HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Միջադեպ` ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանի միջև

Լրացված․ 21:10  Արթուր Դանիելյանը բերման է ենթարկվել Ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից տեղափոխվել է «Էրեբունի» բժշակական կենտրոն։ Միջադեպի հետևանքով Դանիելյանը քթի շրջանում վնասվածք ունի։ Դանիելյանն ու փաստաբան Տիգրան Աթանեսյանը րոպեներ առաջ դուրս եկան «Էրեբունի» բժշկական կենտրոնից․ փաստաբանի փոխանցմամբ՝ Դանիելյանը վիրահատության կարիք չունի։ Տիգրան Աթանեսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Արթուր Դանիելյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ՝ հայտնելով, որ վերջինիս կողմից հարձակման է ենթարկվել։ Պաշտպանը  հույս հայտնեց, որ Սիմոնյանը կզրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից և կենթարկվի քրեական պատասխանատվության։ Հիվանդանոցից դուրս գալուց հետո, պաշտպանի փոխանցմամբ Դանիելյանը տուն է գնալու, հետագայում պետք է ներկայանան ոստիկանություն՝ բացատրություն տալու։ 

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի միջև քիչ առաջ Արամի փողոցի մերձակայքում միջադեպ է տեղի ունեցել, որից հետո Ալեն Սիմոնյանը դիմել է ոստիկանություն։ Միջադեպին ականատես է եղել նաև ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի մտերիմներից մեկը։

«Իմ ծանոթն ականատես է եղել, զանգահարեց և ասաց, որ Ալենի վրա են հարձակվել։ Ասացի հեռախոսը փոխանցեք Ալենին։ Նրա հետ երկու բառ խոսեցի, հարցրի՝ ինչ է եղել, ասաց՝ հարձակվել են վրաս։ Հարցրի՝ քեզ հետ ի՞նչ է եղել, ասաց՝ չգիտեմ, հևում էր»,- ասաց Արման Բաբաջանյանը և նշեց, որ այս հեռախոսային խոսակցությունից հետո ինքը կապվել է Հայաստանի ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ և հայտնել միջադեպի մասին։

Ալեն Սիմոնյանի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց։ Վերջինիս կինը՝ Մարիամ Մարգարյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ Ալենն ընկերոջ հետ զբոսնելիս է եղել այգում, երբ հանդիպել է «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանին և նրանց միաբանությունից ևս երկու անձի, որոնց չի ճանաչում։

«Արթուրը սեռական հայհոյանք է հնչեցրել և կռիվ է սկսվել»,- ասաց Մարիամ Մարգարյանը՝ նշելով նաև, որ Ալեն Սիմոնյանը դիմել է բուժօգնության, վնասվածքներ ունի դեմքի, ականջի, քունքի հատվածում։

Արթուր Դանիելյանը ևս բուժօգնություն ստանալու համար մեկնում է «Թիվ 1 համալսարանական» հիվանդանոց։ Նրա հետ կապ հաստատել ևս չհաջողվեց։  «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում քիչ առաջ հայտնել է, որ Արթուր Դանիելյանը հարձակման է ենթարկվել ու տեղադրել նրա՝ դեպքի շրջանում վնասվածքով լուսանկարը; Մեզ հետ զրույցում Տեր-Նակալյանը հայտնեց, որ Սիմոնյանն ու Արթուր Դանիելյանը փողոցում պատահաբար են հանդիպել միմյանց։

«Ալենը բարևել է, Արթուրը բարևել է, Ալենը խփել է Արթուրին»,- ասաց Կոնստանտին Տեր-Նակալյանը։ Մեր դիտարկմանն՝ առանց որևէ պատճառի՞,  Տեր-Նակալյանը պատասխանեց՝ որքանով ինձ հայտնի է՝  առանց պատճառի։ Մեր հարցին ի պատասխան Տեր-Նակալյանն ասաց, որ որքանով իրեն հայտնի է, Ալեն Սիմոնյանն ու Արթուր Դանիելյանը նախկինում խնդիրներ են ունեցել, բայց թե ինչ խնդիր, չմեկնաբանեց։

«Այս պահին ես ինքս էլ չեմ կարողանում Արթուրի հետ նորմալ կապվել, ճիշտ կլինի՝ հասկանալ, թե ինչ է եղել, նոր մեկնաբանել»,- ասաց Տեր-Նակալյանը։

Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունն անհրաժեշտ գործողություններ է իրականացնում։

Լուսանկարում՝ ձախից Ալեն Սիմոնյանը, Արթուր Դանիելյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter