
Կորոնավիրուսը մշակվել է Ուհանի վիրուսաբանության ինստիտուտում․ Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեսել է այն ապացույցները, որ կորոնավիրուսը մշակվել է Ուհանի վիրուսաբանության ինստիտուտում։ Այդ մասին գրում է «BBC»-ն։ Սպիտակ տանը կայացած մամլո ասուլիսի ժամանակ նա հայտարարել է, որ Չինաստանի իշխանությունները կամ չեն կարողացել կանգնեցնել վիրուսի տարածումը, կամ էլ որոշել են, որ կարիք չկա դա անելու։
Լրագրողներից մեկը Թրամփին հարցրել է, թե արդյոք նախագահը տեսել է այն տվյալները, որոնք մեծ հավանականությամբ վկայում են այն մասին, որ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտը կարող է լինել նոր կորոնավիրուսի աղբյուրը։ «Այո՛, ես տեսել եմ, տեսել եմ»,- պատասխանել է Թրամփը։
«Նրանք [Չինաստանը], հնարավոր է, որ սխալ են թույլ տվել կամ էլ ամեն ինչ սկսվել է սխալից, իսկ նրանք արել են ևս մեկ սխալ։ Հնարավոր է, որ ինչ-որ մեկը դա մտածված է արել»,- հավելել է Թրամփը։
Այդուհանդերձ, ԱՄՆ ազգային հետախուզության վարչակազմի տնօրենը, որը համակարգում է ԱՄՆ հետախուզական ծառայությունների գործունեությունը, եկել է այն եզրահանգման, որ կորոնավիրուսը չի ստեղծվել լաբորատորիայում կամ գենետիկորեն չի մոդիֆիկացվել։ Ինչպես պարզ է դառնում հայտարարությունից, հետախուզական ծառայությունները համաձայն են գիտնականների ճնշող մեծամասնության այն տեսակետի հետ, որոնք կարծում են, որ վիրուսն առաջացել է բնական պայմաններում, այնուհետև փոխանցվել մարդուն։
Սա ամերիկյան հատուկ ծառայությունների առաջին պատասխանն է ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Չինաստանում շրջանառվող դավադրության այն տեսություններին, համաձայն որոնց վիրուսը կարող էր արհեստականորեն ստեղծվել չինական լաբորատորիայում և բաց թողնվել բաց աշխարհ։
Լուսանկարը՝ Սպիտակ տան մամլո ծառայության
Մեկնաբանել