HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Օնլայն դասեր, վոկալի, սոլֆեջիոյի պարապմունքներ

Նարե Ազիզյանը սովորում է 7-րդ դասարանում։ Արտակարգ դրություն հայտարարելուց հետո նրա դպրոցը եւս անցել է հեռավար ուսուցման։ Ամեն օրվա համար ունեն դասացուցակ, շաբաթը մեկ կամ երկու անգամ են «հանդիպում», տվյալ առարկայի դասն անցկացնում. «Դասի ժամանակ ուսուցիչը մեզ հարցեր է տալիս՝ հասկանալու, թե ինչպես ենք սովորել, հետո նոր դասն է բացատրում ու գնահատում»,- նշում է աշակերտուհին։

Հեռավար դասերից չի դժգոհում, բայց ասում է, որ թե´ դպրոցի դասերի, թե´ լրացուցիչ պարապմունքների պատճառով շատ ժամանակ է անցկացնում համակարգչի դիմաց, ինչն ազդում է տեսողության վրա։

«Դժվար է այն, որ առարկաներից մեկը առավոտն ենք անում, մյուսը՝ երեկոյան, եւ դասերի միջեւ եղած ժամանակահատվածը երկար է»,- ասում է Նարե Ազիզյանը՝ հավելելով, որ դասապրոցեսը հետաքրքիր է լինում, հատկապես, երբ ստուգողական աշխատանքները կատարում են օնլայն հարթակի միջոցով։

Նարեն հաճախում է նաեւ Երգի պետական թատրոն։ Արտակարգ դրություն հայտարարելուց հետո որոշ ժամանակ դասերն ընդհատել են, սակայն վերսկսել՝ այս անգամ օնլայն հարթակներով։ Օնլայն պարապում են ռիթմիկա, վոկալ, ոճաբանություն, սոլֆեջիո։

«Սոլֆեջիոյի ժամին գրում ենք թելադրություն. ուսուցիչը նվագում է, մենք լսում ենք, նոտաները, գրում, իրեն ցույց տալիս. ու այս ամենը՝ օնլայն։ Վոկալի ժամին էլ դասատուն ճիշտ նոտան է ասում, իսկ մենք ձայնավարժություններ ենք անում»։

Ոճագիտության ժամին տարբեր երգեր են երգում։ Այս դասն անում են «viber» հարթակով՝ անհատական, իսկ մնացած առարկաները՝ «Zoom» հարթակի վեբինարի միջոցով՝ արդեն փոքր խմբերով։

«Երգում ենք, դասատուն ուղղում է, ասում, թե որ մասի վրա ավելի շատ աշխատենք», - պատմում է Նարեն։

Երգերն առաջարկում են իրենք՝ ըստ նախապատվության, ուսուցիչը խորհուրդ է տալիս՝ ինչպես կատարել երգը, ինչին ուշադրություն դարձնել. «Խորհրդակցում ենք ուսուցչի հետ, առաջարկում՝ էս երգը կարող ենք երգել, նա էլ ասում է փորձեք, իսկ փորձելուց հետո, խորհուրդներ տալիս։ Երբ երգն արդեն իդեալական ենք կատարում, անցնում ենք հաջորդին»։

Նարեն Երգի պետական թատրոնում սովորում է էստրադայի բաժնի 3-րդ կուրսում, այս տարի ավարտելու է։ Պատրաստվում են ավարտական համերգային ծրագրին, սակայն դեռեւս չգիտեն, թե ինչպես են այն անցկացնելու։

Լուսանկարը եւ տեսանյութը՝ Նարե Ազիզյանի։

Մոնտաժը՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter