
Ուկրաինական ավիաընկերությունը երկրորդ հատուկ չվերթը կիրականացնի դեպի Երեւան
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը երեկ հայտնել է, որ առաջիկա երեքշաբթի՝ ապրիլի 28-ին, ուկրաինական «SkyUp» ավիաընկերությունը Կիեւի «Բորիսպոլ» օդանավակայանից հատուկ չվերթ է իրականացնելու դեպի Երեւան՝ Հայաստան տեղափոխելով ՀՀ քաղաքացիներին: Չվերթը մեկնարկելու է տեղական ժամանակով 15:00-ին:
Դեսպանությունը տեղեկացրել է, որ թռիչքի ֆինանսական կողմն ամբողջությամբ ապահովում է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը: Մեկ ուղեւորի անվճար տոմսը ներառում է ձեռքի մեկ՝ մինչեւ 7 կգ (55х40х20սմ), մեկ՝ մինչեւ 3 կգ (35x20x10սմ) իր եւ մինչեւ 23 կգ մեկ կտոր ուղեբեռ (գումարային՝ 158սմ)։ Լրացուցիչ ուղեբեռը վճարովի է:
«Նշյալ թռիչքով Հայաստան կարող են վերադառնալ ՀՀ քաղաքացիները, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիների ընտանիքների անդամներ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները։ Վերջինները պետք է իրենց հետ ունենան ընտանեկան կապը հավաստող փաստաթուղթ կամ դրա պատճենը»,- նշել է դեսպանությունը՝ հավելելով, որ ինքնաթիռն ունի 150 նստատեղ, եւ տոմսերը տրամադրվելու են ըստ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունում հաշվառման ժամանակագրության, ուստի Հայաստան վերադառնալ ցանկացողները պետք է շտապ հաշվառվեն ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում։
Հայաստան վերադարձած ուղեւորները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի: Այսինքն՝ հենց «Զվարթնոց» օդանավակայանից նրանք տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր, որտեղ կեցության ծախսերն ապահովում է ՀՀ կառավարությունը:
Նկատենք, որ սա «SkyUp»-ի երկրորդ հատուկ չվերթն է Ուկրաինայից Հայաստան: Առաջինը կայացել էր մարտի 25-ին: Այդ օրը Կիեւից Երեւան էր վերադարձել 60 հոգի (ճնշող մեծամասնությունը՝ ՀՀ քաղաքացիներ), իսկ Երեւանից 92 հոգի մեկնել էր Կիեւ:
Ուկրաինական «SkyUp» բյուջետային ավիաընկերությունը մինչեւ կորոնավիրուսի տարածումը դեպի Երեւան թռիչքներ է իրականացրել Կիեւից եւ Օդեսայից:
Լուսանկարը՝ commons.wikimedia.org-ից
Մեկնաբանել