HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Եկե՛ք, ապացուցե՛ք, որ այդ գումարը կա». Բաբկեն Թունյանը ԼՀԿ-ին հրավիրեց ցույց տալու ազատ 300 միլիարդ դրամի տեղը

Խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվում է 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություն կատարելու Կառավարության օրենսդրական առաջարկը: Այս փոփոխությամբ առաջարկվում է 160 միլիարդ դրամով բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը) մեծացնել` համավարակի տնտեսական հետևանքները չեզոքացնելու համար:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն իր ելույթում նշեց` քանի որ բյուջեի փոփոխությունն ուղղված է կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելուն, ուստի մի քանի թվեր կհնչեցնի:

«Միայն սոցիալական միջոցառումներով դրամական աջակցություն է ստացել ավելի քան 380 հազար մարդ, աջակցության չափերը տարբեր են, բայց այդքան մարդ գումար է ստացել: Սրան պետք է գումարել նաև կոմունալ վճարումների ծախսերը, այդ դեպքում թիվն ավելի մեծ է»,-ասաց Թունյանը:

Պատգամավորի խոսքով` Կառավարության աջակցության առաջին միջոցառման շրջանակում շուրջ 300 ընկերություն է վարկավորվել` ստանալով 21 միլիարդ դրամի աջակցություն: Երկրորդ միջացառման շրջանակում, որը վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին, վարկավորվել է շուրջ 5000 անձ:

Երրորդ միջոցառման շրջանակում աջակցություն է ստացել 400-ից ավելի ընկերություն:

«Հինգերորդ միջոցառումը, որը աշխատավարձի ֆոնդի մոտավորապես 20 տոկոսի չափով միանվագ աջակցություն է ենթադրում, սրա շրջանակում 12 հազար ընկերություն է սուբսիդավորվել, ընդհանուր շահառուների թիվը 15 հազար է: Տասներորդ միջացառման շրջանակում, որը վերաբերում է միկրոբիզնեսին, 3000 սուբյեկտի է վերաբերում, շահառուների թիվը  5700 է»,- ասաց Բաբկեն Թունյանը:

Ինչ վերաբերում է ութերորդ միջոցառմանը, որի շրջանակում վարձու աշխատողներին 68 հազարից 136 հազար դրամի աջակցություն է տրվում, ապա Թունյանի խոսքով այն վերաբերում է մոտ 44 հազար տնտեսվարողների, որից 5-6 հազար ՍՊԸ-ներ են:

«Իհարկե, այս միջոցառումները դեռ ամբողջական չեն, նոր միջոցառումներ էլ կլինեն: Կլինեն միջոցառումեր, որոնք գործընկեր պատգամավորների առաջարկներն են»,- ասաց նա:

Քաղաքական մեծամասնության պատգամավորն անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկին` 100 հազարական դրամ բաժանել 250 հազար ընտանիքի, որն արդեն մի քանի օր է՝ քննարկվում է:

«Երկու օրվա քննարկումից հետո պարզվեց այն, որ ի սկզբանե եթե ասում էիք 300 միլիարդ դրամի ազատ միջոց կա, արդեն այսօր այդ այդ 300 միլիարդ դրամն իջավ 100 միլիարդ դրամի: Ես առաջարկում եմ «Լուսավոր Հայաստանի» մեր գործընկերներին վաղը մինչ 12:00 կամ ուրիշ օր կարող է լինել, գալ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով, գալ թղթով, գրիչով համակարգչով ու խնդրում եմ ցույց տալ այն 100 միլիարդ դրամը, որը ազատ դրված է ու կարելի է բաժանել ժողովրդին: Ձեր ասելով եթե գումարը կա ազատ է, ու չենք բաժանում մարդկանց, որ կարողանան սնունդ ու դեղորայք գնել, նշանակում է ժողովրդի թշնամին ենք: Եկե՛ք, ապացուցե՛ք, որ էդ գումարը կա ու իրոք չենք ուզում բաժանել»,- ասաց Թունյանը:

Ըստ պատգամավորի` քաղաքական տեսանկյունից այդ գումարը մարդկանց բաժանելն առաջին հերթին կբխեր Կառավարության շահից:

«Կարելի էր ինչ կա բաժանել՝ որպես սոցիալական աջակցություն, լավամարդ դուրս գալ, հետո ամիսներ կամ տարի անց կանգնել փաստի առաջ: Օրը, ժամը ուք ասե՛ք, հարգելի՛ գործընկերներ, մենք պատրաստ ենք ձեզ լսել»,-ասաց Թունյանը` հայացքն ուղղելով դեպի ԼՀԿ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter