HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Արայիկ Հարությունյանը՝ ուսումնական տարին ավարտելու և 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության գործընթացի վերաբերյալ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ներկայացրեց ուսումնական տարին ավարտելու և 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության գործընթացի կարգը։

Նախարարն ասաց, որ դիտարկում և տեսնում են՝ հեռավար ուսուցման տեմպը գոհացնում է։ Նշեց, որ կա խնդիր բովանդակության, կազմակերպվածության հետ կապված։ «Տարին ավարտվելու է հեռավար ուսուցմամբ, մայիսին եւս հեռավար կրթությունը շարունակվելու է»,- նշեց Հարությունյանը։

Ըստ նրա՝ քննարկման արդյունքները ցույց կտան` հաջորդ ուսումնական տարվա սկզբին դասերը կսկսվե՞ն մեկ շաբաթ շուտ եւ կլինե՞ն պահուստային օրեր, թե՞ ոչ։ «Մեզ անհրաժեշտ է տեսնել, թե ինչ ենք բաց թողել, ինչ ծավալ չենք փակել, եթե էդպիսին կա, եւ այն աշակերտները, որոնք ինչ-ինչ պատճառներով հետ են ընկել կամ չեն կարողացել ուսումնական նյութը մարսել, հնարավորություն կունենան սովորելու», - նշեց նախարարը։

Անդրադառնալով դպրոցում փոխադրական քննություններին՝ նախարարն ասաց.

«Հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական մի աստիճանից մյուսը տեղափոխվելու համար քննություններ չեն անցկացվելու 4-րդ, 9-րդ դասարանների ավարտին։ Աշակերտների` մինչեւ մարտի 13-ը ունեցած եւ էլեկտրոնային մատյան փոխանցած գնահատականների հիման վրա ամփոփվում է նրանց տարեկան գնահատականները, որոնց հիման վրա աշակերտները տեղափոխվում են հաջորդ աստիճան։ Ավագ դպրոցի 10-րդ եւ 11-րդ դասարաններում եւս փոխադրական քննություններ չեն լինելու։ Կլինի կիսամյակային, այնուհետեւ տարեկան գնահատականներ»։

Դպրոցներում, քոլեջներում, բուհերում, ուսումնարաններում ավարտական քննությունների վերաբերյալ Արայիկ Հարությունյանը նշեց, որ ավարտական քննություն դպրոցում չի անցկացվելու, ամփոփումը տեղի է ունենալու նույն ձեւով, ինչ 4-րդ եւ 9-րդ դասարաններում։ Այն աշակերտները, որոնք քննություն են հանձնել նախորդ տարվա դեկտեմբերին, հնարավորություն են ունենալու ընտրել կա'մ քննության գնահատականը կա'մ տարեկան գնահատականը։ 

Քոլեջներում եւ ուսումնարաններում դիպլոմային աշխատանքներ, քննություններ հանձնել եւս չեն իրականացվելու, ամփոփումը կատարվելու է ընթացիկ գնահատականներով։

«Ավարտականների դեպքում ունենք անվտանգության խնդիր, զորակոչի խնդիր, եւ  մեր գործողություններում ելնում ենք այնպես, որ չխոչընդոտենք զորակոչին։ Մենք որեւէ պարագայում չենք կարող խնդիր ստեղծել զորակոչի համար», - հայտնեց ԿԳՄՍ նախարարը։ 

Ըստ նրա՝ բուհերում ավարտական քննությունների ձևերն ընտրում են բուհերը` ինքնավարության սահմաններում` պահպանելով համավարակի կանխարգելման ուղղությամբ նախատեսված կանոնները: Գործընթացը պետք է ամփոփվի մինչեւ հուլիսի 1-ը։

Մեդալի քննություններ չեն իրականացվելու, հաջորդ տարի հավակնորդներին հնարավորություն կունենան մասնակցել քննություններին։

Վերջին զանգի արարողության հետ կապված նախարարն ասաց, որ  արարողությունն այս տարի կլինի այն ժամանակ, երբ համավարակի տարածման վտանգ չի լինի: 

Միասնական քննությունների վերաբերյալ նախարարը նշեց, որ փորձել են այնպես անել, որ ստուգեն դիմորդների գիտելինքները, միեւնույն ժամանակ խուսափել կորոնավիրուսի վարակի տարածումից։ 

Առաջարկվում է միավորել քննությունների հայտագրման գործընթացը բուհեր դիմելու դիմում-հայտերի լրացման գործընթացի հետ, ունենալ մեկ գործընթաց։ Մայիսի 25-ից մինչեւ հունիսի 15-ը հնարավորություն կտրվի հայտագրվել։ Դիմորդները կընտրեն թե' քննական առարկան, թե' բուհն ու մասնագիտությունը։ Կվեարադարձվեն արդեն իսկ փոխանցված եւ չհանձնվող առարկաների հայտերի համար վճարված գումարները։ Հայտագրումը լինելու է էլեկտրոնային եղանակով։

Նախատեսված քննություններից դիմորդները հանձնելու են միայն մեկը։ «Սահմանափակ դիմորդներ կլինեն մեկ տարածքում, դիմակներով, ախտահանման միջոցներով։ Քննությունները հանձնվելու են հուլիսի սկբզին՝ առաջին տասնօրյակում», - նշեց նախարարը։ Բանավոր քննություններ չեն անցկացվելու։

Առաջիկա օրերին կներկայացվի, թե տարբեր ֆակուլտետներում որ քննությունն է լինելու պարտադիր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter