
Խորհրդարանը քննարկում է արտակարգ դրության պայմաններում պարետի լիազորությունների հստակեցման նախագիծը
Խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություն կատարելու Կառավարության օրենսդրական առաջարկը: Նախագծի հիմնական զեկուցող, արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանի խոսքով` փոփոխություններով առաջարկվում է պարետի ու պարետատան դերը հստակեցնել, սահմանել պարետի կոմից ընդունվող ակտերի բնույթը:
Ըստ առաջարկի` սահմանվել է, որ պարետն արտակարգ դրության ռեժիմի պայմաններում կարող է ընդունել ակտեր, այդ թվում` ենթաօրենսդրական նորմատիվ ակտեր:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց` եթե այս նախագծով փոխվարչապետը օժտվում է նորմատիվ ակտեր ընդունելու լիազորությամբ, ինչպես է հետադարձ ուժ տրվելու նախորդ որոշումներին:
«Արդյոք սրանով չենք ընդունում այն փաստը, որ փոխվարչապետը մինչև այսօր նման լիազորություններ չի ունեցել»,-հարցրեց նա:
Փոխնախարարն արձագանքեց, որ Սահմանադրության 152-րդ հոդվածի համաձայն` փոխվարչապետն արդեն իսկ նման լիազորությամբ օժտված է` ընդունել ենթաօրենսդրական նորմատիվ ակտեր:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ նկատեց, որ այս փաթեթով Կառավարությունն ըստ էության մինչ այսօր ընդունած որոշումներն է օրինականացնում:
«Պարետը նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավունք չուներ, բայց օրինականացնում եք ու հետադարձ ուժ տալիս: Ավելի քան 10 հազար մարդու նկատմամբ վարչական արձանագրություններ են կազմվել, ու մարդիկ տուգանվել են, արդյոք չեք կարծում, որ պետք է չեղարկեք այդ տուգանքները»,-հարցրեց նա` դիմելով փոխնախարարին:
Ռաֆիկ Գրիգորյանն արձագանքեց` ոչ իրավաչափ ակտեր չեն ընդունվել:
«Սահմանադրությունը նախատեսում է ակտեր ընդունելու հնարավորություն, մենք օրենսդրական կարգավորումներն առավել հստակեցնում ենք: Քաղաքացիների ազատ տեղաշարժը կառավարության որոշմամբ ու վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով է կարգավորվում»,-ասաց Գրիգորյանը:
Մեկնաբանել