HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Լևոն Մնացականյանը մասնակցել է ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի նիստին

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ոստիկանապետ Լևոն Մնացականյանի մասնակցությամբ ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի նիստը տևեց շուրջ չորս ժամ: Լևոն Մնացականյանն ապրիլյան պատերազմի ժամանակ զբաղեցնում էր Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը:

Նիստի ավարտին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանդիպումն արդյունավետ գնահատեց:

«Ես տվել եմ բոլոր հարցերի պատասխանները, որոնք հուզել են հանձնաժողովին: Պատասխանները եղել են անմիջական, անկեղծ, ցանկացած հարց ստացել է իր պատասխանը, ներկայացրել ենք իրականությունը, որը եղել է ապրիլյան պատերազմի ժամանակ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Մնացականյանը:

ՊԲ նախկին հրամանատարի խոսքով՝ պաշտպանության բանակը ապրիլյան պատերազմի ժամանակ կատարել է իր առջև դրված խնդիրը ու հաղթանակել։

«Իհարկե, ցանկացած տեղ էլ անելիքներ կան, ինչքան շատ անենք, էնքան անելիքներն ավելի շատ են»,-ասաց նա:

Հարցին՝ արդյոք օպերատիվ-հետախուզական տվյալների պակաս եղե՞լ է, Մնացականյանը չպատասխանեց։

«Հարցեր կան, որոնք դեռ պետք է ճշտվեն, արդեն հանձնաժողովը կորոշի, եթե կարիք լինի ներկայացնելու, կներկայացնի»,-ասաց նա:

«Ինչո՞ւ նախորդ իշխանությունը չէր հանրայնացնում պատերազմի ժամանակ ծագած բացթողումների խնդիրը» ,- հետաքրքրվեցին լրագրողները։ Լևոն Մնացականյանը պատասխանեց, որ ՊԲ-ի ու գլխավոր շտաբի համատեղ վերլուծության տվյալներ են առկա, որոնց հիման վրա որոշ որոշումներ հիմա ընթացքի մեջ են:

Դիտարկմանը, թե պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը նախ ասում էր, թե կորցրած տարածքները ութ հարյուր հեկտար են, ապա՝ չորս հարյուր, Լեւոն Մնացականյանն արձագանքեց՝ իրենց հաշվարկներով չորս հարյուր է:

«Հետքի» հարցին, թե ինչու է ազատվել ՊԲ հրամանատարի պաշտոնից, Մնացականյանը պատասխանեց. «Նպատակահարմար է գտնվել, այդպես է որոշվել»:

Արցախում քաղաքական փոփոխություններից հետո նախկին պաշտոնին վերադարձի հնարավորության մասին հարցին ի պատասխան՝ Մնացականյանն ասաց. «Ես հիմա պաշտոն եմ զբաղեցնում, զբաղված եմ իմ աշխատանքով»:

Հիշեցնենք, որ հանձնաժողովի նախորդ նիստին ներկա էր պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter