Բելառուսը Եվրոպայում կորոնավիրուսի տարածման հիմնական երկրներից մեկն է․ ԱՀԿ
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ Բելառուսում նոր կորոնավիրուսի դեպքերի աճի տեմպն ամենաբարձրերից մեկն էԵվրոպայում։
Այդ մասին «TUT.BY»-ին հայտարարել է Բելառուսում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Բատիր Բերդիկլիչևը։
Նրա խոսքերով՝ երկրում կորոնավիրուսի արագ տարածման առաջնային պատճառներից մեկը «ֆիզիկական հեռավորության ադեկվատ միջոցների» բացակայությունն է: Առանց դրա մոտակա ժամանակներում հնարավոր չէ կոտրել համաճարակի տարածման տեմպերը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տվել Բելառուսին հետաձգել զանգվածային բոլոր միջոցառումները, կանգնեցնել երկրորդական նշանակության բոլոր ձեռնարկությունների և կազմակերպությունների աշխատանքը, ներդնել հեռահար աշխատելաոճը և հեռավար ուսուցման համակարգը, աշխատավայրերում մտցնել սանիտարական խիստ պահանջներ և նվազեցնել քաղաքացիների ոչ կենսական տեղաշարժը։
Մայիսի 1-ի տվյալներով, Բելառուսում գրանցվել է կորոնավիրուսի 14 917 դեպք (890 դեպք 1 օրում)։ Ապաքինվել է 2918 մարդ (532 մարդ 1 օրում), մահացել՝ 93-ը (4 մահվան դեպք 1 օրում)։
Երկրի առողջապահության նախարարությունը համարում է, որ Բելառուսում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը վերահսկելի է և հայտնաբերված դեպքերի թվի աճը բացատրվում է իրականացված թեստերի քանակի մեծացմամբ։ Վերջին տվյալներով, Բելառուսում իրականացվել է 186 262 թեստ։
Բելառուսի իշխանությունները, կորոնավիրուսի պայմաններում, երկրում չեն մտցրել սահմանափակման լուրջ միջոցառումներ։ Այնտեղ գործում են խանութները, դպրոցները, համալսարանները, երկրում ընթանում է ֆուտբոլի ներքին առաջնությունը։ Ավելին, Բելառուսում նախապատրաստվում են մայիսի 9-ի ռազմական շքերթին։
Լուսանկարը՝ «Reuters» գործակալության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել