HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«39 ռուբլի էլ չունենք, որ ալյուր առնենք». 4 անչափահաս երեխա ունեցող ընտանիքը Ռուսաստանից չի կարողանում Հայաստան վերադառնալ 

«Մեծահասակ ռուս հարևան տատիկ-պապիկ ունենք, մեզ ինչ-որ չափով օգնում են՝ կարտոֆիլ, բանջարեղեն են տալիս։ Գոնե կարողանում եմ որոշ չափով ուտելիք պատրաստել երեխաների համար։ Ես էլ նրանց եմ օգնում՝ ներարկում անում, ձեռքիցս ինչ գալիս է` անում եմ»,- ասում է Քրիստինե Խաչատրյանը։

Ընտանիքը վարձով բնակվում է Մոսկվայի շրջանի Էլեկտրոստալ քաղաքում։ Ռուսաստան են տեղափոխվել տասը տարի առաջ։ Քրիստինեն, ամուսնու և չորս անչափահաս երեխաների հետ ցանկանում են վերադառնալ Հայաստան, սակայն չեն կարողանում։

Ընտանիքի աշխատող չորս անդամներն արդեն երկու ամիս է` անգործ են՝ զրկվելով ապրուստի միջոցից։ Նրանց աշխատավայրերը փակվել են Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման և կանխարգելիչ սահմանափակումների պատճառով։

Քրիստինեի ընտանիքի հետ է բնակվում նաև նրա եղբայրը։ Քրիստինեն աշխատել է խանութներում, նրա ամուսինը, 17-ամյա որդին և եղբայրը շինարարություն են արել։

Քրիստինե Խաչատրյանն ապրիլին երկու անգամ «WhatsApp» հավելվածի միջոցով Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության հեռախոսահամարին ուղարկել է իրենց անձնագրերը, խնդրել Հայաստան վերադառնալ ցանկացողների ցանկում ներառել իրենց անունները։ Սակայն մեծ հերթագրումների պատճառով, իրենց հերթը չի հասել, իսկ երեկ դեսպանությունից հայտնել են, որ վերադառնալ ցանկացողներն արդեն առցանց պետք է լրացնեն դիմումները։

Ընտանիքը, չաշխատելու պատճառով, ծայրահեղ ծանր վիճակում է հայտնվել։

«Ես վարպետ տղա եմ, աշխատող տղա եմ, մենակս վեց հոգու պահել եմ։ Ես էլի չեմ նեղվում, եթե աշխատանք տան, ես էլի կապրեմ։ Բայց որ սենց անտեսում են, լքված թողել են։ Գնամ օդանավակայան քնե՞մ, որ ինձ էլ ուղարկեն Հայաստան։ Ասել են՝ անձնագիր ուղարկեք, ուղարկել ենք։ Մինչ հիմա արձագանք չկա»,- ասում է Գևորգ Մաթևոսյանը՝ Քրիստինե Խաչատրյանի ամուսինը։

Ընտանիքը Ռուսաստանում բարեկամներ չունի, որպեսզի այս օրերին իրենց որոշ չափով օգնեն։ Պետությունից էլ դեռ որևէ օգնություն չեն ստացել։

«Տանտիրոջն էլ խնդրել եմ, որ գոնե այս ամսվա տան վարձը չտանք, չի համաձայնում։ Մինչ ամսի 26-ն է թույլատրել մնալ տանը, եթե չկարողանանք տան վարձը վճարենք, դուրս է հանելու։ Իրոք գումար չունենք»,- ասում է նա։

Ընտանիքը Հայաստան էլ սեփական տուն չունի, վերադառնալու պարագայում` պետք է բնակվի Քրիստինե Խաչատրյանի եղբոր տանը։ Սակայն հույս ունեն, որ Հայաստանում գոնե կկարողանան աշխատել, երեխաներին սննդով ապահովել։

«Ես Հայաստանում էլ ոչ մի բան չունեմ։ Ուղղակի Ռուսաստանում ահավոր է, եթե չաշխատեցիր, իրոք, սոված կմնաս։ 39 ռուբլի էլ չունենք, որ ալյուր առնենք, հաց թխենք։ Երեկ ընկերուհուցս եմ ալյուր բերել»,- ասում է նա։

Գևորգը երեկ գնացել է աշխատավայր` շինարարությունում աշխատելու համար վարձատրությունը ստանալու, սակայն չի ստացել այն` շինարարության կիսատ մնալու պատճառաբանությամբ:

Քրիստինեն ապրիլի 4-ին «WhatsApp»-ի միջոցով զրուցել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության աշխատակցի հետ։ Նրան տեղեկացրել է, որ ծայրահեղ ծանր վիճակում են, իրենց խնամքին ունեն չորս անչափահաս երեխա, արդեն երկու ամիս է` չեն աշխատում։ Դեսպանության աշխատակիցը հայտնել է, որ իրենք միայն օգնում են Հայաստան վերադառնալու հարցում և այլ աջակցություն չեն կարող ցուցաբերել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter