HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս

ՌԴ Պետդումայի Կոմկուսի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի մոտ հայտնաբերվել է COVID-19 կորոնավիրուս։ Այդ մասին գրում է «Meduza»-ն։

Կալաշնիկովը «Интефакс»-ին հայտնել է, որ գտնվում է հիվանդանոցում և կորոնավիրուսի բուժում ստանում։ Կալաշնիկովը նշել է, որ ունի բարձր ջերմություն, սակայն միացված չէ թոքերի արհեստական շնչառության ապարատին։ «Սկզբից կորոնավիրուս հայտնաբերվել է իմ վարորդի մոտ, ես նրանից եմ վարակվել»,- հայտնել է պատգամավորը։

Վերջինիս խոսքերով՝ նա մեկ շաբաթ անց է կացրել մեկուսացման մեջ, իսկ ապրիլի 20-ին ի հայտ են եկել ախտանիշներ, որից հետո հոսպիտալացվել է։ Կալաշնիկովի մոտ բժիշկները հայտնաբերել են թոքաբորբ, որն առաջացել է կորոնավիրուսի արդյունքում։ Խորհրդարանականը նշել է, որ կորոնավիրուսի թեստն ի սկզբանե բացասական արդյունք է ցույց տվել, սակայն կորոնավիրուսը հայտնաբերվել է համակարգչային տոպոգրաֆիայի օգնությամբ։ 

Սա առաջին դեպքն է, երբ կորոնավիրուս է հայտնաբերվում ՌԴ Պետդումայի պատգամավորի մոտ։ Մարտի վերջին և ապրիլի սկզբին Պետդումայում իրականացվել է պատգամավորների զանգվածային թեստավորում։ Այդ ժամանակ չէր հայտնվել հնարավոր հիվանդների վերաբերյալ։ Այն բանից հետո, երբ Կալաշնիկովի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, մի շարք պատգամավորներ ինքնակամ հանձնել են COVID-19 կորոնավիրուսի թեստ։ Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը հայտնել է, որ կուսակցությունը չի թեստավորի իր անդամներին, քանի որ Կալաշնիկովը վերջին շրջանում չի մասնակցել հանդիպումներին։

Ապրիլի 14-ին պատգամավորը մասնակցել է Պետդումայի նիստին, սակայն, Զյուգանովի խոսքերով, «Կալաշնիկովի մոտ այդ ժամանակ դեռ չէր հայտնաբերվել հիվանդությունը»։

Կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացվել է նաև նույն կուսակցության Պետդումայի մեկ այլ պատգամավոր ևս՝ Դմիտրի Նովիկովը։ Ապրիլի 24-ին Նովիկովը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։ Հայտնի է, որ ապրիլի 14-ին Նովիկովը մասնակցել է Պետդումայի նիստին, իսկ ապրիլի 17-ին արդեն բացակայել է։ Կորոնավիրուսով հիվանդանոցում հոսպիտալացվել է պատգամավորների առնվազն չորս վարորդներ։ Այդ վարորդները կցված չեն եղել կոնկրետ պատգամավորների։ Նրանց թվում է նաև այն վարորդը, որն սպասարկել է Լեոնիդ Կալաշնիկովին։

Վերջին տվյալներով՝ Ռուսաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 74 588-ի, ապաքինվածների թիվը՝ 6 250-ի, իսկ մահացածների թիվը՝ 681-ի։

Լուսանկարը՝ «TACC» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter