
Բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել. ոստիկանությունը՝ Գավառի դեպքերի մասին
Նախօրեին Գավառում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ոստիկանության լրատվական ծառայությունը պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել․ լրատվամիջոցներին կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել
Ապրիլի 28-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում Գավառում տեղի ունեցած դեպքի առնչությամբ, որի հետևանքով կան երկու զոհ և վիրավորներ, Ոստիկանության օպերատիվ-քննչական խմբերն անհրաժեշտ գործողություններ են իրականացնում: Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի շրջանակում կատարվում է նախաքննություն:
Ինչպես կրակոցներով, այնպես էլ դրան հաջորդած դեպքերով կան բերման ենթարկվածներ։
Միաժամանակ նշենք, որ լրատվամիջոցները դեպքի հետ կապված չճշտված տեղեկություններ են հրապարակում: Նշվում է նաև, որ հարձակում է եղել հիվանդանոցի վրա, և այդ պահին այնտեղ է գտնվել ՀՀ ոստիկանության պետը:
Ոստիկանության պետն այդ պահին գտնվել է կրակոցների դեպքի վայրում՝ համալսարանի շրջակայքում, ոչ թե հիվանդանոցում, իսկ բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել: Լրատվամիջոցներին կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։
Մեկնաբանել