HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Թարխանյան

Իսրայելի Քնեսեթը մերժել է կորոնավիրուսի վարակակիրներին հեռախոսով հետևելու որոշման երկարացումը

Իսրայելի խորհրդարանի վերահսկիչ կոմիտեն ապրիլի 22-ին կասեցրել է որոշման երկարացման օրինագիծը, որը ոստիկանությանը թույլ էր տալիս հետևել կորոնավիրուսով վարակված մարդկանց տեղաշարժին՝ օգտագործելով նրանց բջջային հեռախոսների տվյալները։

Քնեսեթի Արտաքին գործերի և պաշտպանության կոմիտեն հաղորդագրություն է տարածել այն մասին, որ որոշել է չընդունել այն օրենքը, որը ոստիկանությանը թույլ է տալիս ապահովել կարանտինի մեջ գտնվող մարդկանց ինքնամեկուսացումը՝ օգտագործելով բջջային հեռախոսների միջոցով նրանց հետևելու տեխնոլոգիաները։

Առողջապահության նախարարությունը մեկ ամիս առաջ սկսեց գործարկել «HaMagen» բջջային հավելվածը, որը թույլ էր տալիս նույնականացնել ախտորոշված պացիենտների հետ վերջին 14 օրերին կոնտակտի մեջ մտած անձանց։

Անցած ամիս նախարարությունը հայտարարություն տարածեց, որի մեջ բացատրում էր, թե ինչպես է գործում հավելվածը․անձի տեղակայման տվյալները համադրվում են կորոնավիրուսով վարակված անձի տեղակայման տվյալների հետ, և եթե համընկնում է տեղի ունենում, հաղորդվում է նախարարությանը, իսկ տվյալ անձին էլ ուղարկվում է հետագա ցուցումներով հղում։

Իսրայելի կառավարությունը, օգտագործելով երկրում հայտարարված արտակարգ իրավիճակը, առանց Քնեսեթի համաձայնության՝ ոստիկանությանը թույլ տվեց օգտագործել բջջային հեռախոսների տվյալները, սակայն խոստացավ մեկ ամիս անց դրա կիրառումը երկարացնելու համար ստանալ Քնեսեթի համաձայնությունը։

Ապրիլի 22-ին լրացավ մեկ ամիսը, և Կոմիտեն որոշեց մերժել Կառավարության առաջարկած օրինագիծը՝ երկարացնել հավելվածի կիրառումը։

Քնեսեթի Արտաքին գործերի և պաշտպանության կոմիտեի անդամ, Իսրայելի արդարադատության նախկին նախարար Այելեթ Շաքեդն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է․ «Բջջային հեռախոսներով վարակակիրներին հետևելը մեծապես վնասում է անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիությանը»։

«Նախքան Կոմիտեի՝ մարդկանց հետևելու որոշումը կասեցնելը, ոստիկանությունը Առողջապահության նախարարության տրամադրած 13 000 ցանկից օրական ստուգում էր 500 մարդու տեղակայում»,– հաղորդում է «IsraelDefense» լրատվականը։

Այս մեկ ամսվա ընթացքում ավելի քան 200 մարդ է ձերբակալվել, որոնք կասկածվել են կարանտինի կանոնները խախտելու մեջ։

Վերջին տվյալներով՝ Իսրայելում կա 14 882 կորոնավիրուսի վարակակիր, մահացել է 193 մարդ։

Լուսանկարը՝ Unsplash.com կայքից

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter