HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Ֆիզիկայի ինստիտուտի աշխատանքը կկազմալուծվի, եթե անվճար տեղեկություն տրամադրեն

Ֆիզիկայի ինստիտուտի շահառուներն ինստիտուտին հայտնել են, որ հոգաբարձուների խորհրդի նիստում իրենց հայտնած կոնֆիդենցիալ տեղեկությունները, եթե այլ անձի փոխանցվեն, ապա դատական հայցեր կներկայացնեն ինստիտուտի դեմ: Այս տեղեկությունն այսօր «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն ընդդեմ Ֆիզիկայի ինստիտուտի դատական գործի դատաքննության փուլում հայտնեց ինստիտուտի ներկայացուցիչ, փաստաբան Էմմա Հակոբյանը: Երևան քաղաքի ընդհանուր իրվասության դատարանում դատավոր Աննա Փիլոսյանի նախագահությամբ շարունակվում է ««Հետք»-ն ընդդեմ Ֆիզիկայի ինստիտուտի» դատական գործը: Այսօրվա դատաքննությունն իրականացվեց հեռահար ընթացակարգով՝ տեսակապի միջոցով:

«Հետք»-ը դիմել է դատարան, քանի որ ֆիզիկայի ինստիտուտը միայն 550 հազար դրամի դիմաց է պատրաստ ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի որոշումները տրամադրել: «Հետք»-ը դատարանից ակնկալում է վճիռ, որով այդ տեղեկություններն անվճար կտրամադրվեն լրատվամիջոցին:

«Գիտական կազմակերպության աշխատանքը կկազմալուծվի, եթե այդ տեղեկատվությունը տրամադրենք անվճար: Աշխատակիցներն էլ չեն համաձայնվում անվճար աշխատել»,- հայտարարեց պատասխանողի ներկայացուցիչ Էմմա Հակոբյանը: Նրա փոխանցմամբ՝ ինստիտուտում ունեն շահառուներ, որոնք արդեն հայտարարել են. «Եթե իրենց վերաբերող տեղեկատվությունը դառնա հանրության սեփականությունը, իրենք ներկայացնելու են ինստիտուտի նկատմամբ հայցեր՝ վնասների փոխհատուցման պահանջով»:

«Այսինքն, եթե ինստիտուտը լավ չֆիլտրի տեղեկատվությունը, ներքաշվելու է դատական հսկայական քաշքշուկների մեջ: Ինստիտուտը դրա համար կկարողանա տրամադրել ինֆորմացիա, եթե այդ ֆիլտրման աշխատանքը կատարվի, մարդիկ աշխատեն, ֆիլտրեն շատ մանրամասն, դրա համար ներկայացվել են փաստացի նախատեսվող ծախսերը: Գումարի մեջ ներկայացված չէ ղեկավարության աշխատանքը, որը պետք է աշխատի, ղեկավար կազմը հրաժարվել է վարձատրությունից, հոգաբարձուների խորհուրդն էլ պետք է նայի»,- ասաց Էմմա Հակոբյանը:

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի ներկայացուցիչ, փաստաբան Գրիշա Բալասանյանն էլ նշեց, որ տեղեկատվության տրամադրման համար պահանջվող 550 հազար դրամը մեծ բեռ է ԶԼՄ-ի համար: «Եթե  տեղեկատվություն տնօրինողն ամեն անգամ նման ծախս ներկայացնի տեղեկություն տրամադրելու համար, ապա ԶԼՄ-ի գործունեությունը կխոչընդոտի: Դրանով խախտվում է Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը: Լրագրողը տեղեկատվությունը անձնական նպատակով չի վերցնում, այլ դրանք դարձնում է հանրության սեփականությունը»,- ասաց Գրիշա Բալասանյանը:

Փաստաբանը նաև նշեց, որ հայցվորի դիրքորոշումը չի փոխվել, և տեղեկատվությունը պետք է անվճար տրամադրվի, քանի որ տեղեկատվության տրամադրման համար գործադիրի սահմանած վճարները վերաբերում են թղթի պատճենահանմանը, կրիչին և այլնին, այլ ոչ թե տեղեկություն տրամադրելուն:

Գրիշա Բալասանյանը եւս մեկ անգամ ճշտեց՝ արդյո՞ք դատարանը ստացել է իր և «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի միջև կնքված փաստաբանական ծառայության պայմանագիրը: Դրական պատասխան տալուց հետո նախագահող դատավոր Աննա Փիլոսյանը պատասխանողի ներկայացուցչից ճշտեց, թե նա ինչպիսի դիրքորոշում ունի գումարի ողջամտության վերաբերյալ: Պատասխանողի ներկայացուցիչը ողջամիտ համարեց պայմանագրի գինը, սակայն միջնորդեց հետաձգել նիստը, որպեսզի պատասխանողը նույնպես փաստաբանական ծախսերի համար պայմանագիր ներկայացնի դատարան:

Նիստը հետաձգվեց։ Հաջորդը դատական նիստը տեղի կունենա մայիսի 4-ին:

Մեկնաբանություններ (1)

Ստեփան Խաչատրյան
Նման մի վիճակ էլ Հիդրոմետում է: Երբ նամակ էի գրել տվյալներ ստանալու համար, նամակի առաջին մասում գրել էին, որ դա պետական հույժ գաղտնիք է, իսկ երկրորդ մասում նշել, որ կարող են տրամադրվել վճարովի հիմունքներով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter