
Մարիամ Սուխուդյան. «Մի քանի օրում եթե այս անօրինական կրպակները չապամոնտաժվեն, մենք ենք դա անելու մեր ուժերով» (վիդեո)
Երևանը նման Մարտի 8 չէր տեսել: Մաշտոցի այգի հրավիրված բազմաթիվ կանայք, անկախ նրանից, թե որքանով էին նախորդ շաբաթներին մասնակցել այգու պաշտպանությանը, անմասն չմնացին ինքնաբուխ միջոցառումներից:
Տղամարդկանց զատել իրենցից, դեմ գնալ պատնեշներին ու ոստիկանությանը և միաժամանակ կարգապահ լինել. հայուհու նոր տեսակն էր այսօր Մաշտոցի պուրակում: Արդյունքում թմբուկ-ծնծղայով ու ավանդական յարխուշտայով տոնվեց հանրային տարածքների պատնեշաթափումը:
Այսուհետ Մաշտոցի պուրակի պահապաններն իրականացնելու են «հանրային անկախ ու արդար դատավարություններ», իսկ կիսակառույց տաղավարները գտնվում են կալանքի տակ:
Ակտիվիստ կանայք ու աղջիկները վստահեցնում են` արդեն 27 օր հանրության` անտարբերության մատնված ձայնը չի լռելու: Այգին պահպանվելու է նստացույցերի ու զանազան միջոցառումների շնորհիվ, իսկ տոներից հետո, երկրորդ աշխատանքային օրը քաղաքապետարանից արձագանք չստանալու դեպքում բնապահպան կանայք կհայտարարեն շուրջօրյա նստացույց:
«Մենք պատրաստ ենք այգում շուրջօրյա հերթապահել, սակայն մի քանի օրում եթե այս անօրինական կրպակները չապամոնտաժվեն, մենք ենք դա անելու մեր ուժերով»,-կանանց յուրատեսակ տոնի ավարտին հայտարարեց Մարիամ Սուխուդյանը:
Կոչ և հայտարարություն ՀՀ քաղաքացիական պետության բոլոր քաղաքացիներին և բնակիչներին (Երևան, 8 մարտի, 2012)
Կրկին և լիարժեք կերպով տերը դառնալով մեր հանրային տարածքին և սեփականությանը և գործելով հանուն հանրային շահի, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությունը և մասնավորապես երկրորդ հոդվածը, այն է` Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ.
արդեն 27 օր է, ինչ մենք` ՀՀ քաղաքացիներս ու բնակիչներս, կենսագործում ենք մեր Սահմանադրական իրավունքներն ու պարտականությունները և լինելով այս հանրային տարածքի ու սեփականության տերը, մեր քաղաքի և պետության տերը` պահանջել ենք մեր ծառայողներից` քաղաքային և այլ մարմինների ներկայացուցիչներից, կատարել իրենց սահմանդրական գործառույթներն ու պարտականությունները, որի համար էլ վճարվում են հանրության կողմից: Մեր հստակ ու օրինական պահանջին նրանք արդեն ինչքան ժամանակ է որևէ հստակ և իրավական պատասխան չեն տալիս, այլ խուսափում են, փորձում են խճճել կամ երկարաձգել գործընթացը: Փաստելով նրանց անգործությունը` մենք կյանքի ենք կոչում «Քաղաքացիական անկախ ու արդար դատարան», որը կոչված է քննելու հանրային ունեցվածքի ու ազգային հարստության զավթման, կողոպտման, մասնավորեցման հիմնախնդիրը մեր պետությունում: Քաղաքացիական անկախ և արդար դատարանի գործընթացների հիմքում դրվելու են ՀՀ սահմանադրական իրավունքները, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Բոլոր դատավարությունները լինելու են թափանցիկ, բաց և հրապարակային: Կատարվելու է օնլայն հեռարձակում: Բոլորի մուտքն ազատ է ու մասնակցությունը` խրախուսելի: Դատական առաջին նիստի ժամանակ կներկայացվի դատավարության ընթացակարգը և պատիժները: Դատարանի ընդունած որոշումներն անբեկանելի են ու ենթակա են անհապաղ իրականացաման:
Բոլոր քաղաքացիներն ու բնակիչները, կազմակերպությունները, միությունները և այլ տեսակի կառույցները, որոնց հանրային սեփականությունը կամ ունեցվածքը խլվել կամ կողոպտվել է, կարող են դիմել Քաղաքացիական անկախ ու արդար դատարանին այստեղ` Մաշտոցի պուրակում, տրամադրել տեղեկատվությունը և հայց ներկայացնել դատարան գործը քննելու համար: Բոլոր այն քաղաքացիները, բնակիչները, որոնց մասնավոր սեփականությունը խլվել է «հանրային շահի համար» նույնպես կարող են դիմել մեզ` արդարացի, ժողովրդական և անկախ որոշում ստանալու համար: Կոչ ենք անում բոլոր գյուղերի, քաղաքների, մարզերի քաղաքացիաներին ու բնակիչներին` Քաջարանից մինչև Թեղուտ, Մաշտոցի պուրակից մինչև Դալմայի այգիներ, միանալ մեր քաղաքացիական անկախ ու արդար հրապարակային դատավարություններին` իրենց իրավունքների և մեր բոլորիս քաղաքացիական պետության կերտմանն ի խնդիր:
Քաղաքացիական անկախ ու արդար դատարանի առաջին հրապարակային դատական նիստը տեղի կունենա մարտի 13-ին` ժամը 13.00-ին, Երևանի Մաշտոցի պուրակում: Առաջին գործը Մաշտոցի պուրակի հանրային տարածքի ու սեփականության պաշտպանության դատն է, որտեղ հանրությունը հադես է գալու ընդդեմ քաղաքային իշխանությունների:
Մինչ վճռի հրապարակումը, դատարանի որոշումով, Մաշտոցի պուրակի գույքը կալանքի տակ է առնվում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել