HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գլխավոր դատախազը` Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի, Միքայել Մինասյանի, Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ գործերի մասին

«Այս պահին մենք տարբեր նախաքննական մարմինների վարույթում մի քանի քրեական գործեր ունենք՝ նախադեպը չունեցող քննության ծավալներով»,- այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Վերջինս նշեց, որ քննվող քրեական գործերում առկա նախնական տեղեկությունների, փաստական տվյալների վերլուծությունը վկայում է որոշ սուբյեկտների կողմից տևական ժամանակ՝ 10- 15 տարի թաքցված և արտոնյալ տնտեսական գործունեություն իրականացնելու վերաբերյալ։

«Այդ տնտեսական գործունեությունը հաճախ իրականացվել է ֆորմալ առումով շուրջ 100 սուբյեկտների կողմից»,- ասաց դատախազը՝ նշելով, որ ձեռք բերված  որոշակի օպերատիվ տեղեկությունների և փաստական տվյալների վերլուծությունը վկայում է այդ ամբողջ գործունեությունը մեկ-երկու կենտրոնից ղեկավարված լինելու մասին։

«Սխեման այնպիսին է, որ այդ գործունեության հատկապես արտոնյալ հատվածը այլ կերպ, քան կազմակերպված եղանակով չէր կարող իրականացվել»,- ասաց դատախազը՝ բացատրելով, որ այս հարյուրավոր կազմակերպությունների գործունեությունը, դրանց գումարների շարժերն առերևույթ կազմակերպվել է այն եղանակով, որ մի օր դրա բացահայտման համար լրջագույն խոչընդոտներ ստեղծվեն։ Դատախազը նշեց, որ այժմ լուրջ աշխատանք է իրականացվում նաև միջազգային համագործակցության ոլորտում։

«Որ փուլում առերևույթ հանցագործության վերաբերյալ բավարար ապացուցողական բազա կհավաքվի, այդ փուլում կսկսվեն հետապնդումներ»,- ասաց գլխավոր դատախազը՝ նշելով, որ այն գործերով, որոնցով արդեն քրեական հետապնդումներ կան, ձեռք է բերվել իր նշած բավարար ապացուցողական բազան՝ կոնկրետ դրվագների վերաբերյալ։

«Խոսքն, օրինակ, ըստ Արթուր Դավթյանի, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի, Վատիկանում Հայաստանի արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդման մասին է։

Ավելի ուշ լրագրողները նորից անդրադարձան այս հարցին՝ փորձելով ճշտել, թե արդյոք այս պահին կա՞ն լրջագույն խոչընդոտներ՝ ճեպազրույցի սկզբում նշված քրեական գործերով բացահայտումներ անելու համար։

«Իմ ասած «խոչընդոտ» բառի իմաստը հետևյալն էր։ Դիցուք, մտացածին պատկերացնենք, որ հանցագործություն ես իրականացնում, պլանավորում, իրականացնում ես, կոպիտ ասած, հետևիցդ հետքերը դիտելով, և եթե հետևիցդ եկողը հետքերը կտեսնի, փորձում ես թաքցնել, կորցնել դրանք։ Իրավապահներիս պարտքն է, որքան էլ թաքցված, կորցված լինեն այդ հետքերն, անել այնպես, որ հնարավոր լինի հետքերը բացել»,- ասաց Արթուր Դավթյանը՝ նշելով, որ քննվող մի քանի գործերով շրջանառվող գումարի չափը հարյուր միլիոնավոր դոլարների մասին է։

Լրագրողները նշեցին, որ հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանը պարբերաբար հրապարակումներ է կատարում «Ֆեյսբուք» սոցիալական կայքում։

«Մարդը կարող է անել հրապարակումներ, բայց իր տեղը հնարավոր չլինի հայտնաբերել»,- ասաց Արթուր Դավթյանը՝ հավելելով, որ այս պահին իրավապահները միայն տվյալ ունեն այն մասին, որ Միքայել Մինասյանը Հայաստանում չի գտնվում, նրա նկատմամբ հայտարարված հետախուզումը պետք է իրականացվի գործընկեր երկրների իրավապահ մարմինների կողմից։

Անդրադառնալով Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանի միջև երեկ տեղի ունեցած միջադեպին՝ դատախազը նշեց, որ հանձնարարել է գործի նյութերը ուղարկել Հատուկ քննչական ծառայություն, դրա դատավարական հետագա ընթացքը կտրվի ՀՔԾ-ի կողմից։ Դատախազը նշեց, որ այս պահին դեպքի առթիվ քրեական գործ հարուցված չէ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter