HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Ջավախյան

Լռության ձայնը

Ըստ Հովհաննես Ավետարանչի` երբ Հիսուս կանգնում է Պիղատոսի առաջ, վերջինս հարցնում է.

-Դու՞ ես հրեաների թագավորը...

Հիսուս նրան պատասխանում է.

-Դու ես ասում, որ թագավոր եմ, բայց ես դրա համար իսկ ծնվել եմ և դրա համար իսկ եկել եմ աշխարհ, որպեսզի ճշմարտության համար վկայեմ...

Եվ Պիղատոս նրան ասաց.

-Ի՞նչ է ճշմարտությունը...

Հիսուս լռում է: Խոսքը զորավոր չէր բացելու ճշմարտությունը: Ամենակարևորը բառերով չէր ասվի... Եվ Հիսուս չասաց...  Արդյոք դա՞ է պատճառը, որ շատ դեպքերում իմ նախադասությունները վերջակետ չունեն: Եղած բառերն էլ, սոսկ, դատարկ վանդակներ են՝ լռության բնակավայրեր... Իմ ասելիքը ավարտ չունի: Իմ վերջակետը հաճախ բազմակետն է, շարունակվող լռությունը... Չգիտեմ էստեղ ո՞նց, բայց մեր գեղում թամամ խոսքն էշին են ասում... Իմ գրությունները ոչ մարգարեություն են և ոչ էլ Հովհանու Ավետարան: Պարզապես լռին միջոց է հաղորդակցվելու մարդկության հետ: Ես չեմ կարող չգրել: Ինձ շրջապատող մարդիկ քիչ են: Ես շատ մարդկանց մեջ եմ ինձ լավ զգում: Ո՞վ չի ուզենա հեռուն նայել... հայրենիքը սահման ունի: Ես իմ երկրի ոգեղեն կանչն եմ, որ սահման չունի... ճշմարիտ գրականությունը սահմաններ է քանդում: Ես շարունակ ճշմարտություն եմ փնտրում և չէի ասի, թե գտնում եմ: Աստված մեզ ստեղծել է յուր պատկերով և նմանությամբ, բայց ոչ իր ճշմարտությամբ: Նա մեզ այնպես է ստեղծել, որպեսզի ինքներս հասու լինենք ճշմարտությանը: Հակառակ դեպքում՝ ազատ չէինք լինի. միգուցե լինեինք հրեշտակ, բայց ոչ մարդ: Աստված հեռու չէ: Նա մեր մեջ է, մենք նրա մեջ, բայց Աստծուն այդքան մոտ լինելը դեռևս արդարացում չէ, որ մեզ Արարիչ զգանք: Երազանքն էլ սահման ունի, մեկ էլ տեսար՝ երազում չես, այլ թակարդում... Բայց և այնպես, կա վերին արտի ցորեն, որին թվում է, թե հայրենի հողն իրեն բավարար չէ, երկնային բավիղներն են  իրեն արժան... Եվ խիստ հիասթափություն է ապրում, երբ մեկ էլ նկատում է, որ մարդիկ փոխարեն իրեն երկրպագեն, ընդհակառակն, իրենից հիասթափվել են... Մինչդեռ, նրան ձեռքերի վրա էին բարձրացրել. բարձրացրել ու աստվածացրել... Դանդաղ, բայց սահուն ընթացքով հիասթափվում են, հիասթափվում են բոլորը՝ հարուստներն ու աղքատները, մերժվածներն ու լքվածները, ընդոծիններն ու օրինածինները, բարիշտներն ու ամբարիշտները, մերձավորներն ու  հեռավորները, նախկին ու ներկա զինակիցները, ընկերներն ու բարեկամները... Այդ ամենը գլխացավանք է բերում, անգամ երբ գլուխ չկա: Բողոքը կուտակվում, կուտակվում, ձյան պես իջնում է շենքերի տանիքներին, ծառերի ճյուղերին, մայթեզրի քարերին, դատարկ գլուխներին, երկար թարթիչներին, թաց ուսերին... Իջնում է, իջնում՝ դարսդարսվում... Լռությունը սեղմվում է: Այնուամենայնիվ, ճշմարտությունն իր մեջ է, թերևս այդպես է կարծում...Մնացյալը՝ կեղծիք, սուտ, ուղեղի բորբոս...

Ժամանակին Երևան քաղաքում սրճարաններ կային, որոնք մտքի ազատ ու աննվաճ տարածքներ էին: Սրճարան գնում էինք ոչ միայն սրճելու, այլև զրուցելու, սովորելու և սովորեցնելու...Վերջերս հանդիպեցի հին ընկերոջս՝  Գագոյին, որը հիմա Մանկավարժականում դոկտոր, պրոֆեսոր է:

-Գագո ջան,-ասի,- հիշու՞մ ես մեր կաֆեն՝ ակադեմիա էր, է՛, ակադեմիա՛...

Ասաց.

-Հիմի էլ շատ բան չի փոխվել... Հիմա էլ ակադեմիան ա կաֆե...

Ժամանակին ակադեմիկոսներ կային, որ պատկառանք էին ներշնչում: Նրանց անցած ճանապարհը դժվար էր ու խրթին, բայց և արգասաբեր: Ակադեմիայի գրականության ինստիտուտում երկու ակադեմիկոս կային՝ կյանքում և պատերազմում կորցրած մեկական ոտքով, որը սակայն խոչընդոտ չէր, որպեսզի նրանք գիտության մեջ յոթ մղոնանոց քայլերով շարժվեն: Նրանց հարազատ էին ոչ միայն ակադեմիայի պատերն, այլև` աստիճանները: Այդ մասին կրտսեր գործընկերները նույնիսկ կատակում էին: Պատմաբան Ալբերտ Ստեփանյանը նկատել էր, թե իր միակ ոտքով ակադեմիկոս Սարինյանը ինչպես է հաղթահարում եռահարկ աստիճանասանդուղքը... Կարեկցանքով՝ այն գրականագետ Թաթիկ Խաչատրյանի ուշադրությունն է հրավիրել... 

-Այդ աստիճանները սովոր են,- շտապել է ընկերոջը հանգստացնել Թաթիկը,- ժամանակին էդ աստիճաններով Ջրբաշյանն է բարձրացել...

Մեղքս ի՞նչ թաքցնեմ՝ իրականում շատ բան է փոխվել, և ոչ միայն ակադեմիայում, այլև սրճարաններում... Սուրճից զատ, մարդկանց ներկայությունն էի վայելում: Մինչև վերջերս մարդ տեսնելու համար էլի սրճարան էի գնում... Էն ժամանակ իմ ժամանակն էր, և Մարդիկ էին շարժում ժամանակը՝ Խելքով Ֆելոն, Չաղ Ֆելոն, Ֆելիքս Անիմանալին, Օրթախ Աբոն, Սէրեան Խաթլամաճեանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Վանո Սիրադեղյանը, Վազգեն Սարգսյանը, Արշակ Սադոյանը, Խաչիկ Ստամբոլցյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը, Հենրիկ Էդոյանը, Արմեն Շեկոյանը, Հակոբ Մովսեսը, Գուրգեն Խանջյանը, Հովհաննես Մելքոնյանը, Արտակ Ոսկանյանը, Լևոն Իսպիրյանը, Ֆրունզիկ Մկրտչյանը, Լևոն Ներսիսյանը, Լևոն Թուխիկյանը, Վլադիմիր Մսրյանը, Հարություն Խաչատրյանը, Հայկազ Քոչարը, Ապասնի Գրիշը, Զոքանչ Գագոն, Սպարտակ Բզնունին, Հայկունին, Սերոբը, Շուրիկը, Արիսը, Արիկը, Դիմիկը... Նրանք, սոսկ, մարդիկ չէին, այլ ժամանակի վկաներ... Հայոց համազգային շարժումը, ես կասեի, սկիզբ առավ ոչ թե Ազատության հրապարակից, այլ Պապլավոկ, Սկվազնյակ, Կազիրյոկ մտավորական եռանկյունուց, որտեղ ոչ միայն զրուցում էին, այլ` լռում...

Պապլավոկում սուրճ էինք խմում հանգիստ ու անվրդով: Մենք մի ընկեր ունեինք Ֆելիքս Անիմանալի անունով: Նա նման չէր սովորական մահկանացուի: Իննսունական թվականների սկիզբն էր. երկրում մոլեգնում էր պատերազմն, իսկ նա ջղայն-ջղայն սրճարանում նստած, մեզ տարրական խելք էր դասավանդում: Ասում էր.

-Տգետ եք, սիրելիս... Չեք հասկանում, սիրելիս...

Մորմոքվում էինք, ջանում իմանալ չիմացածը, բայց ամեն անգամ Ֆելիքս Անիմանալին մնում էր անդրդվելի: Իր ճշմարտությունը մեզ համար գաղտնիք էր: Միայն այն էինք ջոկել, որ Ղարաբաղյան շարժումը սրտովը չի. նրան բարկացնում էր շարժման ժողովրդական բնույթը, հատկապես` մեր հորթային հրճվանքը: Ֆելիքսի մասին մեզ շատ բան հայտնի չէր: Գիտեինք, որ Պապլավոկի ճարտարապետական նախագծի հեղինակն է: Իր սրճարանում նստում էր ու չորուկ մարմինը սեղանին կռթնած՝ փիլիսոփայում...  Բռնցքած մատների կոշտ կոճերով թակում էր փայտի լերկ մակերեսն ու ասես մեր չոր գլուխների դատարկ տարածքները թմբկահարեր.

-Տգետ եք, սիրելիս... Չեք հասկանում, սիրելիս...

Ֆելիքս Անիմանալիի թմբուկը շարունակ նույն երաժշտությունն էր նվագում: Արդեն ձանձրացել էինք կրկնվող մեղեդուց: Մի օր էլ համարձակվեցինք հարցնել.

-Հա՛ Ֆելիքս, հասկացանք,- բա էդ ամենը դու՛ որտեղի՞ց գիտես...

Ներողամիտ ժպտաց, հայացքը, բազմանշանակ հառեց առաստաղին: Ակնհայտորեն Բարձրյալին էր ակնարկում.

-Բա, էլ Հիսուսից ինչո՞վ ես տարբերվում,- զարմացանք:

-Հիսուսը մարգարիտները խոզերի առաջ չէր սփռում,- ասաց,- իսկ ես՝ սփռում եմ...

Այնուամենայնիվ, Ֆելիքսը մի բան գիտեր, որ մենք չգիտեինք. ճշմարտությունը լռության մեջ էր: Մեզնից ոչ ոք չէր հասկանում նրան. մեր հասկացածն ընդամենն այն էր, որ նա Անիմանալի է: Բայց մեր մեջ Ֆելիքսից ավելի ամբարտավանները կային: Արմեն Մարտիրոսյանը օրերից մի օր Պապլավոկում էնքան էր խմել, որ բանաստեղծ լինելը քիչ էր համարել...Երևի օղին էր դուխ տվել: Ասել էր` էլ բանաստեղծ չեմ...  Խիստ էինք զարմացել: Արմենը նրանցից էր, ով  զօր ու գիշեր ստիխներից էր խոսում, ոնց որ Չարենցը... Ասել էինք, բա ի՞նչ ես... Ասել էր, ուզու՞մ եմ ջրերի վրայով քայլեմ... Ու՞մ մտքով կանցներ... Պապլավոկի առջև արհեստական լիճ կար: Մինչև հա ու չէ կանեինք՝ Արմենը դուխով, հույսով ու հավատով ոտքը դրեց ջրերին: Հավանաբար իր հավատի վրա այնքան էլ վստահ չէր: Ջուրը չներեց: Քայլ անելն ու չլմփոցով լճի մեջ ընկղմվելը մեկ եղավ: Նա էր հարբած, հո մենք հարբած չէինք. ձեռքներս մեկնեցինք ու Արմենին լճից հանեցինք: Բայց այդքանից հետո էլի մեջքը գետնովը չէր տալիս: Ասում էր.

-Ջուրը կեղծ էր...

Էդպես է, եթե քեզ բարձրերում ես զգում՝ իշխանավոր լինես, թե բանաստեղծ՝ ճիշտը միշտ դու ես... ամեն ինչի տերն ես, ամեն ինչ գիտես և բոլոր պատասխանները քո մեջ են...

Հայոց համազգային շարժման ժամանակ Ղազինյան Ռաֆիկն Ալավերդի քաղաքում հեղինակություն էր: Ժողովուրդն Աստծուն էլ էր մոռացել. Ռաֆոն ամեն ինչ էր: Շարժման ալիքի վրա Սիլվա Կապուտիկյանին բերել էր Ալավերդու ցուցարարների հետ հանդիպման: Մարդիկ բանաստեղծուհուն հարցեր էին տալիս, Ռաֆոն պատասխանում էր: Լավ եմ հիշում, մի թուղթ տվեցին, Ռաֆոն կարդաց ու դարձավ Կապուտիկյանին.

-Տիկի´ն Սիլվա,- ասաց,- էս մինը զուտ ինտիմ հարց ա, կպատասխանե՞ք, թե՞ էդ էլ ես պատասխանեմ...

Ու բանաստեղծուհու պատասխանին չսպասելով՝  էդ մի հարցին էլ ինքը պատասխանեց...

...Էս ամենը անցած, գնացած է, բայց էսօր էլ դեռ մարդիկ կան, ովքեր բոլոր հարցերի պատասխանները գիտեն: Հիմա մի հարց էլ ես ունեմ, որ այնքան էլ ինտիմ չէ... Հարցս ուղղում եմ ծայրագույն պատասխանողին.

-Բա մեր վերջն ի՞նչ է լինելու...  Էլի պայքար, պայքար մինչև վե՞րջ...

- .......................................................

Թերևս ամենախոհեմ պատասխանը...

Լռությունն էլ ձայն ունի: Մեծ պայթյունը լռության ձայնն էր...

 

25.04.20թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter