում պետք է հետևեն իրավական պետության չափանիշներին։ Դատարանի վճիռը կայացվել է փաստաբանի և առողջապահության ոլորտի փորձագետներից մեկի հայցադիմումի հիման վրա, որոնք կարծում էին, որ նմանատիպ որոշումը հակաիրավական է, քաոսային և չբավարարող։
Վերջին տվյալներով՝ Չեխիայի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 7 138-ի, ապաքինվածների թիվը 2 152 է, իսկ մահացածների թիվը՝ 210։
Լուսանկարը՝ Wikimedia Commons-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել