HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Քաշի կարգավորման ապօրինի վաճառվող միջոցներ՝ անհայտ ծագմամբ

Սոցիալական ցանցերում հաճախ կարելի է հանդիպել տարբեր էջերի գովազդներ, որտեղ վաճառում են սպորտային, առողջարար, նիհարեցնող կենսաբանական հավելումներ:

Սակայն դրանց մեջ ամենատարածվածը մնում է քաշը կարգավորող, հատկապես՝ նիհարեցնող միջոցների վաճառքը: Այս ապրանքները պետք է  ունենան պարտադիր պետական գրանցում, քանի որ ներկայացվում են որպես հատուկ նշանակության մասնագիտացված սնունդ։ 

Ուսումնասիրելով այդ հավելումները, սակայն, պարզում ենք, որ դրանք ոչ միայն չունեն պետական գրանցում և Հայաստանում իրացվելու իրավունք, այլև դրանցից որոշները պարունակում են դեքսամետազոն դեղանյութ։

 

Դեռևս նախորդ տարի «Հետք»-ն ուսումնասիրել էր նիհարեցնող միջոցների շուկան և ներկայացրել, թե ինչ օրենսդրական և իրավական բացթողումներ կան այդ ոլորտում։ Հայաստանում իրացվող նիհարեցնող միջոցների մի մասը չուներ գրանցում և պարունակում էր արգելված դեղանյութ։ Սակայն պատասխատու և վերահսկող պետական մարմիններից և ոչ մեկը չկարողացավ պատասխանատվության ենթարկել այդ վաճառքն իրականացնողներին, իսկ ՊԵԿ-ն էլ չկարողացավ պարզել՝ ինչպես են դրանք ներկրվում Հայաստան, քանի որ արգելված նյութերն ապրանքային կոդ չունեին։

Այդ է պատճառը, որ նմանատիպ միջոցների վաճառքը մինչ օրս էլ անարգել իրականցվում է սոցիալական տարբեր ցանցերում։ Դրանցից է, օրինակ, ինդոնեզիական Wisdom Group ընկերության ապրանք ներկայացվող «Samyun Wan» քաշի կարգավորման միջոցը:

Բնականաբար, դրանք ներկայացվում են որպես 100 % բնական, անվնաս, բուսական ծագում ունեցող կենսաբանական ակտիվ հավելում (ԿԱՀ)։ Ավելին՝ վաճառողները վստահ են, որ հենց այդ պատճառով դրանց գրանցում պետք չէ։

ԿԱՀ-ը նույնականացվում են՝ իբրև սնունդ և վերահսկվում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից:

Նիհարելու, ինչպես նաև քաշ հավաքելու համար նախատեսված միջոցները պետք է ունենան պարտադիր պետական գրանցում և ներառված լինեն ԵԱՏՄ միասնական ռեեստրում․ դրանք համարվում են հատուկ նշանակության սնունդ։ Նշենք, որ սերտիֆիկատը չի համարվում պետական գրանցում, այն անհրաժեշտ է սերտիֆիկացման կարիք ունեցող ապրանքներին։

«Samyun Wan» քաշ գցելու համար նախատեսված «բուսական հաբերը» Instagram-ում վաճառում է Մաշան։ Նա հավաստիացնում է, որ իրենք են այդ արտադրանքի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչը։ 

«Կապսուլաները բուսական են, ախորժակ են փակում և ճարպերն են այրում, եթե սրտի հետ խնդիրներ ունեք, արգելվում են: Հղիներին, կերակրող մայրերին չի կարելի»,- ասում է վաճառողը։

Ինչ վերաբերում է կողմնակի ազդեցություններին, ապա Մաշան նշում է, որ հնարավոր է՝ լինի սրտխառնոց ու գլխացավ, բայց ընդամնենը մի քանի րոպե։

«Դա նշաններն են, որ օրգանիզմն ընդունում է»,- հավելեց նա։

«Կուրսը 3 տուփ է, բայց 1 տուփից մինչև 8 կգ նիհարում են։ Եթե քաշը 60-ից բարձր է 4-8 կգ կնիհարեք։ Պետք է մեկ հաբ խմել առավոտյան՝ սոված փորին»,- ասաց Մաշան՝ խորհուրդ տալով այն չօգտագործել հորմոնային դեղերի հետ, մնացած դեղերի դեպքում, ըստ նրա, համատեղել կարելի է։

Մեկ տուփի մեջ 30 հաբ է, հաբերի 15 հատն արժե 12 500 դրամ՝ 3-5 կգ նիհարելու համար, 30 հատը՝ 25 000 դրամ՝ 5-10 կգ նիհարելու համար: Մեզ առաջարկեցին զեղչել՝ 12 000 և 22 000 համապատասխանաբար: Այսինքն՝ «նիհարելու» մեկ ամսվա կուրսն արժե մոտ 66 000 դրամ։

Մաշան հավաստիացրեց՝ իրենց ապրանքն օրիգինալ է, «չինական չէ»․ «Ինդոնեզիայից ենք ստանում, կարամ ձեզ սերտիֆիկատ ուղարկեմ, ուղղակի կա իր չինական տեսակն էլ»,- ասաց նա։

Նա ուղարկեց ապրանքի 2019թ․ ռուսերեն սերտիֆիկատը՝ 4900 ԱՏԳ (արտաքին տնտեսական գործունեություն) կոդով ապրանքի համար, որի տակ, սակայն, մտնում են տպագիր գրքեր, թերթեր և այլն։ ԿԱՀ-երը ներառված են 2106 ԱՏԳ կոդում։

Բացի այդ, ապրանքի հավաստագիրը տրված էր «հրդեհային անվտանգության տեխնիկական կանոնակարգի պահանջների համապատասխանության համար»։

Նույնանուն արտադրանքի մյուս՝ քաշի ավելացման հաբերը վաճառվում են Facebook սոցիալական ցանցում և մինչեւ երկրում արտակարգ դրություն հայտարարելը՝ Երևանի Պուշկին 38 հասցեում։

Այս արտադրանքի վաճառողը՝ Արմանը, պնդեց, որ իրենք միակ պաշտոնական ներկայացուցիչն են Հայաստանում։ Այժմ վաճառում են միայն քաշի ավելացման համար նախատեսված «բուսական միջոցներ», նիհարեցնող չեն էլ ներմուծում, քանի որ վաճառել են և հասկացել, որ «շատ մարդկանց արդյունք չի տալիս»։

Իսկ «քաշ հավաքելու հաբերը միանաշանակ օգնում են բոլորին», բայց նա խորհուրդ տվեց հեռու մնալ «Samyun Wan»-ի չինական տարբերակներից։

«Արդեն 5 ամիս է՝ ներմուծում ենք, դեղատներում չի վաճառվում, ինքը բուսական է՝ բույսերից պատրաստված։ Կարելի է ասել՝ ինքը ավելի շատ սննդային հավելում է, քան դեղահաբ։ Ախորժակ է շատ մեծ առաջացնում, դրա հաշվին շատ եք սնվում, քաշն ավելանում է»,- ասաց Արմանը։

Քաշ հավաքելու կուրսը տևում է 21 օր, հաբերն արժեն 14 000 դրամ։ Հետաքրքրվեցինք՝ արդյոք ապրանքը պատշաճ հավաստագիր ունի վաճառքի համար, ինչին ի պատասխան՝ ընկերության ներկայացուցիչն ասաց, որ դրա կարիքը չկա:

«Հայաստանի Հանրապետության օրենքով ոչ մի բուսական միջոց լիցենզիայի կամ սերտիֆիկատի կարիք չունի։ Ինքն իրա ինստրուկցիայի մեջ ինչ կա գրած, դա է պարունակությունը (միայն արտադրողի լեզվով, հեղ․)»,- ասաց Արմանը՝ հավաստիացնելով, որ հավելումները պետք չէ գրանցել։

Ըստ նրա՝ թեև ապրանքը խորհուրդ չի տրվում օգտագործել հղի կանանց և կերակրող մայրերին, բայց, որպես այդպիսին, հակացուցումներ չունի, քանի որ բուսական է․ այն կարող են օգտագործել նույնիսկ «շաքարային դիաբետ» ունեցող մարդիկ, բայց, հնարավոր է, արդյունք չլինի։

Այս երկու ապրանքների էջերում էլ մի քանի տասնյակ հետաքրքրվողների մեկնաբանություններ կային։

 

«Samyun Wan»․ վտանգավոր բաղադրությամբ ապրանք, գոյություն չունեցող արտադրող

«Samyun Wan» քաշը կարգավորող ԿԱՀ-երը գրանցված չեն ԵԱՏՄ անդամ և ոչ մի պետությունում, հետևաբար՝ չունեն իրացման և վաճառքի թույլտվություն։

Տարբեր կայքերում «Samyun Wan» նիհարեցնող միջոցների բաղադրությունն ուսումնասիրելիս չգտանք սննդագիտության կամ բժշկության մեջ հայտնի մի բաղադրատարր, որը հստակ ազդում է քաշի նվազման վրա։

Ավելին, «Samyun Wan» հաբերի մեջ Մալազիայի առողջապահության նախարարությունը 3-4 տարի առաջ դեքսամետազոն դեղանյութն էր հայտնաբերել։

 «Դեքսամետազոն, կորտիկոստերոիդների շարքի դեղամիջոց: Կիրառվում է մի շարք հիվանդությունների բուժման համար, օրինակ՝ ռևմատիկ հիվանդություններ, մաշկային ախտահարումներ, սուր ալերգիա, ասթմա, թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ), կրուպ, գլխուղեղի այտուց, տուբերկուլոզ:

Դեքսամետազոնը սկսում է ազդել առաջին օրվա ընթացքում։ Երկարատև օգտագործումը կարող է հանգեցնել կանդիդոզի (բերանի սնկախտ), օստեոպորոզի (ոսկրերի քայքայում, նոսրացում), կատարակտի, կապտուկների վաղ առաջացման և մկանային թուլության։

Ըստ Մալազիայի առողջապահության նախարարության՝ «Samyun Wan» արտադրանքի կողմնակի ազդեցություններից են՝ որովայնի ցավերը, արյան ճնշման բարձրացումը, մկանային ցավերը, ինչպես նաև՝ կարող է հանգեցնել ոսկորների փխրունություն։ Չի թույլատրվում օգտագործել քրոնիկ հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցող մարդկանց։

Wisdom Group ընկերությունը, որը ներկայացված է իբրև ինդոնեզիական արտադրող, իրականում գոյություն չունի։

Ընկերությունն ունի նույնանուն մի կայք, որտեղ, սակայն, իր և իր արտադրանքների մասին որևէ գրառում չկա և այլ, հավելյալ տեղեկություն հնարավոր չէ իմանալ:

Կայքը գրանցվել է 2019թ․ հունիսին, այնտեղ տեղադրված է ընդամենը մեկ տեսանյութ «Samyun Wan» մասին՝ ռուսական «РеалОпт» ընկերության կողմից, որը հիմնադրվել է 2012թ.-ին, գրանցված է Ռուսաստանում՝ Ուսուրիյսկ քաղաքում, և զբաղվում է տարբեր տեսակի ապրանքների առևտրով: Տնօրեն և հիմնադիրը ևս ռուս է՝ Պոլեշչուկ Ալեքսեյ Միխայիլի: Այս ընկերությունն իրեն ներկայացնում է որպես Ռուսաստանում պաշտոնական ներկայացուցիչ:

Առհասարակ Wisdom Group անունով գոյություն ունեն մի շարք այլ ընկերություններ, օրինակ՝ աֆրիկյան անշարժ գույքի վաճառքով զբաղվող կազմակերպություն, ամերիկյան ինֆորմացիոն տեխնոլոգիական ընկերություն։ Նույնանուն ընկերություն կա նաև Բրիտանիայում, որը 2016թ.-ին լուծարվել է:

Այսինքն, որևէ Wisdom Group ինդոնեզիական ընկերություն, որն արտադրում է «Samyun Wan» հաբեր, իրականում գոյություն չունի։

Արտադրանքի մասին հիմնական տեղեկությունները միայն ռուսերեն են։ Այն վաճառվում է առցանց եղանակով Ռուսաստանում, Հայաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter