HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը կալանավորվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ որոշել է երկու ամիս ժամկետով կալանավորել «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին։

Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը։ Դատարանն այսօր քննել է նաև Առուստամյանի ձերբակալման դեմ բողոքն ու ոչ իրավաչափ ճանաչել նրա ձերբակալման որոշումը։ Այսինքն՝ թեև Առուստամյանը կալանավորվել է՝ դատարանը գտել է, որ նրան ձերբակալելու հիմքեր չեն եղել։

Պաշտպան Սուքիասյանը նշեց, որ Սեդրակ Առուստամյանը մեղադրվում է կաշառք տալու և փողերի լվացման մեջ։ Նրան վերագրվող գործողություններն, ըստ ԱԱԾ-ի կատարվել են 2009-ից 2011 թվականներին։ Սեդրակ Առուստամյանը ցուցմունքներ է տվել, մեղադրանքը չի ընդունում։

Մեր հարցին, թե ըստ մեղադրանքի Առուստամյանն ո՞ւմ է կաշառք տվել, պաշտպանը, հղում կատարելով նախաքննության գաղտնիությանը, չցանկացավ հստակ պատասխանել, բայց, այնուամենայնիվ, որոշ փակագծեր բացեց։

«Պատկերը հետևյալն է․ նա գրավոր պայմանագրով, 4 %-ով փոխառության գումար է տվել, փոխառության պայմանագրերի ժամկետները տարիների ընթացքում երկու անգամ երկարաձգվել են, դրանք գործող պայմանագրեր են, և հիմա Առուստամյանին մեղադրում են նրանում, որ չի ստացել փոխառության գումարներն ու տոկոսները, հետևաբար կաշառք է տվել»,- ասաց Հովիկ Սուքիայանը՝ նշելով, որ կաշառքի և փողերի լվացման դրվագներն այս ամենի հետ են կապվում։

Պաշտպանի խոսքով՝ Սեդրակ Առուստամյանը փոխառության գումարները բանկային փոխանցման միջոցով է տվել, դեռ գումարն իրեն չեն վերադարձրել, բայց սպասում է, որ ամբողջությամբ պետք է վերադարձնեն։

Մեր հարցին՝ Աեդրակ Առուստամյանը Գագիկ Խաչատրյանի հետ առերեսվե՞լ է, պաշտպանը նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել մամուլի հրապարակումներն այն մասին, թե գործն առնչվում է Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ ԱԱԾ-ում քննվող գործին։

«Ես նման բան չեմ ասել, ձեր հարցին ի պատասխան կարող եմ ասել, որ որևէ ցուցմունք, որևէ վկայություն, որևէ փաստ չի ներկայացվել դատարան»,- նշեց Սուքիասյանը՝ հավելելով, որ եթե որևէ անձ գործով ապացուցողական արժեք ունեցող վկայություն տված լիներ, ապա ԱԱԾ քննիչն այն կներկայացներ դատարան։

Հիշեցնենք, որ Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է ապրիլի 23-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter