Կորոնավիրուսի համավարակից հետո թուրքական հյուրանոցները կհրաժարվեն սննդի մատուցման «շվեդական սեղան» տարբերակից
Կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո թուրքական հյուրանոցները կհրաժարվեն շվեդական սեղաններից։ Այդ մասին գրում է «Hürriyet» պարբերականը։ Թուրքիան նախատեսում է արդեն մայիսի վերջին վերսկսել ներգնա տուրիզմը, իսկ արտասահմանյանը՝ օգոստոսին։
Ինչպես հայտնել է Թուրքիայի զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը, զբոսաշրջային տրանսպորտը պարբերաբար կախտահանվի։ Թուրքիայում օդանավակայանները, հյուրանոցները, թանգարանները և ռեստորանները կվերափոխվեն այնպես, որ մարդիկ կարողանան պահպանել սոցիալական հեռավորությունը։ Ծառայությունների ոլորտի աշխատակիցներն աշխատանքային յուրաքանչյուր օրվա սկզբում բուժզննում կանցնեն։ Զբոսաշրջային բոլոր հաստատությունների մոտ կտեղադրվեն ջերմաչափող սարքեր։
Էրսոյը հայտարարել է նաև, որ խրախուսելու են ծովափնյա գյուղերում հանգստի կազմակերպումը, որտեղ ավելի քիչ է հյուրանոցների թիվը։ Նախատեսվում է, որ այս տարի որոշ չափով կթանկանա հանգստի կազմակերպումը Թուրքիայում։
Վերջին տվյալներով՝ Թուրքիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 110 130 դեպք, ապաքինվածների թիվը հասել է 29 140-ի, իսկ մահացածների թիվը՝ 2805-ի։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել