HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Մայիսի 4-ից մի շարք բիզնեսներ կսկսեն աշխատել. տեղաշարժման թերթիկի կարիք չի լինելու

Մայիսի 4-ից տեղաշարժման սահմանափակումները հանվում են, սակայն հանրային տրանսպորտն առայժմ չի գործելու։

Հայաստանի կառավարությունը որոշում է  կայացրել գալիք երկուշաբթի օրվանից՝ մայիսից 4-ից, վերացնել տնտեսական գործունեության մի շարք տեսակների սահմանափակումները։ 

Ինչպես այսօր մամուլի ասուլիսին ներկայացրեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, կսկսեն աշխատել մշակող արդյունաբերության բոլոր տեսակներով զբաղվող արտադրամասերը, անհատական ծառայությունների կազմակերպողները՝ գեղեցկության սրահները, լվացման, մաքրման աշխատանք իրականացնող ընկերությունները և այլ։

«Միայն մոլերն ու հանրախանութներն են փակ լինելու։ Որոշ գործունեության տեսակներ էլ սահմանափակումներով կգործեն։  Հանրային սննդի կազմակերպման ոլորտում կգործեն այն սուբյեկտները, որոնք կունենան բացօթյա տարածք»,- ասաց Վարոս Սիմոնյանը ։ 

Ըստ նրա՝ կլինեն սանիտարահիգիենիկ կանոններ սահմանող հատուկ ուղեցույցներ տարբեր ոլորտների համար, որոնցով պետք է առաջնորդվեն տնտեսվարողներն համավարակի այս օրերին։ Դրանք ենթադրում են անհատական, սոցիալական և բիզնես պատասխանատվություն։ Այս ուղեցույցները հրապարակվելու է կառավարության պաշտոնական կայքում, տնտեսվարողները կիրազեկվեն նաև պետական այլ պատասխանատու գերատեսչությունների միջոցով։ 

Հարցին, թե ի՞նչ է սպասվում այն տնտեսվարողներին, որոնք կխախտեն այդ կանոնները, Վարոս Սիմոնյանը հստակ պատասխան չտվեց։ Միայն նշեց, որ խիստ վերահսկողություն է լինելու.

«Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կանոնների պահպանմանը հետևելու է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ինչպես նաև այն գերատեսչությունները, որոնք թե՛ որոշակի պարտավորություններ ունեն բիզնեսի նկատմամբ, թե՛ վերահսկողության գործառույթ։ Սահմանափակումների թուլացումից հետո կանոնների պահպանմանը շատ ավելի խիստ ենք հետևելու։ Մենք գնում են ռեժիմի թուլացմանը, բայց դա չի ենթադրում, որ փորձում ենք աջակցել համավարակի տարածմանը։ Մենք ստիպված սահմանափակել ենք տնտեսական գործունեությունները, որը միայն ուղղված էր համավարակի տարածման կանխարգելմանը և ռիսկի աստիճանի նվազեցմանը։ Երբ մենք գնում են թուլացմանը, մենք ավելի ենք ուժեղացնում վերահսկողությունը։ Հստակ կանոններ են սահմանված։ Օրինակ՝ փակ տարածքներում արդյունաբերական գործունեություն ծավալելու նպատակով յուրաքանչյուր տնտեսվարող պետք է նշանակի պատասխանատու, որը լինելու է կորոնավիրուսի համավարակի տարածման հետ կապված բոլոր խնդիրների համար պատասխանատուն»։

Վարոս Սիմոնյանի խոսքով՝ սպորտային օբյեկտների գործունեությունը բացառապես կթույլատրվի պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ սպորտային միջոցառումների անցկացման համար, սպորտային ակումբների գործունեությունը ևս կթույլատրվի միայն մարզիկների համար:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել։  Կառավարությունը ապրիլի 11-ին որոշում կայացրեց երկարաձգել արտակարգ դրությունը մինչև մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ։

Այս ընթացքում տնտեսական գործունեության բազմաթիվ սահմանափակումներ հայտարարվեցին, որոնց մի մասն արդեն աստիճանաբար հանվում են։

Երկուշաբթի օրվանից տեղաշարժման թերթիկի կարիք չի լինելու, բայց հանրային տրանսպորտը չի գործելու

Մայիսի 4-ից քաղաքացիներից այլևս չի պահանջվի տնից դուրս գալիս ունենալ տեղաշարժման թերթիկ։ Ըստ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի՝ քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումները ամբողջությամբ վերացվում են։ 

Հարցին, թե սահմանափակումների վերացմանը զուգահեռ ինչպե՞ս են տեղաշարժվելու քաղաքացիները, ե՞րբ է գործելու հանրային տրանսպորտը, Վարոս Սիմոնյանը պատասխանեց, որ այն առայժմ չի գործելու՝ հաշվի առնելով, որ վարակի տարածման տեսանկյունից հանրային տրանսպորտի գործունեությունը բարձր ռիսկային է։ 

«Երբ որոշում կայացվի վերացնել նաև հանրային տրանսպորտի արգելքը, զուգահեռ կներկայացվի նաև հանրային տրանսպորտից շահագործման ուղեցույց, որը թույլ կտա ճիշտ ձևով շահագործել այն և ապահովել հնարավորինս անվտանգ երթևեկություն՝ կապված համավարակի տարածման հետ»,- նշեց Վարոս Սիմոնյանը։

Ըստ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի՝ հնարավոր չէ հստակ ասել, թե առաջիկայում կորոնավիրուսի վարակաման ինչ տեմպեր կգրանցվեն սահմանափակումների թուլացումից հետո։ Ներկայում ամբողջ աշխարհի գիտական հանրությունն աշխատում է այս հիվանդության տարածման կանխարգելման ու բուժման մանրամասները բացահայտելու ուղղությամբ։ Նախարարի տեղակալը վստահեցնում է, որ ինչպես ներկայում, այնպես էլ սահմանափակումների թուլացումից հետո իրավիճակը քննարկելու է մյուս նախարարությունների, գերատեսչությունների հետ, որը թույլ է տալիս համապատասխան քայլեր ձեռնարկել։

Հիշեցնենք, որ մայիսի 1-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 2148-ի, ինչը նախորդ օրվա համեմատ աճել է 82-ով։ Այս մասին հաղորդել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կետնրոնը։ 

Այս պահի դրությամբ առողջացածների ընդհանուր թիվը 977 է։ Փաստացի բուժում է ստանում 1136 պացիենտ։ Մահվան ելքով դեպքերի թիվը կազմել է 33-ի։ 

Նշենք նաև, որ ապրիլի 29-ին առողջապահության նախարարությունը պարզաբանել էր, որ արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Լուսանկարի կենտրոնում՝ Վարոս Սիմոնյանը, աջից Լենա Նանուշյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter