
Ովքե՞ր են նրանք. մուսուլման հայախոս համշենցիները (մաս 2)
Բաշոբա Başoba (հին անունը` Խիգոբա-Khigoba)
Գյուղի միջի զառիվերով մեքենան բարձրանալիս Հարունը արգելակեց ու ճամփից վերցրեց Մեհմեդին, նամազից էր գալիս: «Ըհը, ազնիվ մարդ է, բայց մզկիթ կգնա աղոթելու»,-ասում է Հարունը: Մեհմեդ Քյարագյոզը ձայն չհանեց ու չարդարացավ, բայց երբ իմացավ, որ Հայաստանից ենք, միանգամից հիշեց բանակի ընկերոջը.
«Ծառայում էի բանակում, մի անգամ հանկարծ բերանիցս մեր լեզվով բառ դուրս թռավ, սերժանտը ասեց`էլի խոսա, խոսեցի, ասեց` դու իմ ախպարն ես: Զարմացել մնացել էի, ես մինչ դա չգիտեի ինչ է հայը, որ էս լեզուն, որով խոսում ենք հայերենն է: Ինքը Ստամբուլից էր` Քեմալ Չաքըզի ( հայերը բանակում ծառայելիս անունը փոխում են, որ որպես հայ խնդիր չունենան): Մինչև ծառայության վերջ ընկերներ մնացինք, ծառայությունից հետո էլ կապը պահում էինք»:
![]() |
Բաշոբայում. զառիվեր ձգվող ճոպաններով ապրանք են իջեցնում, այժմ ձմեռվա ցախը |
Բաշոբան Աքսուների գյուղն է, Ջեմիլն ու Հարունն էլ ծնվել են այստեղ, նրանց պապերը եղբայրներ են եղել: Կարծիք կա, որ հոփա-համշենցիները սկզբում եկել են Բաշոբա, ապա այստեղից տարածվել մյուս գյուղերը: Հիմա այստեղ մոտ 2000 բնակիչ կա, 250 տուն, 600 ընտրող` բոլորը համշենցի: Հարունենց տունը գյուղի ամենահին տներից է` փայտաշեն, 160 տարեկան:
Մեհմեդի կամ ինչպես իրենք ասում են Մուխիի աշխատանքային կենսագրությունը ներառում է համշենցիների գլխավոր արհեստները` սկզբից «հոյիվ» է եղել, հետո հացթուխ, ապա աշխատել թեյի գործարանում, պակասում է վարորդությունը:
Մեզ դիմավորում է Սևիմը` Մուխիի կինը, ինչպես յուրաքանչյուր համշենական տուն, մտնելիս կոշիկները հանում ենք ու քայլում գորգերի վրայով (կոշիկները հանելու սովորությունը ամբողջ Թուրքիայում է ընդունված: Հայաստանում էլ 70-ականներին կային տներ, ուր ոտք էիր դնում չստերը դնում էին առաջդ, որպես ակնարկ, որ կոշիկները հանես: Մեր տուն, որ հյուր էր գալիս, հենց կոշիկը ուզում էր հանել, մամաս չէր թողնում` չէ, չէ մի հանի: Հետզհետե կոշիկ հանելը վերացավ):
Սևիմը երգում է մեկ Համշենի բարբառով.
Մաա աղաքաք մաա / Մա՛յր մտիր, արեգակ, մա՛յր մտիր,
Գունգի մի ձովուն վաան / Մի՛ կանգնի ծովի վրա,
Յեսա հեդեթ էգողում / Ես էլ հետդ եմ գալու
Գունգաձիմ ղարբիս վաան / Կանգնելու եմ խոսքիս վրա
Մեկ էլ համշենական տարածված «անդեր» խաղիկները, որոնց մեջ խառն են թուքրերեն ու հայերեն քառատողերը, բայց երկու լեզվում էլ կրկնվում է` անդեր(անտեր) հայերեն բառը.
Dere derunliğule ander / Առուն իր խորությամբ է, անտեր,
Irmak serunluğile ander / Գետն իր զովությամբ է, անտեր,
Yürüdün mü sevduğum ander/ Դու քայլեցի՞ր իմ սիրած, անտեր,
Sabah serunluğile ander / Առավոտյան զովությամբ, անտեր,
Քա աշունը քաանա անդեր / Աղջի՛, երբ աշունը գա, անդեր,
Դոնդեցան խավող քաղա անդեր / Տանձենուց խաղող քաղիր, անտեր,
Դա ես քեզի առնող չիմ անդեր / Տղա՛, ես քեզ չեմ առնի, անտեր,
Իսթերսին վեր-վեր խաղա անտեր / Եթե կուզես վեր-վեր խաղա, անտեր
Անահիտը իր պրոֆեսիոնալ ապարատով, ես իմ ֆլիպով նկարահանում ենք համշեներեն երգերը, իսկ հարսը թեյ է մատուցում, թեյ, թեյ, թեյ: Ի՞նչ են ամենաշատ սիրում թուրքական ծովափին`հաստատ թեյը, խանութ մտնես էրկու րոպե ավել մնաս թեյը դիմացդ է, թեյը մուգ, հաճելիորեն տտիպ:
![]() |
Բաշոբայի հին տներից |
56-ամյա Սևիմն ու 67-ամյա Մուխին հինգ զավակ ունեն` երեք մանչ, երկու աղջիկ: Բոլորը ամուսնացած են հոփա- համշենցիների հետ` մի որդին Չանաքքալեում է՝ Դարդանելի նեղուցի մոտ, երկուսը Հոփայում, աղջիկներից մեկը գյուղում, մյուսը Քեմալփաշայում: Հազվագյուտ երևույթ է, որ համշենցին թրքախոսի հետ ամուսնանա:
«Առաջ անհնար բան էր, որ համշենցին ամուսնանար օտարի հետ, մենք չորս քույր երեք եղբայր էինք, հայրս էլ մեզ գյուղից դուրս չի հանել, բոլորս համշենցու հետ ենք ամուսնացել,-ասում է Սևիմը,- Հիմա փոխվել է, հնարավոր է, որ ամուսնանան»:
«Իսկ եթե քո հարազատը ամուսնանա օտարի հետ, ինչպե՞ս կընդունես»,-հարցնում եմ Սևիմին:
«Նորմալ, եթե սիրում են, թող ամուսնանան»,-պատասխանում է Մուխին:
Սևիմը մեկ էլ սկսեց ընկալել, որ իմ ու Խաչիկի լեզվի մեջ հասկանալի բառեր կան, ինչ-որ մեկը հարցրեց, թե Հայաստանում թեյ աճո՞ւմ է, ես էլ համշեներենին մոտ լեզվով պատասխանեցի` «Չէ, չայ, մենք չունինք» ու Սևիմը էս անգամ սկսեց ծիծաղել. «Մենք չունինք կոսա, դուն ալ համշեն ես»:
«Մուխի, ովքե՞ր են համշենցիները»,-հարցնում եմ:
«Համշենցի լինելը շատ լավ բան է, բայց թուրք լինելն էլ նույնպես լավ է, տարբերություն չկա»:
Ջեմիլը միջամտում է. «Թուրքի արածը մենք էլ չանենք, դպրոցում ստիպում են ասել` ես թուրք եմ, արդար եմ, աշխատասեր եմ, իմ գլխավոր առաքելությունը մեծերին հարգելն է, փոքրերին սիրելը և այլն, և այլն: Մենք չենք ուզում ասել, թե ինչպիսին է համշենցին»:
Հարունն ասում է, որ Մուխիի հայրը համշեներեն չի խոսում գյավուրի լեզու է համարում: Կարո՞ղ ենք հանդիպել, հարցնում եմ: Նա հիմա հիվանդ պառկած է ու չէր ցանկանա օտար մարդ իրեն տեսնի:
Ուրեմն, կհանդիպենք գյուղի մեկ ուրիշ տարեց կրոնականի` Հաջի Սուլեյման Ջինքայային:
![]() |
![]() |
Բաշոբայում | Հաջի Սուլեյման. մենք թուրք ենք |
Տան միակ տղամարդը` Հաջին պառկած է մահճակալին, մնացած բոլորը կանայք մի հանգի գործում են:
«էէէ, կյանքի աստիճաններով բարձրացա հասա գագաթին, հիմա իջնում եմ, չեմ իմանում էս պատմության վերջը ոնց կլինի»,-պառկած տեղից ծանր-ծանր ելնելով ասում է հաջի Սուլեյմանը:
Նրա տարիքը 90-ի ու 100-ի արանքում ինչ-որ տեղ է, ծննդյան թիվը չգիտի, երբ կառավարություն ստեղծվեց (հավանաբար 1923 թ. հանրապետությունը), մի տասը տարեկան կլիներ, եկան հարցրեցին` ե՞րբ ես ծնվել ու հետո ինչ-որ բան գրեցին:
Ժամանակին ոտով էին գնում անապատների միջով, փոթորիկների միջով, բայց հիմա հեշտ է, ավտոբուսով են գնում:Բայց շատ հստակ հիշում է իր կյանքի ամենապայծառ օրերը, երբ ուխտի գնաց Մեքքա ու հաջի դարձավ: Երեսուն տարի առաջ էր, ավտոբուսով գնացին, լիքը լցված էին. «Մեր գյուղից մենակ ես էի, բայց Քեմալփաշայից հինգ հոգի կար, Չաուշլուից էլ մի քանի հոգի, մեկ էլ Կոյունջուից կային (համշենական գյուղեր են): Շատ երջանկացած էի, որ հաջի գնացի»:
Սուլեյմանի պապն էլ ծնվել է Բաշոբայում, իսկ դրանից առաջ ինչ է եղել. Նա պատմում է ինչ- որ կիսաառասպելական Գալաթալը գերդաստանի երեք եղբայրների մասին, ովքեր եկել են և այս գյուղը հիմնել, նրանցից մեկը կոլոտ է եղել անունը դրել են Քոթա, դրա համար էլ իրենց քոթայեցի են ասում (թե ինչ եղբայրներ են և ովքեր են գալաթացիները տեղեկություն չգտա): Ի վերջո, գերդաստանը տրոհվել ու տասը տոհմեր են առաջացել, որոնցից յուրաքանչյուրը մի ջաղաց է ունեցել:
Մենք թուրք ենք
Հաջիի տան ճանապարհին Հարունը ասում էր` հես ա կտեսնեք, կասի, որ համշենցիները թուրքական ժողովուրդ են, եկել են Միջին Ասիայից, էստեղ հայերի հետ շփվել են ու լեզուն սովորել: Ամեն ինչ այդպես էլ եղավ, միայն Սուլեյմանը չէր հիշում, թե «որտեղից են եկել»:
![]() |
Հաջի Սուլեյմանի տանը |
Հաջի Սուլեյմանը, երբ իմացավ, որ Խաչիկը Ստամբուլից հայ է, ձեռքը բռնած ջերմ-ջերմ սկսեց զրուցել` հաաա, Ստամբուլից ես: Չէր էլ նկատում, որ կողքը մեկը ինչ-որ կիսածանոթ լեզվով հարցեր է տալիս, Խաչիկն էլ թարգմանում է: Բայց մեկ էլ ինձ նկատեց ու հարցրեց` որտեղի՞ց ես, ասում եմ` Հայաստանից, Հաջիի դեմքը մի պահ մռայլվեց, հետո շարունակեց նույն ջերմությամբ Խաչիկի հետ խոսել:
«Լավ, համշենցիները ո՞վքեր են, որտեղի՞ց են»,-հարցնում է Հարունը:
Հաջին պատմում է` իրենց երկրում երաշտ է եղել, մարդիկ թողել հեռացել են: Որտե՞ղ էր իրենց երկիրը, հիմա չի հիշում: Եկել հասել են մինչև Արդահան, մի տարածք ամբողջ կանաչ, որ տեսնում են բարեբեր հողեր կան, ասում են մենք գտանք մեր տեղը: Հետո էնտեղից գնացել են Չամլըհեմշին, բայց էնտեղ էլ շատ ձյուն է եղել, ու իջել են դեպի ծով ու հետո ավելի ուշ էկել են էս կողմերը:
![]() |
«Չամլըհեմշինցիք ու դուք նո՞ւյնն եք»:
«Իհարկե, նույն մարդիկ ենք»:
«Իսկ համշեներեն լեզուն որտեղի՞ց է»:
«Մենք բարձունքներում էինք և ոչխար ու այծ էինք արածացնում, իսկ սրանք (ինձ ու Խաչիկին է ցույց տալիս, այսինքն հայերը) սիրում էին ծովափին ապրել, համշենցիները գյուղերում փայտ էին կտրում, հայերն էլ գալիս առնում էին, վաճառականներ էին: Սրանք, շատ արհեստավոր ժողովորւդ էին: Նաև համշենցիները իրենց մոտ աշխատանքի են ընդունվել ու այդպես կամաց-կամաց հայերեն են սովորել: էս լեզուն սրանցից ենք առել, մենք հայ չենք, ուրիշ ժողովուրդ ենք:
«Իսկ մինչև դա ի՞նչ լեզվով եք խոսել»,-հարցնում եմ ես:
«Թե առաջ ի՞նչ ենք խոսել չգիտեմ, մենք ուրիշ ժողովուրդ ենք»:
«Թո՞ւրք»:
Հաջին մի պահ մտածում է ու հետո ոչ շատ վստահ ասում.
«Այո»:
Երբ դուրս էինք գալիս Հաջին երկու ափերը իրար պինդ բռնեց`«ինչ եղել չի եղել մեր երկու ժողովուրդների մեջ նախկինում, մոռանանք, ու հիմա այսպես բարեկամաբար ապրենք»:
***
![]() |
Վարորդ Այթեքին.Ղարաբաղը տվեք, իրար հետ լավ ապրենք |
«Ես ձեզ մի բան ասեմ, Ղարաբաղը տվեք, իրար հետ լավ ապրենք»,-ասում է Այթեքինը` չրթելով շագանակը, ինչպես Հայաստանում կչրթեին արևածաղկի սերմը: Հոփայում քայլելիս շագանակ վաճառողի սայլի դիմաց մի խումբ մարդիկ նկատելով, որ հայ ենք, մեզ կանգնեցրին: Համշենցի վարորդներ էին, մի քանիսը եղել էին Հայաստանում: Այթեքինն էլ Հայաստան բեռ տեղափոխելու շնորհիվ որոշ չափով հայաստանյան հայերեն է սերտել: Մի կուլյոկ շագանակ էլ ես եմ առնում ու չրթողների շրջանակը լայնանում է:
«Ինչպե՞ս տալ Ղարաբաղը, չէ՞ որ էնտեղ մարդիկ են ապրում»,-ասում եմ ես:
«Չէ, չէ, տվեք, տվեք, էս հարցը փակվի գնա, իրար հետ նորմալ ապրենք»:
«Իսկ դո՞ւ ինչ ազգից ես»:
«Ես թուրք եմ»,-առանց տատանվելու ասում է Այթեքինը:
«Բա էս լեզվով ինչպե՞ս ես խոսում»:
«Դե ժամանակին էստեղ հայեր են եղել, նրանց հետ շփվել ենք, աղջիկ ենք տվել առել, լեզուն սովորել ենք»:
Ընկերը` Ահմեդը սկսեց ծիծաղել.
«Էդ ո՞նց էղավ, մինչև հիմա նորմալ թուրքերեն չսովորեցինք, լազերեն չսովորեցինք, հայերի լեզուն սովորեցինք»(լազերը սևծովյան ժողովուրդ են, որոնց լեզուն մոտ է մենգրելերենին):
Մյուս` երրորդ ընկերն էլ է խառնվում.
«Որովհետև սխալ գիտի, մենք էն գլխից էս լեզվով ենք խոսել, հայերն են մեզնից սովորել էս լեզուն»:
***
![]() |
Համդի. Չէ, մենք հայ չենք, մենք եկել ենք Պարսկաստանի կողմերից |
Նախկին մոլլա Համդի Յըլդըզը փեչի կողքը գետնին նստած բողոքում է, որ բարքերը այլասերվում են, որ հիմա աղջիկները անամոթ են դառել, ու էնպիսի շորեր են հագնում, որ ոտքերն ու ձեռքերը երևում են, կանայք տղամարդկանց հետ գրկված պարում են: Ի՞նչ կա դրա մեջ, հարցնում է Հարունը: Ոնց թե ինչ կա, դա կգայթակղի: Հարունը ասում է` իսկ չի՞ գայթակղի, որ ճկույթ-ճկույթ բռնած են պարում, նկատի ունի համշենցիների շուրջպարը:
Հարսանիքի ենք Քեմալփաշայի մոտ գտնվող Չամուրլու (Çamurlu) գյուղում(հին անունը՝ Չանչաղան Çançağan), Աբդուլա Յըլմազի տանը սպասում ենք հարսին տանելու արարողությանը: Ամբողջ խոսակցությունը թուրքերեն է, ոչ մի համշեներեն բառ ու ես անընդհատ բոթում եմ Խաչիկին` ի՞նչ են խոսում:
«Ի՞նչ կա դրա մեջ, եթե մենք շուրջպար ենք պարում ու քրոջս կամ մեկ ուրիշի հետ մեր մատները հպվում են, դա միայն մեր մտերմությունն է ցույց տալիս և մեր մտքին ուրիշ բան չի կարող լինել»,-ասում է Հարունը:
![]() |
Բաշոբա |
Աբդուլան ինձ տարավ կողքի սենյակ ու մահճակալի տակից հանեց մի գործիք,«ալթուն»,-ժպտալով ասեց: Բան չհասկացա, հետո պիտի իմանայի որ թուրքերեն ալթունը ոսկին է: Սկսեց Համշենի բարբառով բացատրել ու ձեռքի հեռախոսի մեջ ցույց տալ լուսանկարներ`կամուրջ, ինչ-որ ժայռի մեջ անցք, հետո ասեց, որ այնտեղ հսկա կարասներ կան: Ըհը, սկսում եմ հասկանալ, Արտանուճում(եղել է նախկինում հայաբնակ գյուղ) հայերը գանձեր են թաղել, էս գործիքով փնտրել է, չի գտել, գործիքը կես մետրից ներքև ոսկին չի գտնում, ուրեմն անհրաժեշտ է ավելի զգայուն գործիք, կարո՞ղ ես Երևանից բերել երկու մետր խորությամբ ոսկի գտնող գործիք, գնանք Արտանուճ ոսկիները հանենք կիսվենք:
Մարդը լավ բան է առաջարկում, ինչ կա որ, բայց զգացողություն ունեցա, թե դիակապտության մեջ է ուզում ներքաշել, կարծես իմ մտերմի գանձն է ուզում գտնել իմ միջոցով: Բան չեմ ասում, չկպավ, վերադառնում ենք սենյակ:
Խոսակցությունը սահում է դեպի համշենցիների ծագումը. Մինչ մի կողմում Հարունը ու Յըլդըզը կպարզաբանեին, թե ովքեր են համշենցիները, Աբդուլան ինձ ասում է. «Շատ կխոսեն` հայ ենք, հայ չենք, բայց մեկ է, ոչ ոք չգիտի: Հայ լինենք չլինենք, էստեղից չենք գնալու»:
«Չէ, մենք հայ չենք, մենք եկել ենք Պարսկաստանի կողմերից, սկզբում սարերում ենք ապրել, հետո իջել ենք էստեղ», ասում է Համդին:
«Իրականում մենք մաքուր թուրք ցեղից ենք,-լրացնում է Համդիին մեկ ուրիշը,-սկզբում երեք եղբայրներ են եղել, նրանցից մեկը հաստատվել է Չամլըհեմշինում, մեկը Հոփայում մեկն էլ Արդաշենում: Իսկ դրանից էլ առաջ Վանի կողմերում ենք ապրել»:
«Իսկ ի՞նչ եղավ, որ սկսեցինք համշեներեն խոսել»,-հարցնում է Հարունը:
«Հայերից աղջիկ ենք առել, հարսներից սովորել ենք հայերեն,-ասում է Համդին:
Մենք ոչ թուրք ենք, ոչ հայ, մենք համշենցի ենք
Հարուն Աքսու. Համշենցիները հայերից են առաջացել, բայց հիմա համշենցի են, երբ մեկը ասում է` համշենցիները հայ են կամ մյուսը ասում է` թուրք են, այս երկու պնդումն էլ համշենցուն հալեցնում են | ![]() |
«Թուրքերենը էս 40 տարի ա ինչ սովորել ենք, դրանից առաջ չգիտեինք, էդ ինչպե՞ս եղավ, որ թուրք ենք, որ թուրքերեն չենք իմացել հայերեն ենք սովորել,-հարցնում է Հարունը, իսկ Համդին ու մյուս մարդը զարմացած լսում են,- անհեթեթ է, որ մի երկու աղջիկ տալ, առնելով ամբողջ ժողովուրդ լեզու փոխի: Այո, մենք հայ չենք, համշենցի ենք, բայց առաջացել ենք հայերից, 400 տարի առաջ մի ազգ ենք եղել»:
Հետո արդեն մեր վերադարձի վերջին օրը Հարունին հարցնում եմ.
Համշենցիները ովքե՞ր են.
«Թե հայ, թե թուրք ազգայնականներին ես ասում եմ, որ մենք` հայերն ու համշենցիները ժամանակին մի ծառ ենք եղել և թուղթ ենք դարձել և այդ թուղթը կարող է վառվի գնա: Համշենցիները հայերից են առաջացել, բայց հիմա համշենցի են, երբ մեկը ասում է` համշենցիները հայ են կամ մյուսը ասում է` թուրք են, այս երկու պնդումն էլ համշենցուն հալեցնում են: Համայնքի, հասարակության վերաբերյալ պատմական տեղեկությունները քանի որ շատ չնչին են կամ համարյա չկան, հետևաբար հատուկ առանձին ինքնություն է առաջացել` համշենցի:
Կա համշենցու երկու տեսակ` քրիստոնյա և մուսուլման, քրիստոնյան ասում է` ես հայ եմ: Իսկ մուսուլմանները իրենք իրենց համշենցի են համարում, ես էլ դա եմ պաշտպանում: Եվ էս թուղթը, այսօր պաշտպանում եմ, որ չվերանա, չեմ ուզում, որ վառվի: Ծառը էդքան վտանգի չի ենթարկված, բայց այս թուղթը վտանգի է ենթարկված, քամի բարձրանա կարող է գնալ ու կորչել: Դեմ չեմ գիտական ուսումնասիրություններին` հայը սա կասի, թուրքը նա կասի, բայց իմ գլխավոր նպատակը մշակույթը պահպանելն է»:
42-ամյա Հարուն Աքսուն հավաքում է համշենցիների երգերը, սովորությունները, բանահյուսությունը, այդ թեմաներով մի շարք հոդվածներ ունի համշենցիների մասին պատմող «Bir Yaşam» հանդեսում:
«Դու քեզ նույնացնում ես նաև թուրքախոս համշենցիների՞ հետ»:
«Այո, Չամլըհեմշինի, Ղրղզստանի, Կրասնոդարի համշենցիների հետ նույնացնում եմ, քանի որ նրանք մեր մոտավոր ազգականներն են, իսկ Աբխազիայի համշենցիների հետ ես չեմ նույնանում, քանի որ մի քանի հարյուր տարի առաջ մենք իրարից բաժանվել ենք, նույն արժեքները չունենք իրանց հետ»:
«Ինչո՞ւ չկա մուսուլման համշենցիների կազմակերպված համագործակցություն»:
«Արդեն մենք չամլըհեմշինցիների հետ ինչքան էլ նույնանանք բավականին հեռացել ենք, վերջիվերջո մի 250 տարի առաջ ենք պոկվել նրանցից»:
Հոյիվները
Հոպայում Հայդե բարի բարմենը ինչ-որ տեղից հանեց կավալը(փողային գործիք) ու տվեց Հարունին:
«Ես ասեմ` թե ով է համշենցին, համշենցին հոյիվ է»,- ասեց Հարունը ու սկսեց նվագել կավալը: Համշենցիների հովվությունից մնացել է միայն երաժշտությունը, որ հիմա գարեջրի ու կաթնագույն անիսոնի օղու ընկերակցությամբ մեզ պատմում է լեռնային կյանքի ու անհետացող հովվերգական ավանդույթների մասին:
Ու նաև շուրջպարը. Հայդեի վերին հարկի սրահում ծխի ու կիսախավարի մեջ ամեն երեկո երիտասարդները գոչյուններով ու համաչափ ոտք առնելով պարում են իրենց պապերի սարերի շուրջպարը`հորոն, կավալի, պարկապզուկի ու կիթառի երաժշտության ուղեկցությամբ:
Համշենցիները հովիվներ են եղել, հովվությունից մնացել է կավալի երաժշտությունը ու յայլաները, ուր ամառները բարձրանում են համշենցիները ոչ այնքան անասուն արածացնելու, որքան ամառվա տոթից պատսպարվելու համար:
Անասնաբուծական մեծ ֆերմաները վերացրին հովիվների փոքր տնտեսությունները, և համշենցիները հոյիվի մահակը փոխարինեցին մեքենայի ղեկով. հանդիպածս տղամարդիկ հիմնականում վարորդներ են: Շատերն էլ սկսեցին զբաղվել թեյի արտադրությամբ:
«Հիմա 20-25 հազար ոչխար ունեցող ֆերմերներ կան, էլ անասնապահություն անելը անիմաստ է»,-ասում է Քայաքոյի բնակիչ Ջեմալ Վայիչը, ով աշխատում է Քեմալփաշայի թեյի ֆաբրիկայում:
Գյուղացիների հիմնական եկամուտը թեյն է, Ջեմալը ասում է, որ տարեկան մոտ 15-20 հազար լիրա(մոտ 10 հազար դոլար) եկամուտ են ունենում:
Ուրբանիզացիան և արդիականացումը 60-ական թվերից գյուղերից համշենցիներին իջեցրեց քաղաքներ` Քեմալփաշա, Հոփա, ապա նաև դեպի մեծ քաղաքներ՝ Ստամբուլ , Անկարա և այլն: Մարդահամարից մարդահամար գյուղերի բնակչությունը նվազում է: Հիմա շատ համշենցիներ երեք բնակավայր ունեն` յայլա, նախկին արոտավայրերը, Քեղ-գյուղ`ծննդավայրը և չարշի կամ ձիափ-ծովափ` այսինքն քաղաք:
Հովվության մասին հիշողությունը դեռ թարմ է մնացել տարեց մարդկանց հիշողություններում, բայց դրանից էն կողմ հիշողությունը ընդհատվում է: Իսկ ինչ էին անում նրանք մինչև Արդվինի սարերում հովվություն անելը և ինչո՞ւ են համշենցիները բուն Համշենից եկել Հոփա, եկել են նո՞ր են մահմեդական դառել, թե՞ արդեն որպես մահմեդական են եկել և ե՞րբ են եկել:
![]() |
![]() |
Թեյի սերմեր հավաքելիս | Հարուն Աքսուենց տան ամբարը |
Հովան Սիմոնյանը գրում է.
Դեռեւս անհայտ է մնում, թե համշենցիները երբ են հայտնվել Հոփայի շրջանում: Նրանք հաստատվել են Համշենից արևելք ընկնող Հոփայի գավառի կենտրոնական մասում և նրա ենթաշրջան Մաքրիալում՝ այժմյան Քեմալփաշայում: Ըստ Թոռլաքյանի, ում գնահատմամբ Համշենի ընդհանուր բնակչության 10-ից 15 տոկոսն է Հոփա գաղթել, վերաբնակեցումը տեղի է ունեցել 17-րդ դարի երկրորդ կեսին: Նույն մոտավոր թվականն է տվել Մինաս Գասապյանը(Բարունակ Թոռլաքյան, «Դրվագներ համշենահայերի պատմությունից»1981թ.):
Երկրորդ եւ ավելի բարդ հարցը, թե արդյոք այդ մարդիկ Հոփա հաստատվելու ժամանակ իսլամն արդեն ընդունել էին, թե դեռևս քրիստոնյա էին: Գրավոր և բանավոր աղբյուրները այս հարցին որևէ պատասխան չեն տալիս:Ռուսական աղբյուրները մատնանշում են ավելի ուշ ժամանակաշրջան՝ 1780 թ. ըստ Լեվաշովի, իսկ Ե. Կ. Լիուզենի համաձայն՝ 19-րդ դարի սկզբին, ով 1905 թ համշենցի տարեց մի կնոջից լսել է, որ նրա նախնիները Մաքրիալի շրջան են եկել մեկ դար առաջ ( Ն. Ն. Լեվաշով «Զամետկա օ պոգրանինոյ լինի ի զոնե նա ռաստոյանիի օտ բերեգա Չերնոգո մորյա դո գորոդա Արդվին» 1880 թիֆլիս):
Վերջերս Թուրքիայում հրապարակված մի ուսումնասիրություն արմատական մի նոր վարկած է առաջ քաշում համշենցիների դեպի Հոփա գաղթի և կրոնափոխ լինելու ժամանակաշրջանի մասին: Ըստ հեղինակի՝ Ալի Գյունդյուզի, գաղթը տեղի է ունեցել տասնվեցերորդ դարի սկզբին, օսմանյան Սուլթան Սելիմ Ա-ի օրոք:
Համշենցիները, որոնք դեռ քրիստոնյա էին, որպես հողատերեր (թիմարի տեր, ավատատեր) հաստավել են այս սահմանամերձ շրջանում, այն պաշտպանելու համար վրացի և աբխազ ծովահեններից: Կրոնափոխությունը տեղի է ունեցել 200 տարի անց՝ 18-րդ դարի սկզբին: Ali Gündüz, Hemşinliler: Dil – Tarih – Kültür (Ankara: Ardanuç Kültür Yardımlaşma Derneği, 2002)
![]() |
Չամուռլու |
Այնուամենայնիվ, մի կողմ թողնելով այն, որ հեղինակը չի կարողանում բերել որեւէ ապացույց, հիմնավորելու իր պնդումները, ինքնին հետքրքրական այս տեսությունը մի շարք խնդիրներ է առաջացնում: Առաջինն այն է, որ, բացառությամբ այժմ անհետացած Փոքր Համշեն կոչվող մի գյուղակի՝ Հոփայում և Մաքրիալում հայերեն այլ տեղանուններ չկան: Բացառապես լազական եւ թուրքական տեղանունների առկայությունը նշանակում է, որ վերաբնակեցումը համեմատաբար վերջերս է տեղի ունեցել:
Երկրորդը` ի տարբերություն իրենց լազ և մասնավորապես աջար հարեւանների, որոնց ռազմատենչ բնույթը շատ լավ լուսաբանված է, քիչ բան է հայտնի Հոփա համշենցիների ռազմական ավանդույթների մասին: Եթե իսկապես համշենցի հողատերեր գոյություն ունեցած լինեին նրանք հավանաբար դերեբեյների (հովտի տերեր) վերածված կլինեին, ինչպես Պոնտոսի այլ վայրերի բնակիչների մեջ եղավ 17-րդ դարի վերջում՝ կենտրոնական իշխանությունների թուլացումից հետո: Սակայն դերեբեյների կամ աղաների գոյության մասին երբեք խոսք չի եղել Հոփայում, որտեղ համշենցիները համեմատաբար աղքատ են եղել ու շատ հողեր չեն ունեցել: 20-րդ դարի սկզբին լույս տեսած մի հոդվածում նրանք նկարագրված են որպես լազերի հողատարածքները մշակողներ:
Ինչպես նշվում է տասնիններորդ դարի ռուս և այլ եւրոպացի ճանապարհորդների զեկույցներում, հոփա- համշենցիները հայտնի են եղել ոչ թե որպես հարուստ հողատերեր, այլ որպես գլխավորաբար արոտավայրերում անասնապահությամբ զբաղվող մարդիկ: Ամռանը, նրանք իրենց հոտերը տանում էին Շավշատի շրջանում գտնվող յայլաները՝ գյուղերից բավականին հեռու: Տղամարդիկ աջարների նման գլխներին չալմա էին փաթաթում, իսկ կանայք քրդերի նման էին հագնվում: .Ըստ Լիուզենի, ամբողջ Արդվինի շրջանում նրանց քրդի տեղ էին դնում իրենց ապրելակերպի պատճառով, իսկ մարդիկ զարմանում էին, երբ իմանում էին, որ հայերեն են խոսում (Liuzen, “Bereg Russkago Lazistana”): Ըստ 1888-ին հրապարակված մի հոդվածի, Հոփա Համշենը բաղկացած էր 600 տնից, որից 423 ընտանիք Թուրքիայում, իսկ 177 Ռուսաստանում – համեմատության համար ասենք, որ բուն Համշենի (Բաշ Հեմշին) ծխերի քանակը շուրջ 2200 էր:
![]() |
Հոփա, շագանակ վաճառող |
Հավանական է, որ յայլաներում անասնապահությամբ զբաղվելու այս մարգինալ գոյությունն է ապահովել Հոփա/Մաքրիալի շրջանում հայերենի հարատեւումը: Հոփա-համշենցիները այնքան կարեւոր չէին, որ մտահոգություն պատճառեին, եւ անշուշտ արժանի չէին կառավարության նման ճնշման, ինչպիսին եղել էր Կարա դերեում՝ թուրքական դպրոցների բացումով և մոլլաների միսիոներական գործունեությամբ, որն էլ նպաստել էր հայերենի վերացմանը: Բացի այդ, նահանգային աշխարհիկ եւ կրոնական իշխանությունները, ինչպես նաեւ ռուս պաշտոնյաներն ավելի ուշ ժամանակներում, կարող է պարզապես չեն իմացել կամ նույնիսկ չեն էլ կասկածել, որ մահմեդական այս փոքր համայնքը իրականում հայախոս է: Հայերենի պահպանման հնարավոր երկրորդ պատճառը հոփա-համշենցիների մոտ տնտեսական արտագաղթի բացակայությունն է: Ի տարբերություն իրենց բաշ- հեմշինցի (այսինքն՝ բուն համշենցի) հայրենակիցների, նրանք տնտեսապես շարժունակ չեն եղել:
1877-78թթ ռուս-թուրքական պատերազմից հետո ցարական Ռուսաստանի տիրապետության տակ անցան Մաքրիալի (Քեմալփաշա) մոտակայքում գտնվող մոտ 200 հոփա-համշենական տներ: 1480-ականներից ի վեր, առաջին անգամն էր, որ համշենցի հայերը հայտնվել էին քրիստոնյա մի երկրի տիրապետության տակ: Սակայն հետագա տարիներին համշենցիները իրենց նախկին կրոնին վերադառնալու փորձեր չարեցին: Սա գուցե և բացատրվում է նրանով, որ նրանք բավականին վաղուց էին կրոնափոխվել:
Նույնքան հետաքրքիր է քննել այդ ժամանակաշրջանում հայ եկեղեցու և հայ հասարակության վերաբերմունքը իսլամացած հայերի նկատմամբ: 1887-ին, Թիֆլիսում հայերեն հրատարակվող «Մշակ» թերթում հայտնի հրապարակախոս Գրիգոր Արծրունին իր խմբագրականում խստորեն քննադատել էր հայ եկեղեցու իշխանավորներին իսլամացած հայերի նկատմամբ իրենց անուշադրության և անտարբերության համար: Սակայն այդ պահանջները ոչ ոք չլսեց և հայ եկեղեցին ոչ մի ջանք չթափեց հոգեորսություն իրականացնելու հայկական ծագումով մուսուլմանների մոտ[1]:
Արևմտահայաստանի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը ինձ ասեց, որ Ռուսաստանի կազմի մեջ գտնվելու հանգամանքով է պայմանավորած, որ հոփա-համշենցիները պահել են իրենց բարբառը:
շարունակելի
Լուսանկարները` Անահիտ Հայրապետյանի
Ուսումնասիրությանը մասնակցեց Խաչատուր Տերտերյանը
[1] “The Hemshin. History, society, and identity in the Highlands of Northeast Turkey”, Edited by Hovann H. Simonian, Routledge, London and New York, 2007.
Մեկնաբանություններ (15)
Մեկնաբանել