HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրոպայում սահմանների փակումը և ինքնամեկուսացումը չեն կանգնեցրել կորոնավիրուսի տարածումը․ կորոնավիրուսի դեմ պայքարի շվեդական մոդելի գաղափարախոս

Անդերս Տեգնելը (Anders Tegnell) կորոնավիրուսի դեմ պայքարի շվեդական ռազմավարության գաղափարախոսն է։ Նա Շվեդիայի գլխավոր համաճարակաբանն է, Հանրային առողջապահության շվեդական գործակալության ղեկավարներից մեկը։ Ոմանք նրան մեղադրում են նրանում, որ շվեդ ազգին վերածել է փորձարարական ճագարների, մյուսները նրան համարում են մեսիա, որը կարողացել է գտնել միջոց պաշտպանելու ազգի հանրային առողջությունը՝ զուգահեռաբար չկործանելով ազգային տնտեսությունը։ Շվեդիայում գործում են բոլոր դպրոցները, եկեղեցիները, ռեստորանները, աշխատում են ֆիթնես ակումբները և վարսավիրանոցները, ընդ որում զուգահեռաբար չկա քաղաքացիների նկատմամբ տոտալ հսկողություն և դրակոնյան տուգանքներ բոլոր նրանց համար, որոնք քայլում են փողոցներում կամ այգիներում։ 

Օրերս Անդերս Տեգնելը հարցազրույց է տվել «Nature» գիտական ամսագրին և դանիական «Berlingske» պարբերականին, որտեղ բացատրել է, թե ինչի վրա է հիմնված այդ ռազմավարությունը։ Տեգնելը զուգահեռաբար հերքել է մի շարք միֆեր, որոնք առաջացել են շվեդական հատուկ ռազմավարության շուրջ։

Ինչո՞ւ շվեդները գնացին այդ ուղով

-Ես կարծում եմ, որ չափազանցություն կլիներ մեր մոտեցումն անվանել եզակի։ Բոլոր երկրներում մասնագետները կարծում են, որ վիրուսը հնարավոր կլինի կանգնեցնել միայն զանգվածային իմունիտետի առկայության կամ արդյունավետ պատվաստանյութի պայմաններում։ Ե՛վ առաջինը, և՛ երկրորդը դեռևս չկան։ Մյուս բոլոր միջոցները, որոնք այսօր կիրառվում են աշխարհում, ժամանակավոր լուծումներ են, այդ թվում նաև մեր շվեդական ռազմավարությունը։ Այդ միջոցներն ունեն միայն մեկ նպատակ․ դանդաղեցնել վարակի տարածումը, խուսափելով հիվանդության կայուն աճից, հակառակ դեպքում առողջապահական համակարգը չի կարողանա հաղթահարել ծանրաբեռնվածությունը։ Բոլոր երկրները փորձում են կրճատել մարդկանց միջև շփումները, մենք նույնպե՛ս։ Տարբերությունը նրանում է, որ մենք Շվեդիայում շարժվել ենք մեր ավանդույթներով, այդ իսկ պատճառով ձեռնարկել մի շարք այլ գործողություններ։

Մենք չփակեցինք հասարակությանը։ Առաջին հերթին, այլ երկրներում քաղաքական գործիչները մինչև վերջ իրենց հաշիվ չեն տալիս, թե ինչ է նշանակում մի քանի ամիս շարունակ մարդկանց փորձել պահել մեկուսացման մեջ։ Համավարակը շուտ չի ավարտվի, իսկ մենք բավականաչափ երկար կկարողանանք պահել մեր մեղմ ռազմավարությունը։ Երկրորդը, ինչպես ես արդեն նշել եմ, կարևորն այն է, որ վարակը տարածվի սահուն կերպով, այլ ոչ՝ ցատկերով։ Եվ հենց ցատկերով աճ կունենանք, եթե սկզբում փակենք հանրությանը, այնուհետ բացենք այն, որը կհանգեցնի երկրորդ ալիքի տարածմանը։

Տեգնելին հաճախ մեղարդում են նրանում, որ պարբերաբար արտահայտում է բիզնեսի շահերը և տնտեսական ասպեկտները վեր դասում մարդկանց առողջությունից։ Ամեն ինչ ճիշտ հակառակն է, բացատրում է բժիշկը։ Պարզապես նա փորձում է հանրային առողջության հետեւանքները դիտարկել ավելի լայն տեսանկյունից։ Օրինակ, դպրոցները չփակելու որոշումը մեծամասամբ բացատրվում է նրանով, որ այն կարող էր բարդացնել բազմաթիվ բժիշկները կյանքը, որոնք նույնպես ունեն երեխաներ։

Շվեդիան սկսել է պատրաստվել կորոնավիրուսի դեմ պայքարին դեռ 1946 թվականից

-Աշխարհում շվեդական ռազմավարության նկատմամբ գոյություն ունի հիմնարար մոլորություն։ Միանգամայն սխալ է մտածելը, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն այստեղ ինքնահոսի են թողել՝ թողնելով, որ վարակն ազատ տարածվի, որպեսզի արդյունքում ստեղծվի զանգվածային իմունիտետ։ Սահմանափակումները քիչ են, սակայն դրանք գոյություն ունեն․ արգելված են 50-ից ավել մարդկանց զանգվածային հավաքները, ռեստորաններում գործում են միայն բացօթյա սրահները, տարեցներին խորհուրդ է տրվում խուսափել սոցիալական շփումներից։ Բացի այդ, ընկերությունների ղեկավարներին խորհուրդ է տրվել կազմակերպել աշխատակիցների աշխատանքը հեռահար։ Մանկապարտեզները, տարրական և միջնակարգ դպրոցները բաց են, սակայն ավագ դպրոցները և համալսարաններն անցել են հեռավար ուսուցման։ Մարդկանց մշտապես հիշեցնում են, որ պետք է լվանալ ձեռքերը, պահպանել հեռավորությունը, հիվանդ լինելու պարագայում տնից դուրս չգալ։

Եթե աշխարհի երկրների մեծ մասում այս միջոցների պահպանմանը հետևում է պետական ապարատը, ապա շվեդական իշխանությունները հույսը դնում են մարդկանց գիտակցության վրա։ Սկանդինավներն այնքան կանոնակարգված են, որ կկատարեն բոլոր պահանջները, եթե անգամ դրանց խախտման համար չի նախատեսվում տուգանք կամ պատիժ։ Սակայն մասնագետները կասկածում են, թե նման մոտեցումը կարելի է տարածել Շվեդիայի սահմաններից դուրս։ Նրանք վստահեցնում են․ կորոնավիրուսի դեմ պայքարի շվեդական ռազմավարությունն սկսվել է մշակվել դեռ 1946 թվականից, երբ երկիրն սկսել էր կառուցել շվեդական սոցիալիզմը, որը հիմնված էր մարդկանց և պետության միջև առկա փոխվստահության վրա։

Բացի այդ, «HSBC Global Research»-ի վերլուծաբան Ջեյմս Պոմրոյը, «Bloomberg»-ին տված հարցազրույցի ժամանակ, առանձնացրել է մի շարք այլ առանձնահատկություններ, որոնք օգնել են շվեդներին հաջողությամբ իրագործել մեղմ մեկուսացման իրենց ռազմավարությունը։ Առաջինը, շվեդական տնային տնտեսությունների 50 %-ից ավելին բաղկացած են մեկ մարդուց։ Այս դեպքում արդեն հեշտ է ապահովել սոցիալական հեռավորությունը։ Երկրորդը, Շվեդիայում հեռահար աշխատող մարդկանց տոկոսային թիվը, դեռ կորոնավիրուսի համավարակից առաջ էլ, ամենաբարձրն էր Եվրոպայում։ Եվ երրորդը, փաստացիորեն, երկրի յուրաքանչյուր ուսուցիչ հասանելիություն ունի բարձր արագության համացանցի, ինչն օգնում է ընկերությունների աշխատակիցներին շարունակել մնալ գրասենյակներից շատ հեռու։

Էթնիկ համայնքներում շվեդական հրաշք տեղի չի ունեցել

-Ինֆեկցիոն հիվանդությունների վերաբերյալ շվեդական օրենքները հիմնականում գործում են կամավոր հիմունքներով։ Կարանտին կարող է մտցվել առանձին մարդկանց կամ ոչ մեծ տարածքների վրա, որոնք հանդիսանում են վարակի օջախ։ Մենք չունենք իրավական հնարավորություններ փակելու քաղաքներ կամ ամբողջական շրջաններ։ Այդուհանդերձ, հիմնվելով շվեդների ինքնագիտակցության վրա, մենք կարող ենք վստահ լինել, որ ֆիթնես կենտրոնների այցելուները իրենցից հետո հակասեպտիկների միջոցով ախտահանում են վազքուղին, իսկ նրանք, որոնք վտանգ կզգան, չեն դուրս գա փողոց։ Առկա են բազմաթիվ նշաններ այն մասին, որ շվեդական ռազմավարությունը գործում է։ «Google»-ի օգնությամբ մենք տեսնում ենք, որ Ստոկհոլմում մարդկանց մոբիլությունը կրճատվել է 75 տոկոսով։ Սովորական սեզոնային հիվանդությունների մակարդակը, ինչպիսին օրինակ գրիպն է, տարածվում են կորոնավիրուսի նույն ճանապարհով, իսկ այս տարի նույնիսկ սովորականից ցածր է մակարդակը։ Սա հնարավոր է այն բանի շնորհիվ, որ մարդիկ հետևում են պարզ, սակայն արդյունավետ խորհուրդներին։ Նրանք պահպանում են սոցիալական հեռավորությունը, լվանում են ձեռքերը և մնում տանը, եթե ի հայտ են գալիս որոշ ախտանիշներ։

Շվեդական հրաշքի ֆենոմենում քաղաքացիական ինքնագիտակցության դերի մասին վարկածի օգտին է վկայում Շվեդիայի թուրքական, սիրիական և սոմալիական համայնքներում տիրող տխուր պատկերը՝ վարակվածության և մահացության բարձր ցուցանիշներ բոլոր այն խմբերում, որոնք չեն կարողացել ամբողջությամբ ընդունել շվեդական մշակույթը և ինքնակարգապահությունը։

Սահմանների և դպրոցների փակման մասին

-Եվրամիության երկրները որոշել են դադարեցնել ընկերությունների, արդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքը՝ ելնելով սոցիալական հեռավորության և սահմանների փակման հանգամանքից։ Իմ կարծիքով՝ այդ գործողությունների հիմքում չկան գիտական հիմքեր։ Մենք մոնիթորինգի ենք ենթարկվել բոլոր այն հրապարակումները, որտեղ նրանք բացատրել են այդ միջոցների անհրաժեշտությունը, և չենք տեսել որևէ գիտական հիմնավորվածություն։ Պրակտիկան ցույց է տվել, որ Եվրոպայում ոչ մի տեղ հնարավոր չի եղել այդ միջոցների օգնությամբ դանդաղեցնել վիրուսի տարածումը։

Ես կարծում եմ, որ սահմանների փակումը հիմարություն է, քանի որ COVID-19-ն առկա է եվրոպական բոլոր երկրներում։ Մենք ավելի շատ անհանգստանում ենք այն մասին, որ վիրուսը չտարածվի Շվեդիայի ներսում․․․ Ինչ վերաբերում է դպրոցներին, ապա ես վստահ եմ, որ դրանք բաց կմնան։ Մենք գտնվում ենք համաճարակի գագաթնակետում։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս փուլում դպրոցների փակումն իմաստ չունի։ Որպեսզի արդյունք ստանանք, դպրոցները պետք է փակել համաճարակի սկզբնական փուլում։ Բացի այդ, երեխաների և անչափահասների հոգեկան և ֆիզիկական առողջության համար կարևոր է, որ նրանք մնան ակտիվ և շարժունակ։

Ռազմավարությունն արդարեցրել է իրեն

-Ես կարծում եմ, որ մեր ռազմավարությունն իրեն արդարացրել է։ Կարող էր և վատ սցենար լիներ, քան ներկայիս իրավիճակն է։ Բայց մենք տեսնում ենք, որ Շվեդիայի առողջապահական համակարգը հաջողում է։ Հիվանդանոցները, իհարկե ծանրաբեռնված են, հատկապես Ստոկհոլմում, սակայն ինտենսիվ թերապիայի բաժանմունքների տեղերի 20 %-ն դեռևս ազատ է, չնայած մենք հասել ենք հիվանդության գագաթնակետին։ Ցավոք սրտի, մեր մոտ մահացության ցուցանիշները բարձր են, քան սկանդինավյան մյուս երկրներում: Սա պայմանավորված է նրանով, որ կորոնավիրուսն ակտիվորեն տարածվում է ծերանոցներում։ Ստոկհոլմի ծերանոցների գրեթե կեսում գրանցվել է վարակման դեպք, և մենք դեռևս չենք հասկանում, թե ինչու է դա տեղի ունեցել, քանի որ, օրինակ Դանիայում, նման բան չկա։

Վարկածներից մեկի համաձայն, Ստոկհոլմի այդ հաստատություններում հիվանդության աճը կապված է մասնավորեցման հետ։ Արդյունքում փոխվել է սպասարկող անձնակազմը։ Մասնավորեցման արդյունքում հիմնական անձնակազմում պրոֆեսիոնալների փոխարեն այսօր աշխատում են ցածր որակավորում ունեցող աշխատակիցները, որոնք վճարվում են ժամավճարով։ Հենց նրանք էլ տարածել են վարակը, քանի որ Շվեդիայում գործում էր օրենք (արդեն չեղարկված), համաձայն որի հիվանդանոցային առաջին օրվա համար պացիենտը չի վճարում։ Այդ իսկ պատճառով, դայակները, զգալով հիվանդության ախտանիշները, այդուհանդերձ, փորձել են բաց չթողնել աշխատանքը։

Լուսանկարը՝ «Wikimedia Commons»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter