HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Բնակիչը դժգոհ է «Վեոլիա ջրի» որոշումից. «Մեզ ասացին՝ ջրաչափը սկոչով փաթաթենք, վեց ամիս անց ստացանք տուգանքի ծանուցումը»

«Վեոլիա ջուր» ընկերության բաժանորդ Գրիգոր Դովլաթյանը դժգոհում է ընկերության ներկայացրած 46 հազար դրամ տույժից։ Պնդում է՝ ջրաչափը պոկվել է, իսկ մասնագետը ժամանակին չի մոտեցել։ Դրա հետեւանքով տուգանքի վերաբերյալ ծանուցում են ստացել։

Գրիգորն ապրում է Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում։ Ըստ նրա՝ պարտաճանաչ բաժանորդ են (բաժանորդը մայրն է՝ Ռուզաննա Դովլաթյանը), միշտ ժամանակին վճարել են ջրի վարձավճարը։

2019-ի սեպտեմբերին ջրաչափի կափարիչը մաքրելիս սարքը տեղից ընկնում է. մասնագետ են կանչում։

«Սեպտեմբերին մեր ջրաչափը, ամենայն հավանականությամբ մաշվածության հետևանքով, դուրս էր եկել տեղից և ընկել գետնին, երբ կինս մաքրություն էր անում։ 10 րոպեի ընթացքում մենք անձամբ այցելել ենք տեղամաս, որը գտնվում է հենց մեր շենքում, տեղեկացրել «Վեոլիա ջրի» աշխատակիցներին և դիմում գրել»,- ասում է Գրիգորը։ Ըստ նրա՝ մասնագետը տվյալ պահին չի մոտեցել, ամուսիններին հորդորել է ջրաչափը «դնել տեղը և սկոչով ամրացնել»՝ մինչև մասնագետը կմոտենա։

Գրիգորն ասում է, որ մեկ ամիս անց նրանց բնակարան է այցելել «Վեոլիա ջուր» ընկերության տեսուչը, որպեսզի գրանցի ջրաչափի ցուցմունքը, տեսել է սկոչով փաթաթած սարքը։ Իրենց հարցին, թե ինչու չեն փոխում հին ջրաչափը նորով, մասնագետը պատասխանել է, որ սպասում են ջրաչափերի նոր խմբաքանակի, որից հետո կայցելեն եւ կփոխեն սարքը։

Դովլաթյաններին «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցներն այցելել են վեց ամիս անց՝ 2020-ի մարտին եւ փոխել ջրաչափը։

«Փոխելու օրը մեզ ասացին, որ տարբերություն չկա՝  հին ջրաչափն անձամբ կտանենք լաբորատորիա, թե իրենք։ Մենք վստահեցինք հին ջրաչափն աշխատակիցներին, և նրանք տեղադրեցին նորը։ Ասացին, որ ջրաչափը փոխելու օրվանից մինչև 10 օրվա ընթացքում մեզ կտեղեկացնեն, եթե ինչ-որ խնդիր լինի»,- դեպքի մասին պատմում է Գրիգորը։

Հին ջրաչափը նորով փոխարինելուց հետո էլ բնակիչները որեւէ ծանուցում չեն ստացել։ Մարտի վերջին, երբ Գրիգոր Դովլաթյանի կինը «Tellcell» վճարման տերմինալով կոմունալ վճարումներն է ստուգել, նկատել է, որ ջրի պարտքի դիմաց նշված է 46000 դրամ։ «Զանգեցինք «Վեոլիա ջուր» ընկերություն, մեզ հայտնեցին, որ ջրաչափի ընկնելու հետևանքով է նման որոշում կայացվել, և մեզ տուգանել են»,- ասում է Գրիգորը։

Ըստ նրա՝ ջրի ծախսն իրենց բնակարանում չի գերազանցել 5000 դրամը, եւ անհասկանալի է, թե ինչու են տուգանքի որոշում կայացրել։

Տույժի մասին ծանուցում Գրիգորը ստացել է մի քանի օր անց, երբ արդեն իսկ տեղեկացրել է «Վեոլիա ջրի» սպասարկման կենտրոնին, որ նկատել է իր մոր (բաժանորդը մայրն է,- հեղ.) անվան դիմաց գրված պարտքը։ 

Գրիգոր Դովլաթյանը «Հետքի» հետ կապ հաստատեց «Քաղաքացիները համաձայն չեն «Վեոլիա ջրի» տուգանքներին բողոքարկման միակ կարգը դատարանն է» հոդվածի հրապարակումից հետո՝ տեղեկացնելով, որ ինքը եւս դժգոհ է կայացրած որոշումից։

Դովլաթյանները պատրաստվում են դատարան դիմել

Դովլաթյանների ընտանիքը չի պատրաստվում վճարել տույժը, այս մասին տեղեկացրել են նաեւ «Վեոլիա ջուր» ընկերությանը։ Ի պատասխան՝ ընկերությունից ասել են, որ կարող են բողոքարկել մինչեւ մարտի 27-ը, այնինչ ծանուցում ստացել են ապրիլի 9-ին։ Գրիգորի խոսքով՝ եթե հարցը չկարգավորվի, դիմելու է դատարան։

«Հիմա հարց է առաջանում, թե արդյո՞ք քաղաքացիները պետք է տուգանվեն իրենց վնասված ջրաչափի համար, եթե, օրինակ, տանը վթար է եղել ու ջրաչափը վնասվել է կամ երկրաշարժի հետևանքով ջրաչափը տեղից վայր է ընկել կամ բաժանորդի կամքից անկախ ստեղծված իրավիճակի հետևանքով, օրինակ, մաշվածության, ջրաչափը տեղից դուրս է եկել», - ասում է Գրիգորը։

«Հետքը» հարցում է ուղարկել «Վեոլիա ջուր» ընկերությանը՝ պարզելու, թե ջրաչափի խափանման մասին ընկերությանը տեղեկացնելուց հետո մասնագետն ի՞նչ ժամկետում պետք է այցելի բնակչին։ Ինչու՞ է տուգանվում բնակիչը, եթե մեղավոր չէ ջրաչափի խափանման համար, իսկ եթե նա է խափանման պատճառը, ինչու՞ չի տուգանվում խափանման համար, այլ՝ ենթադրյալ ջրօգտագործման համար։

«Վեոլիա ջուրը» ընկերության պատասխանը

Մեր հարցմանն ի պատասխան՝ «Վեոլիա ջուրը» նշել է, որ Առևտրային հաշվառքի սարքի՝ ջրաչափի ապահավաքակցումը կարգավորվում է ՀԾԿՀ 30.11.2016 թ. թիվ 378-Ն որոշմամբ հաստատված «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման» կանոններով։ «Համաձայն 331–րդ կետի՝ «Առևտրային հաշվառքի սարքը ենթակա է ապահավաքակցման Մատակարարի կողմից բաժանորդին ծանուցման, իսկ բաժանորդի նախաձեռնության դեպքում՝ առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման մասին վերջինիս դիմումի ստացման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե Կանոնների 33-րդ կետի համաձայն այլ ժամկետ չի փոխհամաձայնեցվել։

Եթե բաժանորդը դիմումի մեջ չի նշում, որ անհրաժեշտ է արտահերթ ստուգաչափում, ապա դիմումին ընկերությունն արձագանքում է՝ ելներով նման բնույթի դիմումների հերթականությունից»,- նշված է հարցման պատասխանում:

«Վեոլիա ջուր» ընկերության պատասխանից պարզ է դառնում, որ արտահերթ ստուգաչափում իրականացվում է տասն օրվա ընթացքում, բայց թե ինչու Դովլաթյանների դեպքը չի գրանցվել որպես արտահերթ ստուգաչափում, որեւէ պարզաբանում չի ներկայացվել։ Այնինչ, մեր հարցման մեջ հստակ ներկայացված էր դեպքը։ Իսկ Դովլաթյանները պնդում են, որ ջրաչափի պոկվելուց հետո անմիջապես տեղեկացրել են «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցներին։

Ջրաչափի խափանման պատճառի հայտնաբերման մասին նշվում է, որ այն կատարվում է Չափագիտության ազգային ինստիտուտի մասնագետների կողմից։ Ռուզաննա Դովլաթյանին ուղարկված ծանուցման մեջ նշված է, որ տեղի է ունեցել առեւտրային հաշվառքի սարքի խախտում արտաքին միջամտության պատճառով, եւ միացման օղակը կոտրված է։

Ըստ ծանուցման մեջ ներկայացված բանաձեւի՝ բնակիչը պարտավոր է վճարել ոչ թե կոտրված, վնասված ջրաչափի գումարը, այլ ջրի հնարավոր ծախսի գումարը՝ ըստ օրերի եւ թողունակության։

««Վեոլիա ջուր» ՓԲԸ գործունեության հանրային վերահսկողության նախաձեռնության» հիմնադիրներից Դավիթ Գասպարյանը «Հետքի» հետ զրույցում եւս պնդում է, որ բնակիչներին տուգանում ենոչ թե միջամտելու համար, այլ կատարվում է հաշվարկ, թե քանի օր ես ջուր օգտագործել ջրաչափի վնասվելուց հետո, եւ ինչպիսին է եղել ջրի թողունակությունը։

Իսկ «Վեոլիա ջուր» ընկերությանն ուղղված մեր այն հարցին՝ հնարավոր չէ՞ր տուգանել ջրաչափի խափանման համար, ոչ թե ջրի ենթադրյալ թողունակության, ընկերությունը պատասխանել է. «Բաժանորդի սպառած ջրի վերահաշվարկի /և ոչ տուգանքի/ հարցը կարգավորվում է «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման» որոշմամբ»։

Փոփոխության մասին որեւէ պարզաբանում չի նշել։

 

Լուսանկարը՝ «Չափագիտության ազգային ինստիտուտ»-ի ֆեյսբուքյան էջի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter