HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Քրեական գործ է հարուցվել Գագիկ Մխեյանի կողմից ուրիշի ավտոտնակին տիրանալու փաստով

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գագիկ Մխեյանի կողմից այլ անձի ավտոտնակին տիրանալու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազությունից ստացված մեր հարցման պատասխանից։

«Հետք»–ը նախորդ շաբաթ գրել էր, որ ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մխեյանը տիրացել է այլ անձին պատկանող ավտոտնակին։ Հետագայում փորձել է դա վաճառել, որի մասին իմացել է ավտոտնակի փաստացի սեփականատերը, սակայն ոչ մի կերպ չի կարողանում իր ավտոտնակը վերադարձնել։

Գլխավոր դատախազությունից տրամադրել են իրավապահ մարմիններում ավտոտնակի շուրջ ծավալված իրադարձությունների հաջորդականության վերաբերյալ տեղեկություններ։

Այսպես, Աշոտ Բաղդասարյանը մարտի 9-ին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն այն մասին, որ 1981 թ.-ից իր ընտանիքին պատկանող ավտոտնակն այլ անձի անունով է գրանցվել։ Նյութերի նախապատրաստման փուլում ոստիկանության հետաքննիչը գտել է, որ վեճը քաղաքացիաիրավական բնույթ է կրում, որոշել է քրեական գործ չհարուցել։

Մեկ ամիս անց՝ ապրիլի 10-ին, դատախազությունում ստացվել է Աշոտ Բաղդասարյանի բողոքը, որով նա խնդրել է վերացնել հետաքննիչի՝ քրեական գործի հարուցումը մերժելու որոշումը։

Բողոքում Բաղդասարյանը նշել է, որ իր ներկայացրած մի շարք հանգամանքներ անտեսվել են, հատկապես այն, որ Գագիկ Մխեյանը գնել է քարից ավտոտնակ, բայց իր ավտոտնակը երկաթյա է, ինչպես նաև ավտոտնակների մակերեսների ակնհայտ տարբերությունը։ Կադաստրի կոմիտեում առանց Գագիկ Մխեյանի ներկայացրած փաստաթղթերը ստուգելու սեփականության իրավունքի գրանցում են կատարել մեկ օրվա ընթացքում։

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազ Վ․ Ջանազյանը, ուսումնասիրելով Աշոտ Բաղդասարյանի բողոքը, հանգել է այն եզրակացության, որ նյութերը թերի են նախապատրաստվել, պատշաճ չեն ստուգվել հանցագործության հատկանիշների մասին վկայող էական հանգամանքները, որի արդյունքում անհիմն որոշում է կայացվել։

Ապրիլի 17-ին դատախազը որոշել է վերացնել հետաքննիչի՝ քրեական գործը կարճելու որոշումը և կայացրել է քրեական գործ հարուցելու մասին որոշում։

Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

«Իսկ «Հետք»-ում հրապարակված «Ինչպես նախկին պատգամավոր Գագիկ Մխեյանը տիրացավ ուրիշի ավտոտնակին» հոդվածը ուղարկվել է նախաքննական մարմին՝ քրեական գործին կցելու և դրանում ներկայացված հանգամանքները քննության շրջանակներում ուսումնասիրության առարկա դարձնելու նպատակով»,- ասված է դատախազության պատասխանում։

Մեկնաբանություններ (1)

Հրաչյա Հովհաննիսյան
Շնորհակալություն < ՀԵՏՔ> լրատվական խմբագրությանը տուժած ՀՀ քաղաքացու շահերի պաշտպանության հետևողականության համար : Այս դեպքը հիմք է տալիս հավատալու , որ եթե ՀՀ քաղաքացին նոր Հայաստանում որոշել է պայքարել իր խախտված իրավունքների համար , ապա նա մենակ չի լինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter