HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Քննչական մարմիններից, դատախազությունից մեկ քայլ առաջ ինչ-որ պաշտոնատար անձինք գիտեն՝ ի՞նչ է լինելու»,- ասում է Գուրգեն Խաչատրյանի պաշտպանը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, այսօր նշանակված էր ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու Ազգային անվտանգության ծառայության միջնորդության քննությունը, սակայն դատական նիստը հետաձգվեց։ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց, որ գործի նյութերը մեծածավալ են, իրենք դեռևս չեն հասցրել ծանոթանալ դրանց։ Պաշտպանը խոսեց նաև գործի որոշ մանրամասների մասին։

Սարգսյանի խոսքով՝ վաղուց հայտնի փաստերը, որոնք նախկինում հանցագործություն չեն որակվել, այժմ վարույթն իրականացնող մարմնի կողմից որակվել են որպես հանցագործություն։ Պաշտպանը նշեց, որ Գուրգեն Խաչատրյանին նախկինում  առանձնապես խոշոր չափով յուրացմանն օժանդակելու մեղադրանք է առաջադրված եղել, իսկ այժմ նրա մեղադրանքը լրացվել է փողերի լվացման և առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալուն օժանդակելու հոդվածներով։

Ապրիլի 30-ին «Հետք»-ի հետ զրույցում պաշտպանը հայտնել էր, որ Սեդրակ Առուստամյանի և Գուրգեն Խաչատրյանի միջև փոխառության պայմանագիր է կնքված։ Սարգսյանն այսօր հայտնեց, որ գործարքի նպատակը արտերկրում  կոնկրետ գույք ձեռք բերելն է եղել, որը հետագայում ավելի թանկ գնով պետք է վաճառվեր։ Հարցին, թե ի՞նչ գույքի մասին է խոսքը,  պաշտպանը չպատասխանեց՝ նշելով, որ հետագայում կանդրադառնա դրան։

Ապրիլի 28-ին վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, պատասխանելով Գուրգեն Խաչատրյանի տարածած հայտարարությանը, հայտնել է, որ «Գագիկ Խաչատրյանի ընտանիքը ամենատարբեր առիթներով ի պատասխան ՀՀ վարչապետի այն ելույթներին, թե կոռումպացված պաշտոնատար անձանց, այդ թվում Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ նրա ընտանիքի կողմից Հայաստանի պետությունից եւ ժողովրդից թալանվածը կոպեկ առ կոպեկ պետք է վերադարձվի, հայաստանյան տարբեր պաշտոնյաների հետ իրենց նախաձեռնությամբ ունեցած շփումների ընթացքում պատրաստակամություն են հայտնել վերադարձնել իրենց թալանածը եւ վերականգնել պետությանը պատճառված վնասը»։

Պաշտպանն ի պատասխան լրագրողի հարցի, ասաց, որ նման բան չկա։

«Ես նման հայտարարությունները սխալ և անհիմն եմ համարում։ Նայեք ձևակերպումը։ Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է նման բան լինել։ Չկա նման բան։ Կա խնդիր, որի մասին Գուրգեն Խաչատրյանը հայտարարել է»,- ասաց Երեմ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Գուրգեն Խաչատրյանը հայտարարել է այն մասին, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ուղիղ և անուղղակի պահանջ է դրվել իր առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը, որպես պահանջի մաս ներկայացվել է նաև իրենց մյուս կարևոր գործունեության՝ հայկական ՏՏ ոլորտի առաջատար IUnetworks ընկերության օտարումը ևս։ Խաչատրյանի խոսքով՝ իրեն հայտնել են, որ  Ucom-ն օտարելու պահանջին չհամաձայնվելու դեպքում կարճ ժամկետում իրեն մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ և կալանավորելու են, որին հետևելու է նույնաբնույթ գործողությունների իրականցումը եղբոր, ընտանիքի այլ անդամների, ազգականների, մտերիմների, ինչպես նաև իրենց  առնչվող այլ անձանց նկատմամբ։

«Հայտարարությունը եղավ, դրան հերքում չեղավ, եղավ հաստատում։ Ես դա հաստատում եմ համարում՝ խոսնակի մակարդակով, որը խոսեց վարչապետի և կառավարության անունից»,-ասաց Երեմ Սարգսյանը՝ հիշեցնելով, որ վարչապետի խոսանկի հայտարարության մեջ ասվում է այն մասին, որ կառավարության դիրքորոշումն այն է,  որ Ucom-ը կարող է օտարվել միայն  պայմանով, եթե գումարը վճարվի պետբյուջե։

«Սա նշանակում է, որ պետության կողմից մասնավորի բիզնես գործունեությանն ուղիղ միջամտություն կա․  թույլ են տալիս, որ դու բիզես անես միայն այն պայմանով, որ կվաճառես և գումարը պետբյուջե կեբերես»,- ասաց Երեմ Սարգսյանը։

Հարցին՝ փաստացի ստացվում է, որ ԱԱԾ-ում քննվող գործին միջամտե՞լ է կառավարությունը,  թե այնուամենայնիվ, այս խոսակցությունները տեղի են ունեցել ԱԱԾ քննիչի կամ այլ աշխատակցի մակարդակով, Երեմ Սարգսյանը պատասխանեց․

«Եթե մենք նմանատիպ գործերով հայտարարությունները նայենք, ով ուզում է ասի, որ չենք միջամտում, դա ճիշտ չէ, որովհետև միջամտություններն առավել քան ակնհայտ են։ Մենք ի՞նչ ենք տեսնում․ հայտարարություն կա, միանգամից իրականություն է դարձվում։ Այսինքն՝ քննչական մարմիններից, դատախազությունից մեկ քայլ առաջ ինչ-որ պաշտոնատար անձինք գիտեն՝ ի՞նչ է լինելու։ Գնում, նախօրոք հարցնում են՝ անե՞նք, հա՞։  Պետք է հակառակը լինի․ քննչական մարմինը գործողություն կատարի, դրանից հետո, եթե պաշտոնատար անձը ցանկանում է մեկնաբանել, կարող է ֆիքսել, որ նման մեղադրանք կա՝ առանց ավելորդ ձևակերպումների, հաստատումների, որի վերաբերյալ կարող է ինչ- որ դիրքորոշում արտահայտել, այն էլ շատ զգույշ»,- ասաց Երեմ Սարգսյանը։

Մեկնաբանություններ (1)

Դավիթ
Հարգում եմ,Ձեր վճարված լինելը,բայց Դուք դեռ ժամանակ ունեք ուղղվելու հանուն ,,հետք,, ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter